Սգալ սեփական մեղքերի համար. «Արցունքներով լվացված դեմքն աննկարագրելի գեղեցիկ է»
Փետրվարի 12-ին Պողոս VI սրահում ընդհանուր ուկնդրության ժամանակ շարունակելով Երանության պատվիրաններին նվիրված քարոզների շարքը՝ Սրբազան Քահանայապետն անդրադարձավ երկրորդ պատվիրանին.
«Երանի՜սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն»:
Ավետարանի հունարեն բնօրինակում այս պատվիրանն արտահայտված չէ կրավորական սեռով, այլ այն ներկայացված է ներկա ժամանակաձևով. «նրանք սգում են»: Խոսքը կարևոր քրիստոնեական հոգեվիճակի մասին է, որը ճգնավոր հայրերն անվանել են penthos, այսինքն՝ հոգևոր սուգ, որը բացահայտում է Աստծո և մերձավորի միջև եղած իրական հարաբերությունները, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը:
Ավետարանում լացը կարող է ունենալ երկու իմաստ. առաջինը՝ որևէ մեկի մահվան կամ տառապանքի հետևանք է: «Խոսքը սիրո մասին է. մենք այնքան են կապվում նրանց հետ, որ կիսում ենք նրանց վիշտը»,- ընդգծեց Նորին Սրբությունը:
«Ես հաճախ եմ խոսել արցունքների շնորհի և այն մասին, թե որքա՜ն թանկարժեք է այն: Արդյո՞ք կարելի է սառնորեն սիրել: Արդյո՞ք կարելի է սիրել՝ դա համարելով պարտականություն կամ ի նկատի ունենալով պաշտոնը: Իհարկե ո՛չ: Կան տառապողներ, ովքեր սփոփվելու կարիք ունեն, սակայն կան նաև մխիթարող տառապողներ, ում պետք է արթնացնել, ովքեր ունեն քարե սիրտ և մոռացել են լաց լինելը»:
Վիշտը դառը ուղի է, սակայն այն կարող է օգտակար լինել, որպեսզի մարդ բաց հայացք ունենա կյանքի նկատմամբ և յուրաքանչյուր մարդու համարել սուրբ արժեք: Այդ պահին հասկանում ես, թե որքա՜ն քիչ ժամանակ ունես, շարունակեց Սրբազան Քահանայապետը:
Լացի երկրորդ իմաստն այն է, երբ մարդը սգում է իր սեփական մեղքերը և նրա սիրտը արյունահոսում է վշտից, որովհետև նա վիրավորել է Աստծուն և մերձավորին:
«Աստեղ պետք է տարբերել հետևյալը. կան այնպիսիները, ովքեր զայրանում են, քանի որ սխալ են թույլ տվել: Սակայն դա հպարտությունն է: Կան նաև այնպիսիները, ովքեր լաց են լինում՝ կատարած չարի, չարած բարության և Աստծուն դավաճանելու համար: Թող օրհնյա՜լ լինի Աստված, երբ այդ արցունքնե՜րը հոսում են»:
Այսչա՛փ բարդ է, սակայն կենսականորեն կարևոր է սեփական սխալների թեման, որոնք անհրաժեշտ է վերլուծել, պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը՝ հիշեցնելով, որ Սբ. Պետրոս առաքյալը, ով դառնորեն լաց էր լինում Աստծուն երեք անգամ դավաճանելուց հետո, նոր և անկեղծ սեր գտավ: Սրանով նա կտրուկ տարբերվում է Հուդայից, ով չընդունեց իր մեղքն ու ինքնասպան եղավ: Սխալի գիտակցումը Աստծո պարգևն է, շնորհը, դա Սուրբ Հոգու փրկարար գործունեությունն է:
«Արցունքներով լվացված դեմքն աննկարագրելի գեղեցիկ է»,- շարունակեց Ֆրանցիսկոս Պապը՝ մեջբերելով Սբ. Եփրեմ Ասորու խոսքերը և ընդգծելով, որ քրիստոնեական կյանքը լավագույնս դրսևորվում է գթասրտությամբ.
«Իմաստուն և երանելի է նա, ով ընդունում է սիրո հետ կապված ցավը, քանզի նա կստանա Սուրբ Հոգու մխիթարանքը՝ Աստծո ներողամիտ և ապաքինող քնքշությունը»:
Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.
«Եթե մենք միշտ հիշենք, որ Աստված «մեր մեղքերին համապատասխան կերպով չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համապատասխան հատուցեց մեզ» (Սղմ. 102, 10), ապա կապրենք ողորմությամբ ու կարեկցանքով և մեր մեջ կհայտնվի սերը: Թող Աստված մեզ պարգևի՛ շատ սիրելու շնորհը, ինչպես նաև արժանի դարձնի մեզ՝ արցունքներով լվալու մեր սեփական մեղքերն ու այլ մարդկանց վշտերը»:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը