• «Վեր կա՛ց, պատանի՛». Նորին Սրբության պատգամը՝ երիտասարդներին

    Տերը տեսավ մորը, գթաց նրան, ապա հարություն տվեց զավակին


    «Ոտքի կանգնել»՝ նշանակում է երազել, վտանգել, գործել աշխարհը փոխելու համար, նշանակում է վերստին վառել երազները, քանզի բազմաթիվ երիտասարդների մռայլ դեմքերը պիտի առույգանան և ավելի գեղեցիկ պիտի դառնան:

     

    Մարտի 5-ին լույս տեսավ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի պատգամը՝ նվիրված 2020թ. Երիտասարդների համաշխարհային օրվան, որը պետք է նշվի ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնին:

     

    Երիտասարդներին ուղղված պատգամում Նորին Սրբությունը շեշտում է «միասնաբար ընթանալու» կարևորությունը՝ ընդգծելով, որ երիտասարդներին նվիրված եպիսկոպոսների սինոդը, որը կայացավ 2018թ. հոկտեմբերին և Պանամայի երիտասարդաց համաշխարհային հավաքն Եկեղեցու այն էական պատգամի արտահայտությունն է, որն է՝ «ընթանալ միասնաբար»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ միասնաբար ընթանալու ժամանակ, ամեն անգամ, հանդիպում ենք մի կարևոր անկյունաքարի: «Գտնվում ենք դեմ հանդիման՝ Աստծո և միևնույն կյանքի վերսկսման մարտահրավերի դեմ». գրում է Նորին Սրբությունը՝ շեշտելով, որ երիտասարդները մեծ փորձառություն ունեն վերսկսելու մեջ:

     

    «Երիտասարդները սիրում են ճամփորդել, նոր փորձառություններ ունենալ, այդ պատճառով ցանկանում եմ, որ 2022թ. երիտասարդների առաջիկա միջազգային ուխտագնացությունը տեղի ունենա Պորտուգալիայում՝ Լիսաբոն մայրաքաղաքում, որտեղից՝ 15-16-րդ դարերում, մեծաթիվ երիտասարդներ ու միսիոներներ մեկնեցին անհայտ երկրներ, որպեսզի կիսեին Հիսուսի հետ իրենց ունեցած փորձառությունն այլ ժողովուրդների ու ազգերի հետ». գրում է Նորին Սրբությունն իր պատգամում, ապա հայտնում է, որ Լիսաբոնում կայանալիք երիտասարդաց համաշխարհային հավաքի նյութը պետք է հանդիսանա Ղուկասի ավետարանից վերցված հետևյալ հատվածը. «Մարիամն անմիջապես ճանապարհ ընկավ»:

     

    Պապն այս խոսքերով շեշտում է, որ Երիտասարդական առաջիկա համաշխարհային հավաքի առթիվ ցանկանում է երիտասարդների հետ միասին խորհրդածել սուրբ գրային  հետևյալ հատվածի մասին. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վեր կաց» (Ղկ 7, 14), որպես այս տարվա երիտասարդաց համաշխարհային օրվա նյութ, իսկ 2021թ. Երիատսարդաց հավաքի թեման կլինի՝ «Վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրա. ես քեզ երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա ու վկա այն բոլորի համար, որոնց մեջ ինձ տեսար» (Գործք 26, 16), տողը։

     

    Այնուհետև Նորին Սրբությունը նշում է, որ վերոնշյալ երեք հավաքների նյութերում առկա է «վեր կա՛ց» խոսքը, մի բայ, որը նա հաճախ է կրկնում «Քրիստոս ապրում է» հորդորագրում, որ երիտասարդների եպիսկոպոսաց սինոդից բխած վերջնական փաստաթուղթն է։

     

    Կենտրոնանալով այս տարվա երիտասարդաց համաշխարհային օրվա նյութի վրա՝ «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վեր կաց» (Ղկ 7, 14), Ֆրանցիսկոս Պապը շեշտում է, որ այդ հատվածը պատմում է Նային քաղաքի երիտասարդի հարության դրվագի մասին:

     

    «Հիսուս Նային քաղաք գնաց: Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, այրի կնոջ միակ զավակը: Տերը տեսավ մորը, գթաց նրան, ապա հարություն տվեց զավակին». նշում է  Ֆրանցիսկոս Պապը պատգամում, ապա հրավիրում է կենտրոնանալ Հիսուսի վարմունքի և խոսքերի վրա:

     

    Հիսուս տեսնում է ցավն ու մահը

     

    Հիսուս ամբոխի մեջ տեսնում է տառապող մոր դիմագիծը, և այդ հայացքից ծնվում է մի նոր կյանքի աղբյուր:

     

    Մատնանշելով Հիսուսի հայացքը՝ Ֆրանցիսկոս Քահանայապետը հարց է տալիս. արդյո՞ք ունենք ուշադիր հայացք, կամ էլ մեր հայացքը նմա՞ն է այդ արագ հայացքին, երբ աչքի ենք անցկացնում ընկերային ցանցերում տեղադրված հազարավոր լուսանկարները:

     

    Նորին Սրբությունը շեշտում է, որ մեր շրջապատում և անգամ մեր մեջ, հանդիպում ենք ֆիզիկական, հոգևոր, ընկերային մահերի, հուսախաբության զոհ դարձած երիտասարդների, հաճախ ինքնասպանության դիմած ընկճված երիտասարդների, լացող երիտասարդների, որոնց հոգեկան աղաղակը ոչ ոք չի լսում, նշում է Ֆրանցիսկոս Պապն՝ ընդգծելով, որ ձախողությունը ևս յուրաքանչյուր մարդ էակի կյանքի մի մասն է կազմում:

     

    Այնուհետև հրավիրում է խորհրդածել և իրազեկ դառնալ անցյալին, ներկային և մեր շուրջը մահվան պատճառ դարձող երևույթներին՝ միաժամանակ հիշելով Ավետարանի երիտասարդին, որ իսկապես մեռած էր և կյանք առավ, որովհետև ինչ-որ մեկը անցավ նրա կողքից և ուզեց, որ նա ապրի: Այս դեպքը պատահում է նաև այսօր և ամեն օր։

     

    Գթալ

     

    Հիսուսի գութը շարժվեց: Նա իր վրա կրեց ուրիշի թշվառությունը: Մոր ցավը դարձավ Հիսուսի ցավը: Կնոջ զավակի մահն ի՛ր մահը դարձավ:

    Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ երիտասարդները հաճախ ցույց են տալիս, որ գիտեն կիսել ուրիշի ցավը: Օրինակ բերեց բնական աղետների, երկրաշարժերի ժամանակ երիտասարդների բարձր վեհանձնությամբ նվիրումը: Չկա մի աղետ, որտեղ ականատես չլինենք օգնության ձեռք մեկնող երիտասարդների, նշում է Սրբազան Քահանայապետը՝ քաջալերելով երիտասարդներին, որ ոչ ոքի թույլ չտան իրենցից խլել այդ զգայնությունը: Հորդորում է միշտ ականջ դնել տառապողի աղաղակին, հուզվել ողբացողի, մեռնողի հետ»:

     

    Մոտենալ և դիպչել

     

    Հիսուս մոտենում է: Նրա մոտիկությունը քաջ վարմունք է դառնում, որպեսզի մյուսն ապրի: Հիսուսի հպումն է, որ կյանք է հաղորդում: Աստվածային հպում, որը բխում է մարդկային հարազատ սիրուց և բացում է աներևակայելի ազատության, արժանապատվության և նոր կյանքի վայրեր:

     

    Դուք ևս երիտասարդնե՛ր, եթե կարողանաք մոտենալ ցավին, մահվան իրականություններին, Հիսուսի նման նոր կյանք պիտի ծնեք: Դա կարելի է Սուրբ Հոգու շնորհիվ, եթե նախապես  դուք թույլ տաք, որ Աստծո սերը ձեզ դիպչի:

     

    «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վեր կաց»:

     

    Ֆրանցիսկոս Պապն ընդգծում է, որ Ավետարանը չի ասում Հիսուսի շնորհիվ Հարություն առած պատանու անունը: Սա հրավեր է ընթերցողին՝ պատանիին նմանվելու համար: Հիսուս քո և իմ հետ խոսում է ասելով. «Վե՛ր կաց, արթնացի՛ր»:

     

    Նոր կյանք՝ հարուցյալներին

     

    Հիսուս Հարության հրաշքը կատարելուց առաջ խոսեց երիտասարդի հետ՝ ասելով «արթնացի՛ր»: Ֆրանցիսկոս Պապը շեշտում է, որ խոսել՝ նշանակոմ է ուրիշի հետ հարաբերության մեջ մտնել: Ապա քաջալերում է երիտասարդներին, որպեսզի կղզիացած և թվայնացված մշակույթի մեջ տարածեն Հիսուսի խոսքը՝ «վեր կա՛ց»՝ մատնանշելով, որ դա հրավեր է՝ հեռանալու թվայնացված աշխարհից:

     

    «Ոտքի կանգնել»՝ նշանակում է երազել, վտանգել, գործել՝ աշխարհը փոխելու համար, նշանակում է վերստին վառել երազները, քանզի բազմաթիվ երիտասարդների մռայլ դեմքերը պիտի առույգանան և ավելի գեղեցիկ դառնան:

     

    Ֆրանցիսկոս Քահանայապետը պատգամը եզրափակում է՝ նշելով, որ շնորհիվ Հիսուսի՝ նա, ով մեռած է, պիտի կարողանա Նրա վկան դառնալ, պիտի կարողանա Աստծո քնքշությունը զգալ յուրաքանչյուր մարդ էակի նկատմամբ՝ հատկապես քաղցածի, ծարավի, հիվանդի, բանտարկյալի նկատմամբ և, Հիսուսի նման, նրանց նոր կյանք պիտի կարողանա հաղորդել:

     

    Vatican News, Վազգեն Աբբարդյան,

    արևելահայերենի վերածեց՝ Նաիրա  Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց