• Սուրբ Հաղորդության երկրպագություն՝ Հայկական Կարիտասի առաքելության համար

    Տե՛ր, օգնի՛ր, որ կարողանանք գնահատել եւ սիրել մեզ Քո կողմից շնորհված պարգեւները՝ միասնականության, աղոթքի, հոգեւոր ապրումի փոքրիկ առիթները…


    Ի նկատի ունենալով աղոթական կյանքի կարևորությունը Հայկական Կարիտասի առաքելության մեջ՝ 2020թ. հունվարից սկսեցինք միասնական աղոթական մի նոր ձեռնարկ, որ, վստահ ենք, Սուրբ Հոգու ներգործությամբ, տալու է ցանկալի հոգևոր պտուղները: Հայկական Կարիտասի Գյումրիի կենտրոնների աշխատակիցների համար կազմակերպեցինք Սուրբ Հաղորդության երկրպագություն՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում: Երկրորդ միասնական երկրպագությունը տեղի ունեցավ փետրվարի 6-ին:

     

    Երկրպագությունից առաջ Կարիտասի աշխատակիցներին ողջույնի խոսքով դիմեց Գյումրիի հայ կաթողիկէների հոգևոր հովիվ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը: Նրա խոսքի հիմնական շեշտադրությունը Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելու անհրաժեշտությունն էր, որ պետք է լինի հիմք՝ Սուրբ Հաղորդության վսեմ խորհուրդը հասկանալու և սիրելու համար: Առանց Քրիստոսի հետ մտերիմ աղոթական հարաբերության, առանց աստվածճանաչողության, հնարավոր չէ երկրպագել Հիսուսի Մարմինը, հասկանալ Սուրբ Պատարագը և Պատարագին մասնակցելու կարևորությունը, շեշտեց Տ. Գրիգորը և Կարիտասի աշխատակիցներին խնդրեց իրենց աշխատանքային հույժ կարևոր եռուզեռի մեջ նաև ժամանակ գտնել Քրիստոսի մասին խորհրդածելու համար: Քրիստոսի հետ մտերմությունը, նրան ճանաչելու ցանկությունը հիմնական գրավականն է՝ քրիստոնյայի հոգևոր աճման և, մանավանդ, Հայկական Կարիտասի առաքելության կատարման համար: Հարկավոր է Քրիստոսին մոտենալ սեփակա՛ն նախաձեռնությամբ, ազատորե՛ն, որպես աստվածային կոչում, բացատրեց նա և իր ուրախությունը հայտնեց՝ Կարիտասի աշխատակիցներին միասնաբար աղոթքի մասնակցելու այս գեղեցիկ առիթի համար:

     

    «Հացս այս Մարմին» շարականով սկսեցինք Սուրբ Հաղորդության երկրպագությունը, աղոթեցինք գեղեցիկ, պարզ լեզվով գրված աղոթքներ, որոնց ընթացքում նաև դարձյալ փոքրիկ բացատրություններ տվեցի, թե ինչ է նշանակում Սուրբ Հաղորդությունը, ինչի համար ենք կատարում երկրպագությունը և թե ինչ նպատակ ունի այն կազմակերպել Հայկական Կարիտասի համար: Նպատակը շատ հստակ է՝ Կարիտասի աշխատակիցների համար ստեղծել հնարավորություն՝ միասնական աղոթքի, Տեր Հիսուս Քրիստոսի Զոհաբերությունը, Սուրբ Հաղորդությունը հասկանալու և սիրելու համար, որն իր հերթին հիմքեր կստեղծի՝ առավել լավ հասկանալու և սիրելու Սուրբ Պատարագը: Եվ, ի վերջո, աղոթքը լրու՛մն է այն աշխատանքի, որ մշտապես կատարում ենք կենտրոններում՝ աշխատակիցների և շահառուների հոգևոր առաջխաղացման համար և որը պետք է կատարենք՝ մշտապես նոր, արդյունավետ ճանապարհներ որոնելով:

    Ես հավատում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ իրական դրական փոփոխություններ բերողը ոչ թե մենք ենք, այլ՝ Աստված Ինքը՝ մեր միջոցով: Ներկայի և ապագայի հանդեպ ինձ վստահություն են ներշնչում նաև այն հոգևոր պտուղները, որ անվիճելիորեն տեսանելի են Հայկական Կարիտասի աշխատակիցների մեջ և օրեցօր զարգանում են իրե՛նց իսկ ջանքերով, որ չեն զլանում գործադրել՝ իրենց կատարած մեծ աշխատանքին զուգահեռ: Այս ամենի համար հարկ է փառք տալ Աստծուն ամեն վայրկյան:

     

    Մեծ ուրախություն էր, որ այսօր ներկա էր նաև լիբանանահայ Տկն. Զվարթ Նաջարյանը, որ հեռավոր 1995-ին եղավ առաջին նախաձեռնողը Հայկական Կարիտասի ստեղծման՝ Արհ. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի առաջնորդական հովանու ներքո, աղոթքով և տքնաջան աշխատանքով:

     

     

    Սուրբ Հաղորդության երկրպագությունն ավարտեցինք՝ միասնաբար աղոթելով Հայկական Կարիտասի առաքելության համար: Այս կարևոր աղոթքը մտադիր ենք կատարել յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբթի օրը՝ ամեն անգամ տարբեր դիտավորություններով:

     

     

    Աղոթք՝ Սուրբ Հաղորդության առջեւ՝

    Հայկական Կարիտասի առաքելության համար

     

    Տեր Հիսուս, ահա՛ եկել ենք Քո Սուրբ Հաղորդության առջեւ՝ արտահայտելու մեր սերը՝ Քո նկատմամբ, սեր, որը մեր կազմակերպության անվանումն է եւ որը հրավիրված ենք ապրելու եւ գործադրելու մեր առաքելության եւ աշխատանքի մեջ:

     

    Օգնի՛ր մեզ, Տե՛ր, առավել խորությամբ ըմբռնել այդ սիրո ամբողջ տարողությունը, իմաստը եւ հեռանկարը:

     

    Օգնի՛ր մեզ, Տե՛ր, միշտ գիտակցել, որ այդ սիրո աղբյուրը Դու ես, առաջին ուսուցիչը Դու ես, որ Քո կյանքով եւ Խաչի վրա կատարած զոհաբերությամբ սովորեցրիր մեզ, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն եւ սիրել միմյանց:

     

    Օգնի՛ր, Տե՛ր, Քեզանից սովորել, թե ինչպե՛ս պետք է սիրել աղքատներին, արհամարհվածներին, կյանքի դժվարին պայմաններում ապրող մեր եղբայրներին ու քույրերին, տարեցներին եւ մանուկներին, բոլոր նրանց, ովքեր մեր ուշադրության կարիքն ունեն, մեր ընկերակցության եւ ուղեկցության կարոտն ունեն:

     

    Օգնի՛ր, Տե՛ր, լինել մարդ արարածի նկատմամբ Քո աստվածային սերը փոխանցող ջերմ սրտեր, Քո աստվածային զորությունն ու մխիթարությունը փոխանցող ձեռքեր, Քո ներկայությունը առօրյա կյանքի դժվարությունների մեջ նկատելու կենդանի հրավերներ եւ ճշմարտացի նշաններ:

     

    Օգնի՛ր, Տե՛ր, մշտապես գիտակցել Հայկական Կարիտասի առաքելության աստվածային արմատները, գործունեության ավետարանական հիմքերը, Քո Սուրբ Եկեղեցու փրկարար առաքելությունը կիսելու կոչումը եւ բերկրա՛նք ապրել, հպարտանա՛լ այդ փաստով:

     

    Օգնի՛ր, Տե՛ր, երբեք չամաչել վկայելու մեր առաքելության հոգեւոր ինքնությունը՝ հետեւելով Քո օրինակին եւ մեր հազարաւոր եղբայրների եւ քույրերի օրինակին, որ այսօր աշխարհի տարբեր ծայրերում զոհում են իրենց կյանքը՝ վկայելով իրենց սերն ու հավատարմությունը Քո նկատմամբ:

     

    Օգնի՛ր, Տե՛ր, որպեսզի մշտապես աճենք Քո նկատմամբ մեր սիրո, Քո կամքի եւ Խոսքի ճանաչողության մեջ, Քո Սուրբ Հաղորդության եւ Սուրբ Պատարագի հանդեպ ջերմեռանդ սիրո եւ աղոթասիրության մեջ՝ զուգահեռ մեր մասնագիտական եւ աշխատանքային աճին:

    Օգնի՛ր, Տեր՛, միշտ գիտակցել, որ առանց հոգեւոր աճի, անհնար է արձանագրել երկարաժամկետ եւ ազդեցիկ աշխատանքային արդյունքներ, գիտակցել, որ Կարիտասում յուրաքանչյուր աշխատանքային հաջողության արժեքը Քո առաջ որոշվում է մեր հոգեւոր ջանքերի հաջողությամբ:

     

     

    Վերջապես, Տե՛ր, օգնի՛ր, որ կարողանանք գնահատել եւ սիրել մեզ Քո կողմից շնորհված պարգեւները՝ միասնականության, աղոթքի, հոգեւոր ապրումի փոքրիկ առիթները, մեր կարիքավոր եղբայրների եւ քույրերի երկար սպասված ժպիտները, նրանց փոքրիկ հաջողությունները, հաղթանակները եւ շնորհակալություն հայտնենք Քեզ՝ այդ ամենի համար:

     

    Սովորեցրու՛ մեզ առանց վարանելու հավատալ, որ Դու ճշմարտապե՛ս ներկա ես Սուրբ Հաղորդության մեջ՝ հացի նշխարի տեսքով, որ Դու իրո՛ք այդ փոքրիկ կտորի մեջ ես եւ նայում ես յուրաքանչյուրիս՝ Քո քնքուշ, ամեն ինչ հասկացող եւ ներող, բայց կարոտած աստվածային հայացքով. Ամեն:

     

     

    Տ. Հովսեփ

    6 փետրվարի, 2020

     

     

Օրացույց

Օրացույց