• Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2020թ. Մեծ Պահքի ուղերձը

    «Աղաչում ենք հանուն Քրիստոսի, որ հաշտվե՛ք Աստծո հետ» (Կոր. Բ 5, 20)


    Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր,

     

    այս տարի ևս Աստված մեզ բարենպաստ ժամանակ է պարգևում, որպեսզի մենք մաքրված, նորոգված սրտով կարողանանք պատրաստվել տոնին՝ Հիսուս Քրիստոսի մահվան ու Հարության մեծ Խորհրդին, որն քրիստոնեական անձնական և համայնքային կյանքի անկյունաքարն է: Այս Խորհրդին մենք պետք է միշտ վերադառնանք և՛ մտովի և՛ սրտով: Իսկապես, այն չի դադարում մեր մեջ աճել այնքանով, որքանով մենք մասնակցում ենք այդ խորհրդի հոգևոր զարգացմանը և ներգրավվում ենք՝ մեր ազատ ու մեծահոգի պատասխանով:

     

    1.Զատկի խորհուրդը՝ դարձի հիմքը

     

    Քրիստոնյայի ուրախությունը սկիզբ է առնում Հիսուսի մահվան ու Հարության կերիգման՝ Բարի լուրը, լսելիս և ընդունելիս: Այն ամփոփում է սիրո խորհուրդը, որն «այնքա՛ն իրական է, այնքա՛ն ճշմարիտ, այնքա՛ն առանձնահատուկ, որ մեզ առաջարկում է անկեղծ և արգասաբեր երկխոսությամբ լի հարաբերություններ» (առաքելական հորդորագիր Christus vivit, 117): Նա, ով հավատում և ընդունում է  այս Ավետիսը, մերժում է այն սուտը, ըստ որի մեր կյանքը ծագել է մեզանից, մինչդեռ իրականում կյանքը ծնվել է Հայր Աստծո սիրուց, Նրա՝ առատ կյանք պարգևելու կամքից (տե՛ս Հվհ. 10, 10): Եթե լսենք «ստի հոր» (տե՛ս Հվհ. 8,45) շողոքորթ, կեղծավոր ձայնը, ապա մեզ սպառնում է անհեթեթության անդնդում մխրճվելու վտանգը՝ դժոխքն ապրելով արդեն իսկ երկրի վրա, որի մասին, ցավոք սրտի, վկայում են մարդկային անձնական և հավաքական փորձառության շատ դրամատիկ իրադարձություններ:

     

    Այդ պատճառով 2020թ. այս Մեծ Պահքին ցանկանում եմ յուրաքանչյուր քրիստոնյայի հորդորել այն, ինչի մասին ես արդեն գրել եմ երիտասարդներին՝ Christus vivit  առաքելական հորդորագրում. «Նայե՛ք Խաչյալ Հիսուսի տարածված ձեռքերին, թույլ տվե՛ք Նրան նորից ու նորից փրկել ձեզ: Երբ դուք գնում եք ձեր մեղքերը խոստովանելու, վստահե՛ք Նրա գթությանը, որը ձեզ ազատում է մեղքերից: Խորհե՛ք Նրա Արյան մասին, որ հեղվեց այնքա՜ն սիրով և թույլ տվե՛ք, որ Այն մաքրի ձեզ: Այդպես դուք կարող եք նորից ու նորից վերածնվել»: Հիսուսի Զատիկը հեռավոր անցյալի իրադարձություն չէ. Սուրբ Հոգու զորությամբ այն միշտ կենդանի է և մեզ թույլ է տալիս հավատքով նայել Քրիստոսի Մարմնին ու դիպչել նրան՝ բազում տառապյալ մարդկանց մեջ:

     

    2.Դարձի հրատապությունը

     

    Հոգեշահ է՝ խորապես խորհրդածել Զատկի Խորհրդի շուրջ, որի շնորհիվ մեզ է պարգևված Աստծո ողորմածությունը: Իսկապես, ողորմության փորձառություն կարելի է ապրել՝ միայն խաչված և հարություն առած Տիրոջը «դեմ առ դեմ» հանդիպելով, Ով «սիրեց ինձ ու Ինքն Իրեն մատնեց ինձ համար (Բ Կոր. 5, 21): Այստեղ անհրաժեշտ է անկեղծ զրույց, ընկերական երկխոսություն: Ահա՛ թե ինչու է Մեծ Պահքի ժամանակ այդքան կարևոր աղոթքը: Մինչ պարտականություն լինելը, այն, նախ, արտահայտում է Աստծու սիրուն պատասխանելու անհրաժեշտությունը, որը միշտ առաջնորդում և աջակցում է մեզ: Քրիստոնյան աղոթում է՝ հասկանալով, որ նա արժանի չէ այդ սիրուն: Աղոթքը կարող է տարբեր ձևակերպումներ ունենալ, սակայն Աստծո աչքերում իրականում կարևոր է, որ այն խորապես ներթափանցում է մեր էության մեջ, այն աստիճան, որ փշրում է մեր կարծրացած սիրտը, որպեսզի մեր սիրտն առավել շատ դառնա  դեպի Աստված ու Նրա կամքը:

     

    Եկե՛ք, ուրեմն, այս բարենպաստ ժամանակ թույլ տանք Աստծուն ուղեկցել մեզ, ինչպես որ ուղեկցեց Իսրայելին անապատում (տե՛ս Օս. 2,16), որպեսզի մենք վերջապես լսենք մեր Փեսայի ձայնը. թող այն առավել բարձր ու խոր հնչի մեր մեջ: Որքան շատ մենք թույլ տանք Նրա Խոսքին՝ դիպչել մեզ, այնքան հաճախ կզգանք Նրա անաչառ ողորմությունը մեր նկատմամբ: Այսպիսով, թույլ չտա՛նք, որ այդ բարենպաստ ժամանակն ուղղակի անցնի, թողնե՛նք ինքնավստահ պատրանքները, թե իբր մենք ենք և՛ ժամանակի տերը և՛ դեպի Աստված դառնալու ճանապարհների տերը:

     

    3.Աստծո խանդավառ ցանկությունը՝ զրուցելու Իր զավակների հետ

     

    Այն հանգամանքը, որ Աստված մեզ նորից դարձի գալու բարենպաստ ժամանակ է պարգևում, երբեք չպետք է ընկալվի որպես մի բան, որ ինքնին ենթադրելի էր: Այս նոր հնարավորությունը պետք է առաջացնի երախտագիտության զգացողություն և մեզ արթնացնի քնից: Չնայած չարի դրամատիկ գոյությանը մեր կյանքում, նաև Եկեղեցում և աշխարհում, մեր ընթացքը փոխելու համար շնորհված այս տարածությունն արտահայտում է Աստծո համառ կամքը՝ չընդհատել փրկարար երկխոսությունը մեզ հետ: Խաչված Հիսուսով, Ում Աստված «մեզ համար դարձրեց զոհ՝ մեր մեղքերի համար» (Բ Կոր. 5, 21), Տիրոջ այդ կամքը հասավ այն աստիճանին, որ մեր բոլոր մեղքերը բարդվեցին Իր Որդու վրա, ընդհուպ այն աստիճան, որ «Աստված  դարձավ Ինքն Իր դեմ», ինչպես ասում էր Բենեդիկտոս XVI Պապը (տե՛ս շրջ. նամակ Deus caritas est, 12)։ Որովհետև Աստված սիրում է նաև Իր թշնամիներին (տես Մտթ․ 5,43-48).

     

    Երկխոսությունը, որը Աստված ցանկանում է հաստատել յուրաքանչյուր անձի հետ՝ Իր Որդու Զատկի Խորհրդի միջոցով, այն չէ, ինչը պատմվում է Աթենքի բնակիչների մասին, ովքեր «ոչ մի այլ այլ բանին առավել սիրով ժամանակ չէին տրամադրում, քան՝ ասելով կամ լսելով մի նոր բան» (Գրծք 17, 21)։ Ունայն և մակերեսային հետաքրքրասիրությամբ թելադրված նման դատարկախոսությունը բնորոշ է ցանկացած դարաշրջանի աշխարհիկ կյանքին, իսկ մեր ժամանակներում այն կարող է նաև դրսևորվել  ԶԼՄ-ների սխալ օգտագործմամբ։

     

    4.Հարստություն, որով պետք է կիսվել, այլ ոչ թե կուտակել միայն սեփական անձի համար

     

    Կյանքում կենտրոնական տեղ հատկացնել Զատկի Խորհրդին՝ նշանակում է կարեկցել Խաչյալ Հիսուսի վերքերին, որոնք ներկա են պատերազմների շատ անմեղ զոհերի մեջ, կյանքի նկատմամբ ոտնձգություններում, չծնված երեխաների և տարեցների կյանքում, բռնության բազմաթիվ տեսակների մեջ, բնապահպանական աղետներում, բնական ռեսուրսների անհավասարաչափ բաշխման մեջ, մարդավաճառության բոլոր տեսակներում և շահույթի անսանձ մոլուցքի մեջ, որը կռապաշտության մի ձև է։

    Այսօր ևս շատ կարևոր է հրավիրել բարի կամքի տեր մարդկանց՝ կիսվելու իրենց բարիքներով կարիքավորների հետ՝ ողորմության միջոցով՝ որպես ավելի արդար աշխարհ կառուցելու անհատական ճանապարհ։ Բարեգործությունը մարդկանց դարձնում է առավել մարդկային, իսկ կուտակման դեպքում մարդուն սպառնում է սեփական եսամոլության մեջ պարփակվելու վտանգը։ Մենք կարող ենք և պե՛տք է առաջ ընթանանք՝ հաշվի առնելով տնտեսության կառուցվածքային կողմերը։ Այդ պատճառով էլ 2020թ․ Մեծ Պահքին՝ փետրվարի 26-ից մինչև մարտի 28-ը, ես Ասսիզի եմ հրավիրել երիտասարդ տնտեսագետների, ձեռներեցների և փոփոխություն բերողների, որպեսզի նրանց օգնությամբ ստեղծենք ավելի արդար և համափարպակ տնտեսություն։ Ինչպես բազմիցս նշվել է Եկեղեցական ուսմունքի մեջ, քաղաքականությունը հանդիսանում է ողորմած սիրո մի բացահայտ դրսևորում (Պիոս ԺԱ Քահանայապետ, դիմում՝ Իտալական կաթողիկէ համալսարանների դաշնությանը, 1927թ․ դեկտեմբերի 18)։ Սա նաև վերաբերում է տնտեսությանը, որը կազմակերպվում է Ավետարանի ոգով՝ «Երանի՜ների» պատվիրանների ոգով։

     

    Ես խնդրում եմ Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը՝ Մեծ Պահքի համար, որպեսզի մենք ականջ դնենք Աստծո հետ հաշտեցման կոչին, որպեսզի սրտով ընկալենք Զատկի խորհուրդը և դիմենք Աստծուն՝ անկեղծ երկխոսության միջոցով։ Այդպիսով մենք կդառնանք այն, ինչ Քրիստոս ասում էր Իր աշակերտներին. երկրի աղը և աշխարհի լույսը» (տե՛ս Մտթ․ 5,13-14):

     

    Ֆրանցիսկոս

     

    Հռոմ, Սուրբ Հովհաննեսի տաճար Լաթերանի բլրին,

    2019թ, հոկտեմբերի 7
    Ծիսական տոն Վարդարանի Տիրամոր

     

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

    Սրբագրեց՝ Տ. Հովսեփ Գալստյանը

Օրացույց

Օրացույց