• «Երանի՛ հոգով աղքատներին». ի՞նչ է նշանակում Հիսուսի այս խոսքը

    Մենք միշտ պետք է ձգտենք սրտի ազատությանը, այն ազատությանը, որն արմատավորված է մեր իսկ անձի աղքատության մեջ


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի փետրվարի 5-ի ընդհանուր ուկնդրության ամբողջական տեքստը:

     

    Բարև ձեզ, հարգելի եղբայրնե՜ր և քույրե՜ր։

     

    Այսօր միասին մենք կխոսենք Մատթեոսի Ավետարանի Երանության ութ պատվիրաններից առաջինի մասին: Հիսուս սկսում է հաջողության Իր ճանապարհը հռչակել պարադոքսալ արտահայտությամբ. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5, 3): Աղքատությունը երանության անսպասելի մի ճանապարհ և տարօրինակ առարկա է:

     

    Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է ակնարկում Մատթեոսը՝ «աղքատ» բառն ասելիս: Եթե Մատթեոսը միայն այս բառը կիրառեր, ապա այն կունենար բացառապես տնտեսական նշանակություն, այսինքն այն կմատնանշեր մարդկանց, ովքեր չունեն գոյության բավարար միջոցներ և աջակցության, օգնության կարիք ունեն:

     

    Մաթտեոսի Ավետարանն ի տարբերություն Ղուկասի Ավետարանի խոսում է «հոգով աղքատների» մասին (οἱ πτωχοὶ τω̣ πνεύματι, սակայն Ղուկասի Ավետարանում օգտագործված է միայն οἱ πτωχοὶ՝ աղքատներին):

    Ի՞նչ է դա նշանակում:

    Ըստ Աստվածաշնչի, հոգին Աստծո պարգևած կյանքի շունչն է Ադամին: Դա մեր առավել նվիրական կողմն է, այսպես ասած հոգևոր կողմը, որը մարդուն դարձնում է մարդ, դա մեր ինքնության խորագույն առանցքն է: Այս իմաստով «հոգով աղքատները» նրանք են, ովքեր իրենց էությամբ զգում են, որ աղքատ են: Հիսուս նրանց հռչակում է երանելիներ, որովհետև նրանց է պատկանում Երկնքի Արքայությունը:

     

    Որքա՜ն հաճախ ենք մենք հակառակը պնդել, որ կյանքում պետք է լինել ինչ-որ մեկը, ճանաչում ձեռք բերել… Հենց սա՛ է ծնում միայնություն և դժբախտություն. եթե ես պետք է դառնամ «ինչ-որ մեկը», ապա ես մրցում եմ ուրիշների հետ և ապրում եմ անհանգստանալով իմ «ես»-ի համար: Եթե ես չեմ ուզում աղքատ լինել, ապա սկսում եմ անիծել այն ամենը, ինչն ինձ հիշեցնում է իմ փխրունության մասին, քանի որ այդ փխրունությունը ինձ խանգարում է դառնալ կարևոր անձնավորություն, հարուստ՝ ոչ միայն փողերով, այլ նաև՝ համբավով և շատ այլ բաներով:

     

    Ամեն մարդ լավ հասկանում է, որ ինչքան էլ ձգտի, միևնույն է մնում է արմատապես թերի ու խոցելի: Գոյություն չունի այնպիսի դիմահարդարում, որը կթաքցներ այդ խոցելիությունը: Մեզանից յուրաքանչյուրը ներքուստ խոցելի է և պետք է հստակ իմանա, թե հենց որտեղ: Որքա՜ն վատ ենք մենք ապրում, երբ անտեսում ենք մեր սեփական կարողությունները: Այս պարագայում ապրելը դժվարանում է: Դժվար է թաքցնել քո ներքին կարողությունը, քանի որ դրանք իրենց մասին իմաց են տալիս: Հպարտները օգնություն չեն խնդրում, նրանք չեն կարող օգնություն խնդրել, նրանց մոտ չի ստացվում օգնություն խնդրել, քանի որ նրանք պետք է ինքնավստահ երևան: Որքա՜ն օգնության կարիք ունեն, սակայն հպարտությունը թույլ չի տալիս խնդրել: Եվ որքա՜ն դժվար է ընդունել սխալն ու ներեղություն խնդրել: Նորապսակներին խորհուրդ տալիս, ովքեր հարցնում են, թե ինչպես լավ ամուսնական կյանք ապրեն, ես միշտ ասում եմ. «Գոյություն ունեն երեք հրաշագործ բառեր. «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներիր»: Այս բառերը բխում են հոգու աղքատությունից: Չպետք է լինել պնդերես, սակայն անհրաժեշտ է թույլտվություն խնդրել. «Ի՞նչ ես կարծում սա արժի անել»: Այսպիսին պետք է լինի երկխոսությունը ընտանիքում, այսպիսի երկխոսություն պետք է վարեն ամուսինները: «Շնորհակալություն, որ դա ինձ համար արեցիր, ես դրա կարիքն իսկապես ունեի»: Մենք միշտ սխալներ ենք թույլ տալիս, ընկրկում և ասում «ների՛ր»: Սովորաբար նորապսակները ասում են. երրորդ բառը, երբ մենք ներեղություն ենք խնդրում, ամենադժվարն է: Հպարտի մոտ դա չի ստացվում: Նա չի կարող ներեղություն խնդրել, քանի որ նա միշտ ճիշտ է: Նա հոգով աղքատ չէ: Սակայն Աստված երբեք չի հոգնում ներելուց. մե՛նք ենք, որ, ցավոք սրտի, հոգնում ենք ներողություն խնդրել: Հոգնում ենք ներողություն խնդրել. դա վա՜տ հիվանդություն է:

     

    Ինչու՞ է այդքան դժվար ներողություն խնդրել: Քանի որ դա նսեմացնում է մեր երկերեսանի, կեղծավոր կերպարը: Այնուամենայնիվ, դժվար ու տանջալից է սեփական թերությունները թաքցնելով ապրելը: Հիսուս Քրիստոս մեզ ասում է. աղքատ լինելը շնորհ ստանալու հնարավորություն է և Նա մեզ ցույց է տալիս, թե ինչպե՛ս ազատվենք այդ տառապանքներից: Նա մեզ պարգևել է հոգով աղքատ լինելու իրավունքը, քանի որ դա Երկնքի Արքայության ճանապարհն է:

     

    Սակայն կա նաև մի շատ կարևոր հանգամանք. մենք չպե՛տք է կերպարանափոխվենք, որպեսզի դառնանք հոգով աղքատներ, պետք չէ փոխակերպվել, քանի որ մենք արդեն իսկ այդպիսին ենք: Մենք աղքատ ենք, ավելի ստույգ մենք հոգով մուրացկաննե՛ր ենք: Ամեն ինչի կարիքն ունենք: Բոլոր հոգով աղքատներս մուրացկաններ ենք և դա մարդկային վիճակ է:

     

    Աստծո Արքայությունը պատկանում է հոգով աղքատներին: Ոմանք տիրում են այս աշխարհի թագավորությանը. ապրում են բարեկեցիկ և անհոգ կյանքով: Սակայն այդ թագավորությունները ժամանակավոր են: Մարդու իշխանությունը և անգամ ամենահզոր կայսրությունները անցողիկ են և անհետանում են: Որքան հաճախ ենք մենք լսում լուրերով կամ կարդում թերթերում, որ այս կամ այն իշխանավորը, այս կամ այն կառավարությունը այլևս գոյություն չունի: Այս աշխարհի հարստությունը անցողիկ է: Ծերունիները մեզ սովորեցրել են, որ պատանքը չունի գրպաններ և դա ճիշտ է: Ես երբեք չեմ տեսել, որ մահվան թափորի հետևից բեռնատար մեքենա գնա. ոչ ոք իր հետ ոչինչ չի տանում, այդ հարստությունները մնում են այստեղ:

     

    Ինչպե՞ս է Քրիստոսը դրսևորել Իր իշխանությունը: Նա կարողացավ անել այն, ինչը չեն անում երկրային թագավորները. մարդկանց համար զոհաբերեց Իր կյանքը: Սա՛ է իսկական իշխանությունը. եղբայրության, գթության, սիրո, խոնարհության իշխանությունը: Հենց դա էլ արեց Հիսուս Քրիստոսը: Սա է իրական ազատությունը. նա, ով ունի խոնարհության, ծառայության, եղբայրության իշխանություն, իսկապես ազատ է: Հենց այս ազատությանն է ծառայում Երանության պատվիրաններում գովաբանված աղքատությունը: Քանի որ կա աղքատություն, որը մենք պետք է ընդունենք, դա մեր վիճակի աղքատությունն է, կա նաև աղքատություն, որին մենք պետք է ձգտենք, որպեսզի սիրելու ունակ լինենք, քանի որ դա այս նյութական աշխարհից ազատ աղքատություն է: Մենք միշտ պետք է ձգտենք սրտի ազատությանը, այն ազատությանը, որն արմատավորված է մեր իսկ անձի աղքատության մեջ:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց