• Լցնե՛նք մեր տները Ավետարանով. «Գործք Առաքելոց» գրքի մեկնության ավարտը

    Ֆրանցիսկոս Քահանայապետը հավատացյալներին հորդորեց աղոթել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա մեր  մեջ վերակենդանացնի համարձակ ու խինդով լի ավետարանացման կոչումը


    Հունվարի 15-ին Վատիկանի Պողոս Զ սրահում կայացած ընդհանուր ուկնդրության ժամանակ Սրբազան Քահանայապետն ավարտեց Գործք Առաքելոց գրքի մեկնաբանությունները, դրանցից վերջինը վերաբերում էր Պողոս առաքյալի Հռոմ ժամանելուն. «Պողոսը շղթայված է: Պտղաբեր ավետարանացում»:

     

    «Պողոսի ճանապարհորդությունը, – ասաց Ֆրանցիսկոս Պապը, – եղել է մեկ ամբողջություն Ավետարանի ճանապարհորդության հետ, և դա ցույց է տալիս, որ հավատքով անցած մարդկային ուղիները կարող են դառնալ փրկության հնարավորություններ՝ հավատքի Խոսքի միջոցով, ակտիվ թթխմոր պատմության մեջ, որն ունակ է փոխել իրադրություններն ու անընդհատ նոր ուղիներ բացել»:

     

    Նորին Սրբությունը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Սուրբ Առաքյալների գործունեությունը չի ավարտվում Պողոս առաքյալի նահատակությամբ, այլ՝ պատմությամբ այն մասին, թե ինչպես է նա առատորեն սերմանում Աստծո Խոսքը Հռոմեական կայսրության սրտում: Ղուկասի պատմության՝ «Գործք Առաքելոց» գրքի վերջին հատվածը, որը ներկայացնում է Ավետարանի ճանապարհորդությունն ամբողջ աշխարհով, ամփոփում է Աստծո Խոսքի զարգացումը, Որը չի դադարեցնում իր ճանապարհը՝ փրկություն տանելով ամբողջ մարդկությանը:

     

    Իր հավատակից եղբայրների հետ հանդիպելուց հետո՝ Պողոսն հանդիպում է հրեական ազնվականության ներկայացուցիչների հետ և բացատրում նրանց, թե ինչու է նա ստիպված եղել դիմել Կեսարին, ինչպես նաև նրանց ուսուցանում է Աստծո Թագավորության վարդապետությունը: Նա վկայում է Հիսուսի մասին՝ հիմք ընդունելով Սուրբ Գիրքը և ցույց տալով Քրիստոսի նորարարության և «Իսրայելի հույսի» միջև եղած հաջորդականությունը: Պողոսն իրեն իսկական հրեա է համարում, իսկ իր քարոզած Աստվածաշնչում՝ Հիսուսի մահվան և հարության մասին, տեսնում է Աստծո ընտրյալ ժողովրդին տրված խոստումների կատարումը:

     

    Հրեաների հետ այս ոչ պաշտոնական խոսակցությունից հետո տեղի է ունենում ավելի պաշտոնական հանդիպում, որի ժամանակ ամբողջ օրվա ընթացքում Պողոսն իր զրուցակիցներին հռչակում է Աստծո Թագավորությունը՝ հիմնվելով Մովսեսի Օրենքի ու Մարգարեների վրա: Քանի որ ոչ բոլորին է հաջողվում համոզել, առաքյալը հայտարարում է Աստծո Ժողովրդի խստասրտության մասին և գովաբանում է հեթանոսների փրկությունը, ովքեր առավել զգայուն էին Աստծո նկատմամբ և ունակ լսելու կյանքի Ավետարանի խոսքը: Հենց այստեղ էլ Ղուկասն ավարտում է իր պատմությունը. Պողոսը, ով ազատ չէր տեղաշարժվելիս, սակայն ազատ էր իր խոսքերի մեջ, որոնց համար չկան շղթաներ (տես 2 Տիմ. 2,9), համարձակորեն սերմանում է Աստծո Խոսքը, և դա տեղի է ունենում տանը, ուր նա ընդունում է բոլոր նրանց, ովքեր ուզում են լսել Ավետարանն ու ճանաչել Քրիստոսին:

     

    «Այս տունը, որը բաց է բոլոր պրպտող սրտերի համար, Եկեղեցու պատկերն է, օրինակը: Ենթարկվելով հալածանքների, լինելով չհասկացված ու շղթայված՝ այն երբեք չի դադարում մայրական սիրով ընդունել բոլոր մարդկանց, որպեսզի հռչակի, փառաբանի Հիսուս Քրիստոսով տեսանելի Հայր Աստծո սերը»:

     

    Իր ելույթի ավարտին Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին հորդորեց աղոթել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա մեր  մեջ վերակենդանացնի համարձակ ու խինդով լի ավետարանացման կոչումը: «Թող Նա մեզ դարձնի Սբ. Պողոսի նման, որպեսզի մենք ևս ունակ լինենք մեր տները լցնել ու հագեցնել Ավետարանով և դրանք վերածել եղբարության վայրերի, որտեղ կարելի է ընդունել կենդանի Հիսուս Քրիստոսին, Ով գալիս է մեզ մոտ՝ յուրաքանչյուր մարդու մեջ և միշտ»:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանի

Օրացույց

Օրացույց