Ամեն օր շուրջ 23 քրիստոնյա կանայք ենթարկվում են սեռական բռնության՝ իրենց կրոնական պատկանելիության պատճառով
«Open Doors» բարեգործական կազմակերպությունը մի զեկույց է հրապարակել քրիստոնյաների հետապնդումների մասին՝ վերլուծելով 2018թ. նոյեմբերի 1-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը:
Քրիստոնյաների նկատմամբ հալածանքներն անընդհատ ավելանում են: Երկրներում, որտեղ կատարվում է դիտարկումը, շուրջ 260 մլն քրիստոնյա հետապնդվում է, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 245 մլն: Այսպիսին են «Open Doors» («Բաց դռներ») բարեգործական կազմակերպության 2020թ. հունվարի 15-ին հրապարակած ամենամյա հաշվետվության տվյալները, որի հետ միասին հրապարակվել է նաև «World Watch List 2020»-ը՝ այն 50 երկների ցանկը, որտեղ քրիստոնյաների ու քրիստոնեության նկատմամբ հալածանքներն առավել մեծածավալ են և սիստեմատիկ: Հաշվետվությունում ներկայացված են տվյալներ, որոնք բնորոշում են քրիստոնեական հավատքի դրսևորման ազատության աստիճանն առօրյա կյանքի հինգ տարբեր ոլորտներում. ընտանիքում, մասնավոր ոլորտում, իրենց համայնքում, եկեղեցում, ուր հաճախում են, ինչպես նաև երկրի հասարակական կյանքում: Վեցերորդ կետը ներկայացնում է քրիստոնյաներին սպառնացող բռնության մակարդակը: Այս տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր ութերորդ քրիստոնյա հալածանքի է ենթարկվում՝ իր հավատքի համար: Աշխարհի 100 երկրներից 73-ում, որտեղ արձանագրված են հետապնդումներ և որոնց նկատմամբ իրականացվում է մոնիթորինգ, հալածանքների մակարդակը բնորոշվում է որպես «բարձր», «շատ բարձր» կամ «ծայրահեղ»:
Հավատքի համար սպանված քրիստոնյաների թիվը՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ, կրճատվել է 4305-ից մինչև 2983 մարդ: Բայց սպանությունների ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ Նիգերիան: Այնուհետև հաջորդում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Շրի Լանկան: Շրի Լանկայի «բարձր» տեղը պայմանավորված է նախորդ Զատկի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի պատճառով շատ մարդիկ զոհվեցին:
Հինգ անգամ մեծացել են հարձակումները տաճարների ու Եկեղեցիներին պատկանող հաստատությունների՝ դպրոցների, հիվանդանոցների, վրա: Նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է 1847 նման հարձակում, իսկ այս ժամանակահատվածում՝ 9488:
Շարունակում են մտահոգիչ մնալ սեռական բռնության դեպքերն ու ոտնձգությունները, որոնք հանդիսանում են կրոնական խտրականության, ինչպես նաև բռնի ամուսնության հետևանք: Ընդհանուր առմամբ, արձանագրված է նման բռնության ավելի քան 8000 դեպք, սակայն՝ ըստ զեկույցի հեղինակների, դա այսբերգի միայն վերին հատվածն է, քանզի նման երևույթները սովորաբար տեղի են ունենում տանը և չեն հրապարակվում: Առանց որևէ կասկածի կարող ենք ենթադրել, որ ամեն օր շուրջ 23 քրիստոնյա կանայք ենթարկվում են սեռական բռնության՝ իրենց կրոնական պատկանելիության պատճառով: Նման գործողությունների նպատակն է վախեցնել քրիստոնյաներին, կոտրել նրանց կամքը:
Վերը նշվածը փաստում է, որ չնայած քրիստոնեական հավատքի պատճառով պայմանավորված սպանությունների թիվը նվազել է, սակայն զարմացնում են քրիստոնյաների նկատմամբ գործադրվող ճնշումները, որոնք դրսևորվում են տարբեր ձևով. ագրեսիա, բռնություն և խտրականություն:
Տասնմեկ երկրների ցանկը, որտեղ հալածանքների մակարդակը բնութագրվում է որպես «ծայրահեղ», շարունակում է մնալ նույնը, ինչ նախորդ տարի: 2002թ.-ից սկսած առաջին հորիզոնականը անփոփոխ զբաղեցնում է Հյուսիսային Կորեան: Այնուհետև հաջորդում են Աղֆանստանը, Սոմալին և Լիբիան՝ արձանագրելով 90 և ավելի միավորներ, որոնք բնութագրում են հալածանքների մակարդակը: Հինգերորդ տեղում ավանդաբար շարունակում է մնալ Պակիստանը, որտեղ մինչև հիմա գործում է Ալլահի դեմ հայհոյության, անարգանքի հայտնի օրենքը:
Քրիստոնյաների հետապնդման բարձր մակարդակ ունեցող 50 երկրների ցանկում առաջին անգամ հայտնվել են Բուրկինա Ֆասոն և Կամերունը, որն ապացուցում է Սահելում իրավիճակի ընդհանուր վատթարացումը (Սահելը արևադարձային տափաստան է Աֆրիկայում, որի տարածքում գտնվում է 10 երկիր՝ ավելի քան 300 մլն բնակչությամբ: Այդ երկներն են Սենեգալը, Մավրիտանիան, Մալին, Ալժիրը, Բուրկինա Ֆասոն, Նիգերը, Նիգերիան, Կամերունը, Չադը, Սուդանը և Էրիթրեան), որտեղ ակտիվ գործում են ավելի քան 27 ջիհադիստական խմբավորումներ: Մասնավորապես Բուրկինա Ֆասոյի հյուսիսում մեկ տարվա ընթացքում փակվել է ավելի քան 200 եկեղեցի:
Տարեց տարի նվազում է քրիստոնյաների քանակը Մերձավոր Արևելքում: Իրաքում մինչ 2003թ.-ի պատերազմը հաշվառվում էր 1.5 մլն քրիստոնյա, սակայն այսօր նրանց թիվը կազմում է ընդամենը 200 000 մարդ: Այսպես կոչված «Իսլամական պետության» պարտությունից հետո քրիստոնյաների վերադարձը Նինվեի հովիտ փաստացի չի խրախուսվում անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պատճառով: Սիրիայում քրիստոնյաների քանակը 2 մլն-ից կրճատվել է հասնելով մինչև 744 000:
Այլ բնույթ են կրում հալածանքները Լատինական Ամերիկայում: Այնտեղ անխուսափելի վտանգ է սպառնում այն հոգևորականներին ու աշխարհականներին, որոնք իրենց կրոնական համոզմունքներով պայքարում են կազմակերպված հանցավորության դեմ: Առաջին հերթին դա վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Մեքսիկան և Կոլումբիան, վերջինս հայտնվեց World Watch List 2020-ի ցուցակում՝ զբաղեցնելով 41-րդ տեղը:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը