Մեզ բոլորիս համար այսօր օգտակար կլինի վերցնել Մատթեոսի Ավետարանը, բացել հինգերորդ գլուխը՝ 1-11 տողերը, և կարդալ Երանության պատվիրանները
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2020թ. հունվարի 29-ի ընդհանուր ուկնդրության քարոզը՝ ամբողջությամբ։
Բարև ձեզ, հարգելի եղբայրնե՜ր և քույրե՜ր։
Այսօր մենք կխորհրդածենք երանիների մասին, որ կարդում ենք Մատթեոսի Ավետարանում (5, 1-11)։ Այս տեքստը, որը ներկայացնում է «Լեռան քարոզը», լուսավորել է ինչպես հավատացյալների, այնպես էլ շատ անհավատների ճանապարհը։ Հիսուսի խոսքերը չեն կարող չդիպչել մարդու հոգուն, ու շատ արդար է՝ դրանք խորապես հասկանալու և ընդունելու ցանկությունը։ Երանիները հանդիսանում են քրիստոնյայի «ինքնությունը հաստատող վկայագիրը»՝ մեր և ձեր ինքնության վկայագիրը, քանզի դրանք բնորոշում, ուրվագծում են Հիսուս Քրիստոսի դիմագիծն ու կենսակերպը։
Եկե՛ք հիմա դիտարկենք Հիսուսի այդ խոսքերն ամբողջությամբ և մեկնաբանենք երանիները:
Ամենից առաջ շատ կարևոր է, թե ինչպես է տեղի ունենում այդ ուղերձի հռչակումը․ տեսնելով Նրան հետևող ժողովրդի բազմությունը՝ Հիսուս բարձրանում է Գալիլիայի ծովը եզրապատող լեռան վրա, նստում է և դիմելով աշակերտներին՝ սովորեցնում երանիները։ Այսպիսով այդ ուղերձը հասցեագրված է աշակերտներին, սակայն հորիզոնում գտնվում է բազմությունը՝ այսինքն ամբողջ մարդկությունը։ Խոսքը գնում է ողջ մարդկությանը հասցեագրված ուղերձի մասին։
Բացի այդ, «լեռը» խորհրդանշում է Սինա լեռը, որտեղ Աստված Մովսեսին տվեց պատվիրանները։ Հիսուս սկսում է ուսուցանել նոր օրենքը․ Նա սովորեցնում է լինել աղքատ, հնազանդ, բարեգութ։ Այս «նոր պատվիրանները» ավելին են, քան օրենքն է։ Իրապես, Հիսուս ոչինչ չի նախասահմանում, այլ ցույց է տալիս երջանկության ճանապարհը՝ Ի՛ր ճանապարհը՝ ութ անգամ կրկնելով «երանիներ» բառը։
Յուրանքանչյուր երանի բաղկացած է երեք մասից։ Սկզբում միշտ գրվում է «երանի՜» բառը, այնուհետև հաջորդում է իրավիճակը, որում գտնվում են երանելիները․ հոգու աղքատություն, տառապանք, քաղց ու արդարության ծարավ և այլն: Վերջապես նշվում է երանության պատճառը, որը բացահայտվում է «որովհետև» շաղկապի միջոցով․ «Երանի՜ նրանց, որովհետև․․․»։ Այսպիսով, գոյություն ունեն ութ երանիներ, և լավ կլինի դրանք անգիր սովորել ու միշտ կրկնել, որպեսզի Հիսուսի շնորհած այդ օրենքը լինեն մեր սրտում ու մտքում։
Ուշադրություն դարձնե՛նք այն հանգամանքի վրա, որ երանության պատճառը ներկայիս իրավիճակը չէ, այլ՝ նոր կարգավիճակը, որը երանելիները ստանում են Աստծուց որպես շնորհ․ «Որովհետև նրա՛նցն է Երկնքի Արքայությունը», «որովհետև նրանք պիտի մխիթարվեն», «որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» և այլն։
Երրորդ մասում, որն հանդիսանում է երջանկության պատճառը, Հիսուս հաճախ է կիրառում կրավորական սեռի ապառնի ժամանակաձևը․ «պիտի մխիթարվեն», «պիտի ժառանգեն», «պիտի հագենան», «պիտի ողորմություն գտնեն», «Աստծո որդիներ պիտի կոչվեն»։
Ի՞նչ է նշանակում «երանիներ» բառը։ Ի՞նչու է Երանության ութ պատվիրաններից յուրաքանչյուրը սկսվում «երանի՜» բառով։ Ի սկզբանե այդ տերմինը չի նշանակել լի ստամոքսով մարդ կամ մեկը՝ ով անհոգ է։ Այն մատնանշում է մեկին, ով գտնվում է երանելի վիճակում, նրան, ով ընթանում է Աստծո շնորհով և Նրա ճանապարհով, որը նշանակում է համբերություն, աղքատություն, ծառայություն մարդկանց, սփոփանք։ Նրանք, ովքեր առաջնորդվում են այս սկզբունքներով, կլինեն օրհնված ու երջանիկ։
Ինքն Իրեն մեզ նվիրելով՝ Աստված հաճախ ընտրում է աներևակայելի ճանապարհներ, և դրանք նույնիսկ կարող են լինել մեր սահմանափակումների, արցունքների, պարտությունների ուղիները։ Դա հենց այն զատկական ուրախությունն է, որի մասին խոսում են արևելքի մեր եղբայրները, խաչին բարձրացված, սակայն կենդանի, ով անցել է մահվան միջով և զգացել է Աստծո զորությունը։ Երանության պատվիրանները միշտ տանում են դեպի ուրախություն. դա ուրախության ճանապարհն է։ Մեզ բոլորիս համար այսօր օգտակար կլինի վերցնել Մատթեոսի Ավետարանը, բացել հինգերորդ գլուխը՝ 1-11 տողերը, և կարդալ Երանության պատվիրանները։ Միգուցե, նաև, կարդալ մի քանի անգամ շաբաթվա ընթացքում, որպեսզի հասկանանք մեզ առաջարկած Աստծո ճանապարհը, որն այնքա՜ն գեղեցիկ է և հուսալի։
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան