• «Նույնիսկ իր թուլությամբ տարեց մարդը կարող է դառնալ փրկության պատմական գործիք»

    «Հովվական գիտակցության, ճանաչողական նոր գործընթացի սկիզբը»


     

    Ծերությունը հիվանդություն չէ, այլ` արտոնյալ վիճակ, առավելություն. Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետն այս մասին հիշեցրեց միջազգային համագումարի մասնակիցներին, որը վերաբերում էր տարեցների հետ հովվական աշխատանքին:

     

    Հունվարի 31-ին Նորին Սրբությունը հանդիպեց «Հովվական խնամք՝ տարեցների նկատմամբ» միջազգային համագումարի մասնակիցների հետ: «Տարիների հարստությունը» խորագիրը կրող այս համագումարը կազմակերպել էր Սուրբ Աթոռի Աշխարհականների, ընտանեկան և կյանքի հարցերով զբաղվող Վարչությունը:

     

    «Տարիների հարստությունը,-ասաց Սրբազան Քահանայապետը,- յուրաքանչյուր մարդու հարստությունն է, ով ունի երկար տարիների կյանք, փորձառություն և հարուստ պատմություն: XXI դարում ծերությունը դարձել է մարդկության տարբերակիչ հատկանիշներից մեկը. ընդամենը մի քանի տասնամյակների ընթացքում ժողովրդագրական բուրգը գլխիվայր շուռ է եկել: Մի ժամանակ նրա համար հիմք էին հանդիսանում մեծաթիվ երեխաներն ու երիտասարդները, իսկ գագաթը կազմում էին փոքրաթիվ տարեցները, սակայն այսօր պատկերն այլ է: Եթե առաջ աշխարհի բոլոր տարեց մարդիկ կարող էին բնակեցնել մի փոքրիկ պետություն, ապա այսօր նրանք այնքան շատ են, որ մի մայրցամաքն էլ է փոքր նրանց համար: Ներկայիս հասարակության համար տարեցների այսքան մեծ թիվը համարվում է նորարարություն: Բացի այդ, նշեց Ֆրանցիսկոս Պապը, այսօր ծերության ժամանակահատվածին համապատասխանում են անհավասար կյանքի փուլեր. շատերի համար ծերությունը պարզապես տարիք է, երբ ավարտվում է աշխատանքային գործունեությունը, ուժերը թուլանում են և ի հայտ են գալիս հիվանդության նախանշաններ, ունենում են օգնության կարիք և սոցիալական մեկուսացում, սակայն մյուսների համար ծերությունը ֆիզիկական և հոգեկան բարեկեցության երկար ժամանակահատվածի սկիզբ է և ազատում աշխատանքային պարտականություններից:

     

    Այս երկու իրավիճակներում ինչպե՞ս ապրել կյանքի այդ ժամանակահատվածը: Ի՞նչ իմաստ հաղորդել այդ փուլին, որը շատերի համար երկարատև է: Սոցիալական ապակողմնորոշումը, ինչպես նաև մեր հասարակության կողմից տարեցների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունն ու օտարումը կոչ է ոչ միայն Եկեղեցուն, այլ նաև բոլոր մարդկանց, որպեսզի լրջորեն մտածեն մարդկային ծերության արժեքների մասին: Նախ պետությունները պետք է արձագանքեն նոր ժողովրդագրական մարտահրավերին՝ ելնելով տնտեսական նկատառումներից, հետո էլ քաղաքացիական հասարակությունը կարիք ունի յուրացնելու երրորդ և չորրորդ մարդկային տարիքային փուլի արժեհամակարգը: Եվ հենց այս արժեհամակարգի խթանման գործում նշանակալից դեր կարող է ունենալ եկեղեցական համայնքը:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց «խնամք տարեցների նկատմամբ» թեմայով միջազգային համագումարի կարևորությունը և մասնակիցներին դիմեց խնդրանքով, որպեսզի սա չլինի եզակի նախաձեռնություն, այլ՝ հովվական գիտակցության, ճանաչողական  նոր գործընթացի սկիզբը: Անհրաժեշտ է փոխել «մեր հովվական սովորույթները և արձագանքել բազում տարեց մարդկանց ներկայությանը ընտանիքներում ու համայնքներում»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Աստվածաշնչում երկարակեցությունը համարվում է օրհնություն. «Այն փաստարկում է մեր փխրուն լինելը, միմյանցից կախվածությունը, մեր ընտանեկան ու համայնքային կապերը, սակայն, նախևառաջ մեր՝ Աստծո զավակներ լինելը»:

     

    «Ծերություն շնորհելով՝ Հայր Աստված ժամանակ է տալիս, որպեսզի մենք խորապես ճանաչենք Նրան, ավելի մոտենանք, առավել խորը ներթափանցենք Նրա սիրտն ու ինքներս մեզ վստահենք Իրեն: Զավակի վստահությամբ մեր հոգին վերջնականապես Նրա ձեռքը հանձնելու համար նախատեսված ժամանակահատվածն է սա: Սակայն դա նաև թարմացված  պտղաբերության ժամանակն է: «Նրանք պտղաբեր կլինեն նաև ծերության ժամանակ՝ գիրգ ու փափուկ»,-ասում է սաղմոսերգուն (Սղմ. 91,15): Իրապես, փրկության մասին Աստծո նախախնամությունը, ծրագիրը իրականացվում է նաև ամուլ և անզոր մարմիններում»:

     

    Ֆրանցիսկոս Պապը վկայակոչեց Սառայի և Աբրահամի, Եղիսաբեթի և Զաքարիայի աստվածաշնչյան օրինակները. «Նույնիսկ իր թուլությամբ տարեց մարդը կարող է դառնալ փրկության պատմական գործիք»: Եկեղեցին շատ լավ է հասկանում այս հանգամանքը և դրա համար էլ փորձում է դառնալ միջավայր, որտեղ սերունդներն ապրում են միասնության մեջ և փոխանակում են Սուրբ Հոգու պարգևները:

     

    Տարեցների մասին խոսելիս՝ մենք պետք է փոխենք բայերի ժամանակաձևերը, շարունակեց Ֆրանցիսկոս Պապը.

     

    «Դա ոչ միայն անցյալ ժամանակաձևն է, որ, իբր տարեցների համար գոյություն ունի միայն անցյալում մնացած կյանքն ու բորբոսած արխիվը: Ո՛չ: Աստված կարող է և ուզում է նրանց հետ միասին գրել նոր էջեր. սրբության, ծառայության և աղոթքի էջեր: Ես այսօր ցանկանում եմ ձեզ ասել, որ տարեցները Եկեղեցու ներկան ու վաղվա օրն են: Այո՛, նրանք նույնպես Եկեղեցու ապագան են և երիտասարդության հետ միասին մարգարեանում ու երազում են: Ահա, թե ինչու այդքան կարևոր է, որ տարեցներն ու երիտասարդները շփվեն միմյանց հետ»:

     

    «Ծերությունը հիվանդություն չէ,-շարունակեց Նորին Սրբությունը: -Դա առավելություն է: Հիվանդություն կարող է համարվել միայնությունը, սակայն մենք այն կարող ենք բուժել սիրով, մտերմությամբ և հոգևոր մխիթարանքով»:

     

    Կրկին անդրադառնալով տարեցների հովվական խնամքին՝ Ֆրանցիսկոս Պապը կոչ արեց այս խնդրով չզբաղվել ժամանակ առ ժամանակ, այլ այն դարձնել մեր համայնքների բաղկացուցիչ մասը: Դիմելով երիտասարդներին՝ Սրբազան Քահանայապետը խնդրեց նրանց օգնել եպիսկոպոսներին տարեցների նկատմամբ հովվական ծառայության խթանման գործում:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց