Լինել պատրաստակամ և արագաշարժ՝ Տիրոջ Խոսքի տարածելու մեջ
«Մեր շրջապատում կատարվող իրադարձությունների վրա զարմանալու ունակությունը նպաստում է մեր կրոնական փորձառությանը և Աստծո հետ հանդիպումը դարձնում է արգասաբեր: Եվ հակառակը, զարմանալու հատկության բացակայությունը մեզ դարձնում է անտարբեր և մեծացնում է հեռավորությունը առօրյա կյանքի ու հավատքի միջև»,-ընդգծեց Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության ժամանակ` փետրվարի 2-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:
«Մենք այսօր տոնում ենք Տյառնընդառաջը, որը մեզ հիշեցնում է այն մասին, թե ինչպես են Սուրբ Կույս Մարիամն ու Սուրբ Հովսեփը նորածին Հիսուսին բերում Եկեղեցի»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը, նշելով, որ ըստ ավանդության այսօր Կաթողիկէ Եկեղեցին տոնում է նաև Աստծուն ընծայված կյանքի օրը: Նորին Սրբությունը «Եկեղեցու թանկարժեք գանձեր» անվանեց բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են Աստծուն՝ իրենց ամբողջ կյանքի ընթացքում խոստովանելով Ավետարանի նկատմամբ նվիրումը:
Ֆրանցիսկոս Քահանայապետը, մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը (Ղկ. 2, 22-40), հավատացյալներին խնդրում է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ղուկաս ավետարանիչը կարծես «նկարում է» այս դրվագի չորս մասնակիցների դեմքերը՝ ցույց տալով Աստծո հետ հանդիպման ժամանակ նրանց ապրումները, հուզմունքը.
«Մարիամի ու Հովսեփի, Սիմեոնի ու Աննայի դեմքերն են, ովքեր հանդիսանում են Աստծուն ընդունելու և Նրան իրենց կյանքը նվիրելու տիպարներ: Այս չորսը շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է այն, որ նրանք փնտրում էին Աստծուն և թույլ տալիս, որպեսզի Աստված իրենց առաջնորդի»:
Այնուհետև Ղուկաս ավետարանիչը նրանց բոլորին ներկայացնում է շարժման մեջ ու զարմացած, նշեց Ֆրանցիսկոս Պապը. Մարիամն ու Հովսեփը ուղևորվում են Երուսաղեմ: Սիմեոնը, ում առաջնորդում էր Սուրբ Հոգին, գալիս է տաճար այն ժամանակ, երբ Աննան անդադար, գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն.
«Ավետարանի այս դրվագի չորս գործող անձինք մեզ ցույց են տալիս, որ քրիստոնեական կյանքը պահանջում է զարգացում, շարժում, և ճանապարհ ընկնելու պատրաստակամություն՝ իհարկե, Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Անշարժությունը չի համապատասխանում քրիստոնեական վկայությանը և Եկեղեցու առաքելությանը: Աշխարհը կարիք ունի պատրաստակամ քրիստոնյաների, ովքեր չեն հոգնում կյանքի ճանապարհներով քայլելուց՝ բոլորին ավետելով Հիսուսի մխիթարական խոսքը»:
Յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա կանչված է հռչակելու Հիսուսին և Ավետարանը, շարունակեց Սրբազան Քահանայապետը. եկեղեցական ծխերն ու համայնքները պետք է երիտասարդությանը, ընտանիքներին և տարեց մարդկանց հաղորդակից դարձնեն քրիստոնեական փորձառությանը:
Երկրորդ առանձնահատկությունը, որը Ղուկաս ավետարանիչը վերագրում է այս չորս անձանց,- նրանց զարմանալու ունակությունն է: Մարիամն ու Հովսեփը «զարմանում էին այն խոսքերի համար, որ ասում էին Նրա մասին (Հիսուսի մասին)»: Սիմեոնը՝ Մանուկ Հիսուսի մեջ տեսնելով Աստծո խոստացած փրկությունը Իր ժողովրդի համար, նույնպես զարմացած է. նա երկար տարիներ այս փրկությանն էր սպասում: Նույնը վերաբերում է նաև մարգարեուհի Աննային, ով նույնպես սկսեց «փառաբանել Աստծուն» և խոսել Նրա մասին բոլոր նրանց հետ, ովքեր Տաճարում փրկության էին սպասում: Ֆրանցիսկոս Պապը նրան անվանեց «սուրբ շատախոս», քանի որ նա «շատախոսել» էր լավ բանի մասին՝ հռչակել էր Հիսուսին: «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, միշտ շարժման մեջ եղե՛ք՝ անկեղծորեն զարմանալու պատրաստակամությամբ»,-հորդորեց Նորին Սրբությունը:
«Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ ամեն օր խորհրդածել Հիսուսով մեզ տրված Աստծո պարգևների մասին և ուրախալից զարմանքով ներգրավվել այդ շնորհի շարժման մեջ, որպեսզի մեր ամբողջ կյանքը դառնա փառաբանություն Աստծուն՝ եղբայրներին ծառայելիս»,- կոչ արեց Ֆրանցիսկոս Պապը իր խորհրդածության ավարտին:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը