Սուրբ Սարգիս, բարեխոսի՛ր մեր երիտասարդների համար, որ միշտ երազեն, պայքարեն և երբեք չհուսահատվեն
Սուրբ Սարգսի տոնին՝ փետրվարի 8-ին, Աշոցքի համայնքներում ձնաբուք էր՝ այնպիսի ուժգին ձնաբուք, որ տանից դուրս գալու և մի փոքր հեռավորություն անցնելու համար մեծ ջանքեր էր հարկավոր: Այնուամենայնիվ, ինձ հաջողվեց առավոտյան հասնել Սիզավետ, թեև մեքենաս չկարողացավ գնալ մինչև եկեղեցի, և ստիպված եղա երիտասարդների հետ ոտքով հասնել եկեղեցի: Ի զարմանս ինձ, մինչ մատուցում էինք Սուրբ Պատարագը եկեղեցին լցվեց երիտասարդներով. երիտասարդները սիրում են այս տոնը, և բուքը չկարողացավ նրանց խանգարել: Շուտով մեծ դժվարությամբ եկեղեցի հասավ նաև Անարատ Հղության միաբան քույր Մարիամը, որ Աշոցքի գյուղերում մեծ նվիրումով քրիստոնեականի դասեր է կազմակերպում: Սուրբ Պատարագից հետո աղոթեցինք Սուրբ Սարգսին ուղղված բարեխոսական աղոթքը, ապա երիտասարդների համար մի աղոթք, որոնց երիտասարդները միացրեցին նաև իրենց աղոթքները, մեկը՝ իրենց հեղինակած, մյուսը՝ մի հատված Նարեկացու մատյանից: Պատարագից հետո դարձյալ մեծ դժվարությամբ երիտասարդների հետ միասին հասանք գյուղապետարանի շենք, որտեղ միասին զրուցեցին, սուրճ և թեյ խմեցինք՝ երիտասարդների պատրաստած թխվածքաբլիթներով, երիտասարդներից Արգինեն կարդաց Վ. Տերյանի բանաստեղծությունները (այս տարի լրանում է Տերյանի մահվան 100-րդ տարելիցը, և փետրվարի 9-ը բանաստեղծի ծննդյան օրն է), իսկ Մելիքն ընթերցեց իր գրած բանաստեղծություններից: Երիտասարդների ջանքերը խրախուսելու համար Արգինեին պարգևատրեցի Առաջնորդ Հոր ստորագրությամբ մի շնորհակալագրով, որ որոշել եմ ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին նվիրել լավագույն նախաձեռնություններով հանդես եկող երիտասարդներին ու պատանիներին: Ի վերջո, Սուրբ Սարգիսը երիտասարդների՛ տոնն է, նրանց ինքնարտահայտման, փոքր և մեծ հաղթանակների տոնը: Կարծում եմ, պետք է նրանց համար միշտ առիթներ ստեղծել սեփական տաղանդները դրսևորելու, մանավանդ, երիտասարդների պաշտպան Սուրբ Սարգսի տոնին:
Սիզավետից հետո մի կերպ կարողացա հասնել Մեծ Սեպասար գյուղը, որտեղ մի խումբ պատանիների հետ միասին կատարեցինք Սուրբ Հաղորդության երկրպագություն, ապա աղոթեցինք Սուրբ Սարգսի աղոթքները, բայց երիտասարդական կենտրոնում հանդիպում անել չհաջողվեց. բուքը շատ ուժեղ էր:
Ղազանչի ուղևորվելիս՝ մեքենաս ձյան մեջ կանգնեց-մնաց մոտ մեկ ժամ, դուրս եկա տղաների օգնությամբ: Ուրախությունս անսահման էր, երբ Ղազանչի հասնելով՝ տեսա, որ սաստիկ ձնաբուքը չխանգարեց նաև այս գյուղի պատանիներին մասնակցելու Տիրոջ Սուրբ Զոհին, ապա խնդրել Սուրբ Սարգսի բարեխոսությունը նաև սեփական աղոթքներով, որոնք այստեղ առավել շատ էին: Նրանց բոլորի աղոթքները կներկայացնեմ ստորև: Այստեղ ևս Պատարագից հետո զրուցեցինք միմյանց հետ, լավագույն աղոթքներ գրած պատանիները մեծ ուրախությամբ ընդունեցին շնորհակալագրերը:
Նախատեսել էինք Սուրբ Սարգսին նվիրված աղոթքներ ասել նաև Բավրայում, բայց ձնաբուքը էլ ավելի էր սաստկանում: Ստիպված եղա հետաձգել աղոթքները և բռնել տունդարձի դժվարին ճանապարհը: Չհաջողվեց: Ստիպված եղա գիշերել Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցում՝ օգտվելով Հայր Մարիոյի սիրալիր հյուրասիրությունից:
Հաջորդ օրը առավոտյան, երբ ձնաբուքը դադարել էր, և պարզկա, ցուրտ եղանակ էր, Բավրայում կարողացանք կազմակերպել մեր ամենշաբաթյա երիտասարդական հանդիպումը, քննարկեցինք օրվա ավետարանական հատվածը, ապա սովորականից ավելի ցուրտ եկեղեցում մատուցեցինք մեր Սուրբ Պատարագը՝ Բավրայի երիտասարդների դիտավորությամբ և որոշեցինք անպայման աղոթել նաև Սուրբ Սարգսին և պատանիների գրած շատ հուզիչ աղոթքները:
Սուրբ Պատարագից հետո երիտասարդական միության սրահում կազմակերպեցինք փոքրիկ գրական ցերեկույթ՝ նվիրված Վահան Տերյանին: Երիտասարդները մեծ հուզականությամբ ընթերցեցին Տերյանի բանաստեղծությունները, հատկապես, «Երկիր Նաիրի» շարքից, Տիրուհին ներկայացրեց Տերյանի կենսագրությունը, ապա զրուցեցինք տաք թեյի, սուրճի և կարկանդակի սեղանի շուրջ:
Նույն օրը՝ փետրվարի 9-ին տերյանական փոքրիկ ցերեկույթ կազմակերպեցին նաև Մեծ Սեպասարի պատանիները՝ Սուրբ Պատարագից հետո: Ընթերցեցին Տերյանի բանաստեղծությունները, պարեցին և դարձյալ զրուցեցինք մի փոքրիկ սեղանի շուրջ, մայրիկների հետ միասին:
Երիտասարդների և պատանիների աղոթքները
Անահիտ, 15 տարեկան, Բավրա
Հա՛յր մեր, շնորհակալ եմ քեզանից ամեն վայրկյան՝ կյանքի, ամեն հաջողության ու ամեն փորձառության համար։ Քո Սուրբ աջով թող աշխարհը ծածկվի խաղաղության հաստ շերտով, թող բոլոր մանուկների դեմքերին ժպիտ լինի, բոլոր մայրերի աչքերը չոր լինեն։ Տե՛ր Աստված, անօթևանին տու՛ն տուր, ծարավին ջու՛ր տուր, հիվանդին՝ առողջություն։ Տե՛ր, օգնիր բոլորին իրենց երազանքներին ու նպատակներին հասնել։ Մարդկանց սրտերը լցրու՛ սիրով ու վստահությամբ միմյանց հանդեպ։ Ու թող բոլորին ուժ ու զորություն տվողը լինի նրանց անսահման հավատն առ Աստված։ Ամեն։
Վեներա Պետրոսյան, 15 տարեկան
Տե՛ր իմ, օգնիր ինձ հասկանալ, որ Դու ես միակը կատարյալների մեջ, Դու ես ամենաբարձրն ու ամենակարողը, օգնիր հասկանալ, որ Դու ես ճշմարիտ Աստված, որ առանց Քեզ, առանց Քո օգնության ես ոչինչ եմ Ամրացրու՛ միտքս ու հոգիս, որ կարողանամ ճշմարիտ ուղղով հասնել Քեզ ու Երկնային արքայությանը, օգնի՛ր, որ զերծ մնամ մեղքի և գայթակղության բոլոր առիթներից։ Տեր, Քո առաջ ընկած աղաչում եմ Քեզ՝ ների՛ր հանցավորիս, քանզի անթիվ են մեղքերս, քանզի չկա ոչ ոք մեղավոր ինձ պես, ոչ ոք՝ ամբարիշտ, ոչ ոք՝ անօրեն, ես ինքս եմ միայն և ուրիշ ոչ ոք։ Ո՛վ Ամենակալ, շնորհակալ եմ Քեզ, շնորհակալ եմ ամեն ապրած վայրկյանիս համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ ես և իմ կողքին ցանկացած պահի։ Փա՛ռք Քեզ, Քո Որդուն և Սուրբ Հոգուն։ Ամէն։
Ռուզաննա, 12 տարեկան, Ղազանչի
Սուրբ Սարգիս, դու, որ բոլոր սիրահարների և ընտանիքների հովանավորն ես, քո զորավիգ սերը տու՛ր մեզ, չէ՞ որ հայը սիրո անչափ կարիք ունի: Սուրբ Սարգիս, եղի՛ր մեր սիրո հովանավորը, բարեխոսը՝ երջանկության և հավետ սիրո մեջ:
Սեդա, 11 տարեկան, Ղազանչի
Սուրբ Սարգիս զորավա՛ր, քո հովանու տակ վերցրու՛ իմ ընտանիքը, պահիր ու պաշտպանիր այն սերն ու հարգանքը, որ կա իմ ընտանիքում, որտեղ ես ապրում եմ ուրախ և երջանիկ:
Արտավազդ, 9 տարեկան, Ղազանչի
Սուրբ Սարգի՛ս, դու որ այնքան Հիսուսին մոտ ես, օգնի՛ր ինձ, որ ես էլ մեծ սիրով ու հպարտությամբ կատարեմ իմ Խորանի սպասավորության պարտքը՝ դեպի իմ Տեր Հիսուս Քրիստոսը, որ սիրեմ Նրան այնպես, որ իմ սերը երբեք-երբեք չպակասի:
Անահիտ Թովմասյան, 15 տարեկան, Ղազանչի
Աստվա՛ծ իմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ ունեցել եմ մինչև օրս, ունեմ այսօր և ունենալու եմ վաղը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ շրջապատող մարդկանց, հարզատներիս, ընկերներիս և ընտանիքիս համար: Չեմ ուզում խոսել քո տվածի չափի մասին, որովհետև այն անսահման է, որովհետև դու ինձ հնարավորություն ես տվել պայքարելու, հաղթահարելու, սիրելու և սիրվելու, որովհետև կյանք ես տվել, կյանք՝ քո Որդու կյանքի գնով:
Աղոթում եմ և խնդրում, Տեր իմ, որ պահապան լինես բոլորին, որ աշխարհում խաղաղություն տիրի, որ մարդիկ չչարանան միմյանց հանդեպ: Եվ վերջ ի վերջո, ուզում եմ, որ մարդիկ չկորցնեն հավատքը Քո հանդեպ, չհուսահատվեն, որ չդադարեն աղոթել, հավատալ ու սպասել:
Արգինե, Սիզավետ
Աստված իմ, ուժ տուր, որ դժվարություններս հաղթահարեմ Քո զորությամբ, լինեմ արժանի՝ Քո Սուրբ Մարմինն ու Արյունը ընդունելու, ունենամ կամք՝ կյանքում իմ բոլոր ծրագրերն ի կատար ածելու համար: Քեզ համար չկա ոչ մի խոչընդոտ, զորավոր Ամենափրկիչ Աստված: Խնդրում եմ, լինես միշտ իմ կողքին, որ կարողանամ կյանքս ապրել լիարժեք ճիշտ ճանապարհով: Աստված իմ և Տեր իմ, ներիր իմ բոլոր գիտակցված և չգիտակցված մեղքերը, որ գործել եմ Քո կամքին հակառակ: Տեր իմ, խնդրում եմ, հեռու պահես ինձանից մեղքի բոլոր առիթքները: Ամենագութ և երանելի Աստված, շնորհակալ եմ Քեզ՝ իմ ամեն լուսացրած օրվա համար: Փառք Քեզ Տեր Աստված մեր. Ամեն:
Տ. Հովսեփ Գալստյան