«Վկա լինելը պարգև է, որին մենք արժանի չենք, սակայն չենք կարող նահանջել կամ մերժել այս մեկը՝ մեր անկարող լինելու պատրվակով»
2020թ. մարտի 8-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կիրակնօրյա ավանդական Մարեմյան Աղոթքն արտասանեց Առաքելական պալատի մատենադարանից։
Խորհրդածության սկզբում Սրբազան Քահանայապետը հայտնեց, որ Քառասնորդացի այս երկրորդ կիրակի օրվա լատինածես կարգը մեզ է ներկայացնում Հիսուսի Այլակերպության դրվագը (Մտթ. 17, 1 -9)։
«Նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց տարավ առանձին մի բարձր լեռ»։ Լեռն Աստծո հետ մոտ լինելու խորհրդանիշն է, որտեղ Հիսուս ցանկանում էր բացել աշակերտների աչքերն ու մտքերը, որպեսզի լիապես հասկանային Իր չարչարանքի, մահվան և Հարության խորհուրդը։
«Երբ լեռան գագաթը հասան, Հիսուս պայծառակերպվեց և Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին Նրա հետ»։
Այլափոխության այս դրվագի միջոցով երեք աշակերտները կանչված էին ճանաչելու Հիսուսին՝ որպես Աստծո Որդի, որ փայլում էր իր փառքի մեջ։ Նրանց աչքերում բացահայտվում է Հիսուսի աստվածային դիմագիծը. ամպից մի ձայն հռչակեց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք»։
Այստեղ հարկավոր է նշել, թե ինչպես է Հիսուս ընտրում, որպեսզի իր հետ տանի Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին։ Թեև Պետրոսը պետք է ուրանա իրեն, իսկ երկու եղբայրները ցանկանում են առաջին տեղերը գրավել Իր թագավորության մեջ։ Հիսուս, արդարև, չի ընտրում մեր չափանիշների համաձայն, այլ՝ իր սիրո ծրագրի համաձայն։ Այսօր ևս Նա կոչ է անում Իրեն մոտիկ լինել ու վկայություն տալ։ «Վկա լինելը մի պարգև է, որին մենք արժանի չենք, սակայն չենք կարող նահանջել կամ մերժել այս մեկը՝ մեր անկարող լինելու պատրվակով»,-ասաց Սրբազան Քահանայապետը:
«Թեև մենք այդ լեռան վրա չէինք ու մեր աչքերով չտեսանք արևի նման փայլող Հիսուսի դեմքը, սակայն, այնուամենայնիվ, մեզ ևս հանձնվեց Աստծո Փրկարար խոսքն ու մեզ տրվեց հավատքը և Հիսուսի հետ հանդիպելու ուրախությունը». շարունակեց Սրբազան Քահանայապետը՝ հավելելով, որ Հիսուս մեզ ևս ասում է. «Ոտքի ելե՛ք և մի՛ վախեցեք»:
Անձնասիրությամբ ու ագահությամբ բնորոշվող այս աշխարհում Աստծո լույսը շատ անգամ աղտոտվում է առօրյա մտահոգությունների պատճառով։ Հաճախ ենք կրկնում, որ աղոթքի ժամանակ չունենք, չեմ կարող ծառայություն մատուցել ժողովրդապետության մեջ և համապատասխանել ուրիշների խնդրանքներին։ Սակայն չպետք է մոռանանք, որ Սուրբ Մկրտությունն ու Դրոշմը մեզ դարձրին վկաներ՝ ոչ թե մեր կարողությունների համար, այլ՝ Սուրբ Հոգու պարգևների շնորհիվ:
«Ուստի, քառասնորդացի բարենպաստ այս ժամանակահատվածում Սուրբ Կույս Մարիամը մեզ համար թող ընդունի Սուրբ Հոգու շնորհներին համապատասխանելու պարգևը, որն անհրաժեշտ է՝ ապաշխարության ճանապարհի վրա վճռականությամբ քայլելու համար», ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ եզրափակելով խորհրդածությունը։
Vatican News, Ռոբեր Ադդարյան
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը