• «Հովվական շիզոֆրենիա». Քահանայապետը խոսում է անհետևողական հոգևորականների մասին

    «Աստծո Ժողովուրդը հեզ է ու համբերատար, նա հանդուրժում է մեծաթիվ կեղծավոր, շիզոֆրենիկ հովիվների, ովքեր ասում են և չեն անում, որոնց կյանքում չկա համապատասխանություն»


    Հունվարի 14-ին՝ Սուրբ Մարթայի Մատուռում առավոտյան Սուրբ Պատարագի ժամանակ, Նորին Սրբությունը մեկնաբանեց օրվա սուրբգրային ընթերցումը և իր քարոզը նվիրեց իսկական հոգևոր իշխանության հատկանիշների պարզաբանմանը, որում չպետք է լինի «հովվական շիզոֆրենիա», երբ ասվում է մի բան, սակայն արվում է լրիվ ուրիշ բան:

     

    Սուրբ Մարկոսի Ավետարանում ասվում է, որ Կափառնայումի ժողովարանում մարդիկ զարմանում էին Հիսուս Քրիստոսի քարոզության վրա, «որովհետև նրանց ուսուցանում էր իշխանությամբ և ոչ՝ ինչպես օրենսգետները» (Մկ. 1, 22), որոնց, չնայած նրանց որակավորմանը, մարդիկ առանձնապես չէին հավատում, նշեց Ֆրանցիսկոս Պապը.

     

    «Ինչպիսի՞ իշխանություն ունի Հիսուսը: Դա Քրիստոսի կենսակերպն է, այսպես ասած գերիշխանությունը, որով Նա քայլում էր, սովորեցնում, բուժում, լսում: Ներքին իշխանության Նրա կենսակերպը դառնում է տեսանելի… Ի՞նչ է Նա մատնանշում: Նա ընդգծում է հետևողականությունը: Հիսուսն իշխանություն ուներ, քանզի Նա հետևողական էր ուսուցման մեջ և գործերում և կյանքում: Հենց այդ ամբողջականությունն է բացահայտում մարդուն, ում իշխանություն է վերապահված. նա ունի իշխանություն, որովհետև հետևողական է, այսինքն վկայություն է տալիս: Հենց սրանով է դրսևորվում հեղինակությունը՝ հետևողականությամբ և վկայությամբ»:

     

    Իհարկե, օրենսգետների մոտ խոսքն ու գործը տարբերվում էին իրարից, դրա համար էլ Աստված սովորեցնում է ժողովրդին լսել նրանց հրահանգները, սակայն չհետևել նրանց գործերին: Մյուս կողմից էլ Քրիստոսն առիթը բաց չէր թողոնում, որպեսզի նախատեր օրենսգետներին, քանզի «իրենց մոտեցմամբ նրանք ընկնում էին հովվական շիզոֆրենայի մեջ. ասում էին մի բան, սակայն անում էին լրիվ ուրիշ բան»: Ավետարանի այլ դրվագներում ևս Հիսուս «նրանց անկյուն է քշում», լռեցնում և ճշգրտորեն բնորոշում նրանց վարքագիծը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Բառը, որով Հիսուսը մատնացույց է անում այդ անհամապատասխանությունը, այդ շիզոֆրենիան, կեղծավորությո՛ւնն է: Նկարագրության մի ամբողջ շարան: Մատթեոսի Ավետարանի 23-րդ գլխում Աստված հաճախ է օրենսգետներին ու փարիսեցիներին անվանում «կեղծավորներ» այս կամ այն բանի համար: Հիսուս ճշգրիտ բնորոշում է տալիս՝ կեղծավորներ: Կեղծավորությունը բնորոշ է նրանց գործողություններին, ովքեր պատասխանատու են մարդկանց համար, տվյալ դեպքում հովվական պատասխանատվություն, սակայն հետևողական չեն, չունեն հեղինակություն և իշխանություն: Սակայն Աստծո Ժողովուրդը հեզ է ու համբերատար, նա հանդուրժում է մեծաթիվ կեղծավոր, շիզոֆրենիկ հովիվների, ովքեր ասում են և չեն անում, որոնց կյանքում չկա համապատասխանություն»:

     

    Աստծո Ժողովուրդը, շատ անգամ հանդուրժելով ու ներելով, նաև ունակ է զգալ աստվածային շնորհի ուժը, նշեց Նորին Սրբությունը: Օրվա առաջին ընթերցման ժամանակ ասվում է, որ ծեր քահանա Եղիան, ով կորցրել է ամեն մի իշխանություն, պահպանել է միայն օծման շնորհը: Աստվածային շնորհի զորությամբ նա օրհնում է Աննային, ով անմխիթար աղոթում էր զավակ ունենալու համար, և Աստված հրաշք է գործում նրա համար»:

    Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց.

     

    «Աստծո Ժողովուրդը լավ տարբերակում է մարդու իշխանությունը և օծման շնորհը: Դա մեր ժողովրդի իմաստությունն է, որը շատ հաճախ է հանդուրժում անհետևողական հովիվների՝ օրենսգետների նման, ինչպես նաև քրիստոնյաների, ովքեր ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագին, սակայն հետո ապրում են որպես հեթանոսներ: Մարդիկ տեսնում են և՛ վեճեր, և՛ անհամաձայնություն: Որքա՜ն զզվելի են անհետևողական քրիստոնյաները, ովքեր վկայություն չեն տալիս, շիզոֆրենիկ հովիվները, ովքեր ևս չեն վկայում»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն աղոթեց, որպեսզի բոլոր մկրտվածները իշխանություն ունենան, «որի իմաստը ոչ թե հրամայելն և ինքդ քեզ ուրիշներին պարտադրելն է, այլ՝ լինելը հետևողական, լինելը վկա և հետևաբար լինելը նաև մարդկանց ուղեկիցներ՝ Աստծո ճանապարհին»:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանի

Օրացույց

Օրացույց