• «Երանի՜ հեզերին…». Ֆրանցիսկոսը մեկնում է երրորդ «երանի՜ն»

    Ո՞րն է այն երկիրը, որը պիտի ժառանգեն հեզերը


    2020թ. փետրվարի 19-ի առավոտյան Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի Պողոս Զ-ի անվան սրահում գլխավորեց հրապարակային ընդհանուր ունկնդրությունը՝ մասնակցությամբ տարբեր վայրերից ժամանած բազմահազար հավատացյալների:

     

    Ունկնդրության առթիվ, ավանդության համաձայն, Սրբազան Քահանայապետը՝ շարունակելով Երանությունների մասին խորհրդածությունները, խոսեց երրորդ երանության մասին. «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք պիտի ժառանգեն երկիրը» (Մտթ. 5, 5)։

     

    «Այստեղ գործածված «հեզ» բառը բառացիորեն նշանակում է բարի, խոնարհ, բռնությունից զուրկ։ Հեզությունն ի հայտ է գալիս հակամարտության պահերին, որովհետև այդ պահին ենք տեսնում, թե ինչպես ենք արձագանքում թշնամական իրավիճակին», ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ հավելելով, որ այդ երանությանն է  անդրադարձել 36-րդ սաղմոսը՝ միմյանց կապելով բարությունը և երկրի ժառանգությունը։

     

    «Վստահի՛ր Տիրոջը, գործի՛ր բարին, բնակեցրու՛ երկիրը և պիտի վայելես նրա բարիքները։ Լռեցրու՛ բարկությունդ, հանդարտեցրու՛ ցասումդ, չարագործների դեմ մի՛ զայրացիր։ Որովհետև նրանք պիտի անհետանան, բայց նրանք, ովքեր ապավինում են Տիրոջը,  պիտի ժառանգեն երկիրը։ Որոշ ժամանակ հետո ամբարիշտը կանհետանա ու, երբ փնտրես նրա տեղը, ապա նրան չես գտնի։ Հեզերը սակայն պիտի ժառանգեն երկիրը, պիտի վայելեն անվերջ խաղաղությունը (Սաղմոս 36-37)։

     

    Հեզությունն ու երկրի սեփականությունը կարող են հակասական դիտարկվել, որովհետև երկրին տիրապետելը հակամարտությունը բնորոշող երևույթ է։ Հաճախ պայքարում ենք հողամասի համար, որոշակի տարածք ձեռք բերելու համար։ Պատերազմների ժամանակ գերակշռում է ամենաուժեղը և նա էլ նվաճում է այլ հողամասեր։

     

    «Այստեղ, սակայն, հողեր նվաճելու մասին չէ խոսքը, այլ դրանք որպես ժառանգություն ընկալելու», ասաց Նորին Սրբությունը, որովհետև այդ հողը Աստծո ժողովրդի խոստումն ու պարգևն է, որը դառնում է ավելի մեծ ու խոր իրականություն, քան որպես պարզ հողամաս»։

     

    «Կա երկիր, որ գտնվում է Երկնքում, այսինքն այն երկիրը դեպի ուր ընթանում ենք. նոր Երկիրն ու նոր Երկինքը»։

     

    Հեզը այն անձն է, որը պետք է ժառանգի ամենավսեմ երկիրը։ Հեզը մի անձ է, ով չի ուզում վատնել իր ընդունած ժառանգությունը։ Նա Քրիստոսի աշակերտն է, ով սովորեց պաշտպանել այդ նոր երկրի խաղաղությունն ու իր Աստծո հետ ունեցած հարաբերությունը՝ պահպանելով ողորմությունը, եղբայրությունը, վստահությունն ու հույսը:

     

    Հարկավոր է խոսել նաև զայրույթի մեղքի մասին, ու ինքներս մեզ  հարց տալ, թե որքան վնասներ է դա հասցնում: Զայրույթի պահը կարող է կործանել շատ բաներ, օրինակ խզել եղբոր հետ հարաբերությունը, մինչդեռ հեզությունը կարող է նվաճել շատ բարձունքներ։ Այն կարող է հաղթել սրտին, փրկել բարեկամությունը։

     

    Նվաճելիք երկիրն այն եղբոր փրկությունն է, որի մասին խոսում է Մատթեոսի Ավետարանը. «Եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր»:

     

    «Ուրիշների սրտից գեղեցիկ երկիր չկա, չկա ավելի գեղեցիկ երկիր, քան եղբոր հետ գտնված խաղաղությունը։ Ահա այս երկիրն է, որ պիտի ժառանգենք», ասաց Ֆրանցիսկոս Պապն իր խորհրդածության ավարտին:

     

    Վատիկան Նյուզ-Ռադիո Վատիկան

    Ռոբեր Ադդարյան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց