Դժվարությունները հավատքի մասին վկայելու հնարավորություններ են
Հունվարի 8-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ անդրադառնալով Գործք Առաքելոց գրքին՝ Սրբազան Քահանայապետը կոչ արեց հետևել Սբ. Պողոսի օրինակին, ով մեզ սովորեցնում է կյանքի անհաջողություններն ու դժբախտությունները հաղթահարել Հիսուս Քրիստոսով:
Գործք Առաքելոց գրքի վերջին հատվածում խոսվում է այն մասին, թե ինչպես է Ավետարանը շարունակում իր ճանապարհը ոչ միայն ցամաքով, այլ նաև ծովով՝ նավով, որը տեղափոխում է բանտարկյալ Պողոսին դեպի Հռոմ, որպեսզի իրականանա Հարուցյալ Հիսուսի խոսքը. «Եղե՛ք Իմ վկաները մինչև երկրի ծայրերը»: Ֆրանցիսկոս Պապը հորդորեց հավատացյալներին վերցնել Նոր Կտակարանի այդ գիրքը և ուշադրություն դարձնել, թե ինչպես է Ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ հասանելի դառնում բոլոր մարդկանց:
Ծովային ճանապարհորդությունը վտանգավոր է դառնում և Պողոսը խորհուրդ է տալիս կանգ առնել, սակայն հարյուրապետը չի վստահում նրան: Ճանապարհորդներին մահացու վտանգ է սպառնում, սակայն նույնիսկ այս փորձության ժամանակ Պողոսը չի կորցնում իր արիությունը և դառնում է «այդ մարդկանց կյանքի պահապանն ու նրանց հույս ներշնչողը», ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը: «Առաքյալների գործերը» գրքի հեղինակը ցույց է տալիս, որ համաձայն Աստծո ծրագրի, որը Պողոսին տանում է դեպի Հռոմ, փրկվում է ոչ միայն առաքյալը, այլ նաև՝ նրա ուղեկիցները: Ծովի փոթորիկը, այսինքն դժբախտությունը վերածվում է Ավետարանը հռչակելու նախասահմանված հնարավորության:
Ճանապարհորդները հայտնվում են Մալթայում, որի բնակիչները շատ բարյացակամ էին, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը՝ հավելելով, որ մալթացիները միշտ էլ հյուրընկալ են եղել: Պողոսն այստեղ ևս, որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ, սկսում է ծառայել մարդկանց՝ վառ պահելով կրակը: Այդ ժամանակ նրան խայթում է թունավոր օձը, սակայն ոչ մի վնաս չի հասցնում, շրջապատող մարդիկ սկսում են մտածել, որ նա մարդասպան է, իսկ ոմանք նրան համարում են աստվածություն: Իրականում կատարվեց Հարուցյալ Հիսուսի խոստումը, ով միշտ ուղեկցում է իր աշակերտներին. «Իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն» (Մկ. 16, 18): Ավանդությունն ասում է, որ այդ պահից սկսած Մալթայում այլևս թունավոր օձեր չկան. դա Աստծո օրհնությունն է՝ Մալթայի բնակիչների հյուրընկալության համար: Մալթայում Պողոսը ժամանակ չի կորցնում հռչակված Խոսքին «մարմին» հաղորդելու. բուժելով հիվանդներին՝ նա սիրո ծառայություն է կատարում: Այսպիսին է Ավետարանի օրենքը. պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, երբ հավատացյալը զգում է փրկություն, նա չի կարող այն միայն իր համար պահել: «Փորձված» քրիստոնյան կարող է մոտ լինել տառապողներին, քանզի գիտի, թե ինչ է ցավը և նրա սիրտը բաց է բոլորի համար:
Պողոսը կյանքի դժվարությունները հաղթահարում է Հիսուս Քրիստոսով՝ վստահ լինելով, որ Աստված կարող է գործել բոլոր իրավիճակներում, անգամ թվացյալ անհաջողությունների պարագայում:
«Եկե՛ք այսօր Աստծուց խնդրենք,- իր խոսքի ավարտին ասաց Ֆրանցիսկոս Պապը,- ցանկացած փորձություն հաղթահարել հավատքի զորությամբ և լինել բարեգութ մեր ափերին կայանած բոլոր խորտակվողների նկատմամբ, որպեսզի մենք նույնպես կարողանանք նրանց ընդունել եղբայրական սիրով, որը բխում է Հիսուս Քրիստոսի հետ հանդիպումից: Հենց սա՛ է փրկում սառցե անտաբերությունից ու անմարդկայնությունից»:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը