«Հիսուսի պատվերը պատմության ամենամեծ հեղափոխությունն է, քանի որ հանձնարարում է սիրել թշնամուն՝ ատելու փոխարեն»
Փետրվարի 23-ին Պարի քաղաք կատարած այցելության շրջանակներում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Պարիի «Վիթթորիո Էմմանուելէ» անվամբ պողոտայի տարածքում, գլխավորեց կիրակնօրյա Սուրբ Պատարագը, որին իրենց մասնակցությունը բերեցին «Միջերկրական խաղաղության սահմանագիծ» բնաբանով հավաքին մասնակցող Արևելքի կաթողիկէ եկեղեցիների պատրիարքներն ու եպիսկոպոսները, տեղական քաղաքական իշխանություններ ու բազմահազար հավատացյալներ։
Սրբազան արարողությանն անակնկալ կերպով իր մասնակցությունն ունեցավ նաև Իտալիայի Հանրապետության նախագահ Պարոն Սերջիո Մատտարելլան։
Սուրբ Զոհի ընթացքում արտասանած քարոզում Սրբազան Քահանայապետն ընդգծեց սիրո պատգամը և մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումն՝ ասաց.
«Հիսուսը մեջբերում է. «Աչք աչքի փոխարեն, ատամ ատամի փոխարեն» հին օրենքը և սա նշանակում է, որ երբ որևէ մեկը քեզանից բան է խլում, դու էլ պետք է նրանից ինչ-որ բան խլես։ Սա այդ ժամանակվա առաջադիմության նշանն էր, որով հաստատվում էր, որ կարելի էր նույն չարիք հասցնել ուրիշին, ով քեզ չարիք էր պատճառել, սակայն հավասար չափով չարիք, այլ ոչ՝ ավելի ծանր։ Հիսուսը շրջանցում է այդ իրականությունը՝ հանձնարարելով չդիմել բռնության, ու չարին հակառակ չկանգնել (Մտթ. 5,39)։
Սիրել Հիսուսի նման՝ ձրիաբար սիրել
Հիսուս այդպես գործեց, Նա չի հակառակվում չարին ու իրեն անարդար կերպով ամբաստանողներին և չարաչար սպանողների համար ներում է հայցում։ Մենք էլ, արդարև, եթե ցանկանում ենք Քրիստոսի աշակերտները լինել և ինքներս մեզ կոչել քրիստոնյա, ապա պետք հետևենք Հիսուսի ճանապարհին։
«Մենք, որ սիրված ենք Աստծուց՝ կանչված ենք սիրելու, ներված ենք Աստծուց՝ կանչված ենք ներելու և Նրա սիրով տոգորված սեր պարգևելու, առանց սպասելու, որ ուրիշներն անեն այդ քայլը: Մենք, որ ձրիաբար փրկված ենք, կանչված ենք շահեր չփնտրել մեր կատարած բարեսիրության մեջ». ասաց Սրբազան Քահանայապետը։
Սիրել թշնամիներին
Հիսուսը, սակայն հրավիրում է այլ կերպ վարվել. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությու՛ն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ ու հալածում (Մտթ 5, 44)»։
«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին և ներեցե՛ք նրանց, որոնք ձեզ հալածում են» խոսքը քրիստոնեության նորությունն է։
Սիրել և ներել. ահա՛ թե ինչ պետք է անել: Հիսուսի սերը սահման չի ճանաչում և այն մեզանից վեհանձն սեր է պահանջում, որովհետև Հիսուսի սիրո չափն անսահման է և սիրո պատվիրանը Ավետարանի սիրտն է կազմում:
Բարեսիրության ծայրահեղությունը
«Տերը մեզանից ծայրահեղ բարեսիրություն է պահանջում, և քրիստոնեական միակ ծայրահեղությունը՝ սիրո ծայրահեղությունն է» ասաց Ֆրանցիսկոս Պապն՝ ընդգծելով «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին» խոսքն ու հավատացյալներին հրավիրելով ի գործ դնելու այդ պատվերը և հանձնարարելով հեռու մնալ ատելության մշակույթից, որովհետև «Նա, ում Աստված սիրում է, սրտի մեջ թշնամիներ չունի». ասաց Նորին Սրբությունը, հաստատելով, որՀիսուսի պատվերը պատմության ամենամեծ հեղափոխությունն է, քանի որ հանձնարարում է սիրել թշնամուն՝ ատելու փոխարեն:
Սիրել և ներել՝ նշանակում է ապրել որպես հաղթողներ
«Գուցե, մեզ թվա, որ Հիսուսի իդեալը տարբեր է իրականությունից ու եթե մենք սիրենք ու ներենք, ապա այս աշխարհում չենք կարող գոյատևել». հավելեց Սրբազան Քահանայապետը՝ հարց տալով. «Ուրեմն Հիսուսի տրամաբանությունը ձախողվա՞ծ է», ապա պատասխանեց. «այն պարտվող է՝ աշխարհի աչքերով, սակայն հաղթող է Աստծու աչքերում։ Որովհետև Աստված գիտե, որ չարը հաղթահարվում է բարությամբ։ Այն մեզ այդպես փրկեց՝ ոչ թե սրով, այլ՝ խաչով։ Ուստի սիրել ու ներել՝ նշանակում է ապրել որպես հաղթողներ։ Տերն, արդարև, այսօր մեզ ևս պետք է կրկնի այն բառերը, որոնք ուղղեց Պետրոսին՝ Գեթսեմանի պարտեզում.
«Սուրդ դի՛ր իր պատյանի մեջ» (Յովհ 18,11)։
Այսօրվա Գեթսեմանիի մեջ՝ մեր այս անարդար և անտարբեր աշխարհում, ուր, կարծես, ականատես ենք հույսի հոգեվարքի, քրիստոնյան չի կարող վարվել այն աշակերտների նման, որոնք նախ սուրը քաշեցին, ապա փախան։ Լուծումը Հիսուսի ճանապարհն է՝ գործունյա սեր, հեզաբարո սեր, սեր մինչև վերջ»։
Աստծուց հայցենք սիրելու ուժ և կարողություն
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Աստծուց սիրելու ուժ հայցե՛նք ասելով. «Տեր օգնի՛ր ինձ, որպեսզի սիրեմ, ինձ սովորեցրու՛ ներել ։ Միայնակ չեմ կարող և քո օգնության կարիքն ունեմ», հայցե՛նք նաև շնորհ՝ ուրիշներին դիտելու ոչ որպես խոչընդոտ, այլ՝ որպես սիրելի եղբայրներ և քույրեր: Կյանքի ավարտին, արդարև, պետք է դատվենք սիրո համար։ Ընտրե՛նք սերը, նույնիսկ եթե հոսանքին հակառակվող մի ընտրություն է դա։ Թույլ չտա՛նք ինքներս մեզ՝ սահմանափակվել հասարակ մտածողությամբ, չգոհանա՛նք կիսատ բաներով։ Ընկալե՛նք Հիսուսի մարտահրավերը, սիրո՛ մարտահրավերը։ Այդպիսով պիտի լինենք իսկական քրիստոնյաներ, և աշխարհը պիտի դառնա ավելի մարդկային։
Vatican News
Ռոբեր Ադդարյան
Արևելահայերենի վերածեց Նաիրա Բաղդասարյանը