• Կոչ՝ քահանաներին մտածելու իրենց տանջող դառնության պատճառների մասին և փոխվելու

    Եկե՛ք խնդրենք Տիրոջը, որպեսզի մեզ տա ունակությունը՝ ճանաչելու այն, ինչը մեզ տանջում է


    Փետրվարի 27-ի առավոտյան Սուրբ Հովհաննեսի տաճարում` Լաթերանի բլրին, կայացավ ավանդական լատինածես Ապաշխարության Սուրբ Պատարագը՝ Հռոմի թեմի հոգևորականության համար։ Այս առիթով Ֆրանցիսկոս Պապն հատուկ ուղերձ հղեց հոգևորականներին, որը կարդաց Հռոմի գլխավոր փոխանորդ, կարդինալ Անջելո Դե Դոնատիսը արարողության ընթացքում։

     

    Նորին Սրբությունը` հոգևորականներին ուղղված իր հորդորը նվիրեց քահանաների կյանքում առկա դառնությանը՝ նենգ, քողարկված թշնամուն, որը դանդաղ, սակայն հաստատուն կերպով հափշտակում, գողանում է կոչման ուրախությունը։ Դառնությունը կարող է փչացնել քահանայի հարաբերություններն Աստծո, եպիսկոպոսների ու եղբայր երեցների հետ։ Դառնությանն ընդդիմանալն օգնում է քահանային խորապես գիտակցել իր մարդկային էությունն ու հասկանալ, որ հովիվը չպետք է գերիշխի ուրիշների վրա․ նա թույլ և մեղավոր մարդ է, ով ստացավ Աստծո ներումը և ուղարկվեց ուրիշներին ծառայելու։

     

    Ֆրանցիսկոս Քահանայապետն ընդգծեց, որ այն դառնությունը, որը զգում է քահանան, կարող է առաջանալ չիրականացված հույսերի պատճառով, հետևաբար անհրաժեշտ է հարցում անել ինքներս մեզ․արդյո՞ք Տերը չի արդարացրել մեր հույսերը, թե՞ դրա պատճառը ավելորդ կապվածությունն էր անձնական ձգտումներին, նկրտումներին։ Քրիստոնեական հույսը երբեք չի հիասթափեցնում, հուսախաբ անում, հուսալ՝ չի նշանակում ինքդ քեզ համոզել, որ ամեն ինչ լավ կլինի, այլ՝ իմանալ, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում, կարևոր է՝ Հարության լույսի ներքո: Իրական հույսը պահանջում է, որ մենք ապրենք աղոթքով և, այդպիսով, ի վիճակի կլինենք տարբերակել մեր սեփական նկրտումներն՝ Աստծո հանդեպ հույսից։ Հոգևոր պայքարում կարևոր նեցուկ է Աստծո մխիթարական Խոսքը, և հազիվ թե այս պարագայում օգնի մեկ եպիսկոպոսին մյուսով փոխարինելը կամ էլ եկեղեցու ղեկավարման ռազմավարության փոփոխությունը։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ դառնության զգացողությունը կարող է օգտակար լինել, քանի որ այն հնարավորություն է՝ ձեռք բերելու մեծ հոգևոր ուրախություն՝ իհարկե, Աստծո օգնությամբ, որը նման իրավիճակում զգացել է Սբ․ Ֆրանցիսկ Ասսիզեցին։ Ֆրանցիսկոս Պապը մատնանշում է հոգևոր վշտի, դառնության այլ պատճառներ ևս, որոնց թվում են երեցի խնդրահարույց փոխհարաբերություններն իր եպիսկոպոսի հետ․ նման բան տեղի է ունենում այն ժամանակ, երբ եպիսկոպոսները նախընտրում են լսել միայն ընտրյալներին և կամ եթե քահանան հենց ի՛նքը չի խորացնում, բովանդակալից դարձնում իր հոգևոր կյանքը։ Ըստ Նորին Սրբության, քահանայի ինքնամեկուսացումը ծնում է իր եղբայրակիցների հետ վստահելի հարաբերություններ հաստատելու անկարողություն, հետևաբար, շատ կարևոր է դուրս գալ՝ սիրտը բացելով հոգևոր հոր առջև։

     

    Մյուս կողմից էլ, անգամ եթե քահանան մենակ է մնում, աղոթքում նրան միշտ շրջապատում են անուններ, դեմքեր, իրավիճակներ, որոնք կոչ են նրան համար՝ բարեխոսելու Աստծու առաջ նրանց համար։

     

    Հռոմի թեմի հոգևորականությանն ուղղված իր քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Աստծո ժողովուրդը միշտ օգնում է իր հովիվներին և նրանց աջակցում է աղոթքներով, որին միանում է նաև մեր աղոթքը․

     

    «Եկե՛ք խնդրենք Տիրոջը, որպեսզի մեզ տա ունակությունը՝ ճանաչելու այն, ինչը մեզ տանջում, չարչարում է և այդպիսով թույլ տանք Նրան մեզ  դարձնելու հաշտված մարդիկ, ովքեր հաշտեցնում են մյուսներին, դարձնել խաղաղված մարդիկ, ովքեր խաղաղություն են բերում, դարձնել հույսով լեցուն մարդիկ, ովքեր հույս են ներշնչում»։

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց