Չպետք է թույլ տալ, որ արհեստական ինտելեկտը իշխի մարդուն
«Արհեստական ինտելեկտի էթիկայի կոչ». այսպես է վերնագրված դեկլարացիան, որն ընդունվել է 2020թ. փետրվարի 28-ին՝ Կյանքի քահանայապետական ակադեմիայի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, IBM-ի, Microsoft-ի ղեկավարության ու Եվրախորհրդարանի կողմից: Փաստաթուղթը ստորագրվել է Հռոմում կայացած սեմինարի ավարտին, որն անցկացվում էր «Բարի» ալգորիթմ, արհեստական ինտելեկտ, էթիկա, օրենք, առողջություն» թեմայով:
«Ալգորիթմի բռնատիրություն» թույլ չտալու համար մարդկությու՛նը պետք է օգտագործի տեխնոլոգիաները, այլ՝ ոչ թե հակառակը: Ավելի քան 450 մարդ՝ համակարգչային մասնագետներ ու փիլիսոփաներ, աստվածաբաններ և արշավի ղեկավարներ, հաստատեցին այս կոչի անհրաժեշտությունն՝ այն մարտահրավերների պատճառով, որոնք ծառանում են մարդկության առջև արհեստական ինտելեկտի համակարգերի տարածման հետևանքում: Վիա դելլա Կոնչիլիացիոնե փողոցում գտնվող Համաժողովի սրահում անցկացված հանդիպման կարևոր պահը Ֆրանցիսկոս Պապի ուղերձի ընթերցումն էր, որը կարդաց կյանքի պահպանության Պապական ակադեմիայի նախագահը:
Կոնկրետ հանձնառություն պարունակող հորդորագիրը ստորագրեցին Կյանքի Պապական ակադեմիայի նախագահ, արքեպիսկոպոս Վինչենցո Պալյան, Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը և IBM-ի գործադիր փոխնախագահ Ջոն Քելլին: Սեմինարին մասնակցեցին Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն: Խոսքը առաջին քայլի մասին է, հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ կառավարությունները և խոշոր կազմակերպությունները կմիանան սեմինարի ընթացքում ծագած բանավեճերին:
Սեմինարի ավարտին Կյանքի քահանայապետական ակադեմիայի նախագահ Հ. Վինչեցո Պալյան հայտարարեց. «Բանավեճը հաստատեց, որ ոչ ոք չունի պատրաստի պատասխաններ՝ այս մարտահրավերի առջև, սակայն հնչեցին շատ հարցեր. անհրաժեշտ է միասին հասկանալ, թե ինչպես պետք է դրանք ըմբռնել ու կառավարել»:
Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլինն ասաց. «ի դեմս անհայտի, որը մեր առջև բացում է մեծ բարեփոխումների դարաշրջանը, պահանջվում է մեծ թափանցիկություն: Կարևոր է, որ նոր տեխնոլոգիական սահմանները կարգավորվեն ոչ միայն պետությունների, այլև՝ Եվրոպայի մակարդակով. անհրաժեշտ է տեխնոլոգիաների օգտագործման ճշգրիտ կանոնների մշակում և ընդհանուր պահանջների ընդունում: Այդպիսով հնարավոր կլինի որոշել նոր տեխնոլոգիաների ազդեցությունը հիմնական կանոնների պահպանման հանդեպ: Եվրամիությունը միշտ աջակցել է հետազոտական և նորարարական քաղաքականությանը, սակայն Եվրախորհուրդը պարտավոր է ավելի մեծ պատասխանատվությամբ պաշտպանել քաղաքացիներին այն ազդեցություններից, որոնք կարող են ցուցաբերել նոր տեխնոլոգիաները»: Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ վերջերս խորհրդարանը խնդրանքով դիմել է Եվրահանձնաժողովին, որպեսզի Եվրամիության իրավական շրջանակը վերամշակվի ու լրացվի հստակ էթիկայի սկզբունքներով, որի հիմքում կլինի մարդկային գործոնը. «Քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել իրենց տվյալները, պաշտպանել իրենց մասնավոր կյանքն ու ճիշտ կողմնորոշվել ստացած տեղեկատվության մեջ»:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը