«Վկայել հիացմունքով ու երախտագիտությամբ լի խոսքով»
«Նորից ու նորից զարմանալ Աստծո ընտրությամբ, Ով ցանկացավ մեր կողքին լինել, համերաշխ ու միաբանված լինել մեղավորներիս հետ և աշխարհը փրկել չարից՝ Իր վրա վերցնելով պատասխանատվության ողջ բեռը»,-կոչ արեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը հունվարի 19-ին Սուրբ Պետրոսի հրապարակում «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:
Իր խորհրդածության ժամանակ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այս երկրորդ կիրակիի Սուրբ Պատարագը հանդիսանում է Աստվածահայտնության և Տիրոջ Մկրտության տոների տրամաբանական շարունակությունը. «Ավետարանի այսօրվա դրվագում (Հվհ. 1, 29-34) կրկին խոսվում է Հիսուսի հայտնության մասին: Հովհաննես ավետարանիչը՝ ի տարբերություն մյուս երեք ավետարանիչների, չի նկարագրում Մկրտության իրադարձությունը, այլ մեզ է ներկայացնում Հովհաննես Մկրտչի վկայությունը. նա եղել է Քրիստոսի առաջին վկան»: Հենց սա՛ էր Հովհաննես Մկրտչի բացառիկ առաքելությունը, որին նրան կանչել էր Աստված:
Հովհաննես Մկրտիչը չի կարողանում զսպել Հիսուսի մասին վկայելու իր բուռն ցանկությունը, քանի որ նա տեսել է «մի ապշեցնող մեկին՝ Աստծո սիրելի Որդուն, Ով համերաշխ է մեղավորների հետ», Սուրբ Հոգին թույլ տվեց Հովհաննեսին գիտակցել կատարվածի նորույթը, որն Աստծո մասին մարդու պատկերացումներում առաջացրեց իսկական մի հեղաշրջում.
«Բոլոր կրոններում մարդն է զոհ մատուցում Աստծուն: Հիսուսի դեպքում Աստված է զոհաբերում Իր Որդուն հանուն մարդկության փրկության համար: Հովհաննես Մկրտիչը խորիմաստ բառերով իր հիացմունքն ու համաձայնությունն է արտահայտում Հիսուսի բերած այս նորույթի հետ, որը մենք միշտ կրկնում ենք Սուրբ Պատարագի ժամանակ. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը»:
Հովհաննես Մկրտչի վկայությունը մեզ հորդորում է միշտ նորից սկսել մեր հավատքի ուղին. Պետք է միշտ սկսել գթասրտությամբ լի Հիսուս Քրիստոսից՝ Գառից, Ում մեզ ընծայեց Երկնային Հայրը… Եկեք հետևենք Հովհաննես Մկրտչի օրինակին և թողնենք մեր այն ենթադրությունները, թե մենք արդեն ճանաչում ենք Հիսուսին, թե մենք ամեն ինչ գիտենք Նրա մասին (Հվհ. 1,31): Դա այդպես չէ՛: Խորհրդածե՛նք ավետարանի այս դրվագի շուրջ, հնարավոր է անգամ մտորենք Քրիստոսի կերպարի մասին՝ Ամենասուրբ Դեմքը պատկերող սրբապատկերներից մեկին նայելով: Եկեք Նրան բացահայտենք աչքերով, բայց, իհարկե, ամենից շատ՝ սրտով: Թույլ տա՛նք Սուրբ Հոգուն լուսավորել մեր հոգին. «Նա է, Աստծո Որդին է, Ով եղավ Գառը, որը զոհաբերվեց հանուն սիրո: Նա և միայն Նա էր Իր վրա կրում աշխարհի մեղքը, միայն Նա տառապեց՝ քավելով մեր բոլորի մեղքերը, նաև իմ անձնական մեղքերը: Նա այդ բոլոր մեղքերն Իր վրա վերցրեց, որպեսզի մենք վերջապես ազատ դառնանք, որպեսզի մենք այլևս չլինենք չարի ստրուկները: Այո, մենք բոլորս դեռ աղքատ մեղավորներ ենք, սակայն այլևս ստրուկներ չենք. մենք Աստծո զավակներն ենք»:
Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին և ուխտավորներին ուղղված իր ելույթի ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց. «Թող Սուրբ Կույս Մարիամը մեզ ուժ տա՝ վկայելու Նրա Որդի Հիսուսին, ուրախությամբ մեր՝ չարից ազատված կյանքով Նրան հռչակելու համար, ինչպես նաև վկայել հիացմունքով ու երախտագիտությամբ լի խոսքով»,- հորդորեց Ֆրանցիսկոս Պապը՝ անցնելով «Հրեշտակ Տեառն» աղոթքի արտասանությանը:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը