• Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը՝ Խաղաղության 53-րդ Համաշխարհային օրվա կապակցությամբ

    Խաղաղությունը՝ որպես հույսի ճանապարհ. երկխոսություն, հաշտեցում և բնապահպանական դարձ


     

    1.Խաղաղությունը՝ հույսի ճանապարհ ի դեմս խոչընդոտների և փորձությունների

     

    Խաղաղությունը թանկարժեք բարիք է, մեր հույսն է, որին ձգտում է ողջ մարդկությունը: Մարդկանց խաղաղության հույսն իր մեջ պարունակում է գոյաբանական (existencial) լարվածություն, դրա համար էլ, երբեմն, նույնիսկ դաժան իրականությունն էլ «կարելի է ընդունել, եթե տանում է դեպի մի որոշակի նպատակ, եթե մենք կարող ենք վստահ լինել այդ նպատակի հանդեպ և եթե այդ նպատակն այնքան մեծ է, որ արդարացնում է ճանապարհի բոլոր դժվարությունները»: [1] Այսպիսով, հույսը առաքինություն է, արժանիք, որը մեզ դուրս է բերում դեպի ճանապարհ և թևեր է տալիս, որպեսզի շարժվենք առաջ, անգամ եթե խոչընդոտները թվում են անհաղթահարելի:

     

    Մեր մարդկային հասարակությունը իր հիշողության մեջ և մարմնի վրա կրում է պատերազմների ու հակամարտությունների հետքերն ու հետևանքները, որոնք հաջորդել են միմյանց աճող կործանարար ներուժով: Այդ հետևանքներն այսօր էլ շարունակում են անդրադառնալ նախևառաջ ամենաղքատների ու թույլերի վրա: Ամբողջ ազգեր մեծ դժվարությամբ ջանում են ազատվել շահագործման ու կոռուպցիայի շղթաներից, որոնք սնում են ատելությունն ու բռնությունը: Մինչև այսօր էլ մեծաթիվ տղամարդիկ ու կանայք, երեխաներ և ծերեր զրկված են արժանապատվությունից, ֆիզիկական անձեռնմխելիությունից և ազատությունից, ներառյալ՝ կրոնի ազատությունից, համայնքի համերաշխությունից և ապագայի նկատմամբ հույսից: Բազմաթիվ անմեղ զոհեր կրում են նվաստացման և մերժման, վշտի և անարդարության չարչարանքները՝ իրենց ժողովրդի ու հարազատների պարբերաբար հետապնդումների պատճառով:

     

    Քաղաքացիական և միջազգային հակամարտությունների սարսափելի փորձությունները, որոնք սրվում են դաժան ու անողոք բռնությունների պատճառով, տևական վերքեր են թողնում մարդկության մարմնի և հոգու վրա: Ըստ էության, ցանկացած պատերազմ եղբայրասպանություն է, որը ոչնչացնում է  եղբայրության գաղափարն ինքնին, որը դրված է մարդկային ընտանիքի կոչման մեջ:

     

    Մենք գիտենք, որ պատերազմը հաճախ անհանդուրժողականության հետևանք է, որը բորբոքում է տիրելու և իշխելու ցանկությունը: Այն մարդու սրտում առաջանում է ատելության, եսասիրության ու հպարտության պատճառով, որը հրահրում է ոչնչացնել, դիմացինին պարփակել բացասական կերպարի մեջ, մերժել ու կործանել նրան: Պատերազմը սնվում է հարաբերությունների այլասերվածությամբ, հեգեմոնիայի հասնելու հավակնություններով, իշխանության չարաշահմամբ, ուրիշի և տարբերությունների հանդեպ վախով, որոնց մեջ տեսնում են խոչընդոտներ, և պատերազմը, միաժամանակ, կրկնապատկում է դրանք:

     

    Տարօրինակ է, ինչպես ես նշեցի վերջերս Ճապոնիա կատարած ուղևորության ժամանակ, որ «մեր աշխարհն ապրում է արատավոր երկվությամբ՝ ձգտելով պաշտպանել ու երաշխավորել կայունություն և խաղաղություն՝ կեղծ անվտանգության հիման վրա, որն ապավինում է վախի ու անվստահության մտայնությանը. ի վերջո, դա թունավորում է ժողովուրդների միջև հարաբերությունները և խոչընդոտում է ցանկացած հնարավոր երկխոսությանը։ Միջազգային խաղաղությունն ու կայունությունը անհամատեղելի են բոլոր այն փորձերի հետ, որոնք հիմնված են միմյանց ոչնչացնելու փոխադարձ վախի կամ էլ համընդհանուր կործանման սպառնալիքի վրա։ Խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն համերաշխության և համագործակցության համընդհանուր էթիկայի հիման վրա՝ ծառայելով ապագային, որը կառուցվում է փոխադարձ կախվածության և համատեղ պատասխանատվության սկզբունքի վրա՝ մարդկային ամբողջ ընտանիքի մեջ՝ այսօր և վաղը»։ [2]

     

    Ցանկացած սպառնալիքի իրավիճակ ծնում է անվստահություն և նահանջ դեպի սեփական պայմանները։ Անվստահությունն ու վախը մեծացնում են կապերի փխրունությունն ու բռնության վտանգը, և այս արատավոր շրջանակը երբեք չի կարող հանգեցնել խաղաղ հարաբերությունների: Այս իմաստով միջուկային զսպվածությունը կարող է ստեղծել միայն խաբուսիկ անվտանգություն։

     

    Հետևաբար, մենք չենք կարող հավակնել աշխարհում կայունության պահպանմանը՝ կործանման հանդեպ վախի ճանապարհով, ծայրաստիճան անկայուն հավասարակշռության պայմաններում, որը կախված է միջուկային անդունդի եզրին և պարփակված անտարբերության պատերով, որտեղ ընդունվում են սոցիալ-տնտեսական որոշումներ, որոնք ճանապարհ են հարթում ոչ թե միմյանց պաշտպանելու համար, այլ՝ մարդու և արարչագործության ողբերգական որակազրկման ու մերժման համար: [3] Ուրեմն, ինչպե՞ս կառուցել խաղաղության և երկկրողմանի ընդունման, փոխադարձ ընդունման ճանապարհը: Ինչպե՞ս վերջ դնենք սպառնալիքի ու վախի հիվանդ տրամաբանությանը: Ինչպե՞ս խափանենք ներկայիս անվստահության դինամիկան:

     

    Մենք պարտավոր ենք ձգտել իսկական եղբայրության, որը հիմնված է Աստծուց սերելու փաստի ընդհանրության վրա և իրականություն է դառնում երկխոսության մեջ և փոխադարձ վստահությամբ: Խաղաղության ցանկությունը խորապես դրոշմված է մարդկային սրտում, և մենք չենք կարող համաձայնվել ավելի նվազի հետ:

     

    2.Խաղաղությունը ուշադրության ճանապարհ է՝ հիմնված հիշողության, համերաշխության և եղբայրության վրա

     

    Հիբակուսիները՝ Հերոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններից փրկվածները, դասվում են նրանց շարքին, ովքեր այսօր պահպանում են հավաքական գիտակցության կրակը: Նրանք վկայում են գալիք սերունդներին 1945թ. օգոստոսին տեղի ունեցած սարսափի և այն անասելի տառապանքների մասին, որոնք մինչ օրս շարունակվում են նրանց մեջ: Այսպիսով, նրանց վկայությունը արթնացնում և պահպանում է զոհերի հիշատակը, որպեսզի մարդկային խիղճը կարողանա առավել ուժով դիմակայել տիրապետելու և կործանելու ցանկացած ձգտմանը. «Մենք չենք կարող թույլ տալ ներկայիս և ապագա սերունդներին մոռանալ տեղի ունեցածը, հիշողություն, որը երաշխիք և խթան է՝ առավել արդար ու եղբայրական ապագա կառուցելու համար»: [4]

     

    Նրանց նման, աշխարհի տարբեր ծայրերում ևս այլ մարդիկ գալիք սերունդներին մատուցում են հիշողության անփոխարինելի մի ծառայություն, որը պետք է պահպանել՝ ոչ միայն նման սխալներից խուսափելու համար, այլև՝ նրա համար, որպեսզի անցյալի պատրանքային, խաբուսիկ ծրագրերը այլևս երբեք չառաջարկվեն. փորձառությունից ծնված այս հիշողությունը պետք է դառնա նաև արմատ և ներկայիս ու ապագա որոշումներն ուղղորդի դեպի խաղաղություն:

     

    Ավելին, հիշողությունը հույսի հորիզոնն է. հաճախ պատերազմների և հակամարտությունների խավարում համերաշխության ամենափոքր ժեստի մասին հիշողությունն անգամ կարող է ոգեշնչել համարձակ ու հերոսական որոշման, ծնել նոր ուժեր և նոր հույսով բոցավառել անհատներին և համայնքերը:

     

    Կանգնել խաղաղություն ճանապարհին և ընթանալ այդպես. սա մարտահրավեր է, ընդորում այնքան բարդ, որքան մեծաթիվ ու հակասական են շահերը, որոնք վտանգում են հարաբերությունները՝ մարդկանց, համայնքների ու ժողովուրդների միջև: Անհրաժեշտ է, նախևառաջ, դիմել բարոյական խղճին, անձնական ու քաղաքական կամքին: Ըստ էության, խաղաղությունը դուրս է բերվում մարդկային սրտի խորքից. պետք է միշտ ամրապնդել քաղաքական կամքը՝ նոր գործընթացներ բացահայտելու համար, որոնք հաշտեցնում և միավորում են մարդկանց ու համայնքները:

     

    Աշխարհին պետք չեն դատարկ խոսքեր, այլ՝ համոզված վկաներ, խաղաղության արհեստավորներ, ովքեր պատրաստ են երկխոսության՝ առանց բացառությունների և մեքենայությունների: Այսպիսով, իսկական խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն մարդկանց միջև համոզիչ երկխոսության առկայության դեպքում, մարդկանց, ովքեր փնտրում են ճշմարտություն, որը վեր է բազմաթիվ գաղափարախոսություններից և կարծիքներից: Խաղաղությունը մի կառույց է, որն անհրաժեշտ է «անընդհատ արարել», [5] ճանապարհ, որով մենք բոլորս գնում ենք միասին՝ միշտ ձգտելով ընդհանուր բարեկեցության, պարտավորվելով պահել խոստումը և հարգել օրենքները: Եթե մարդիկ միմյանց լսում են, ապա կարող են աճել գիտակցության և հարգանքի մեջ այն աստիճան, որ նույնիսկ թշնամու մեջ ի վիճակի լինեն ճանաչել իրենց եղբոր դեմքը:

     

    Այսպիսով, խաղաղարար գործընթացը երկարաժամկետ պարտականություն է։ Դա ճշմարտության և արդարության որոնման համբերատար աշխատանք է, որը հարգում է զոհերի հիշատակն ու քայլ առ քայլ ճանապարհ է հարթում դեպի համընդհանուր հույս, որն ուժեղ է վրեժխնդրությունից։ Իրավական պետության մեջ ժողովրդավարությունն այս գործընթացում կարող է դառնալ կարևոր աշխարհայացք, եթե ճշմարտության մշտական փնտրտուքներում այն հիմնվում է արդարության և բոլոր մարդկանց, հատկապես, թույլերի ու լքվածների, իրավունքները պաշտպանելու հանձնառության վրա։ [6] Խոսքը սոցիալական զարգացման և շարունակական գործընթացի մասին է, որտեղ յուրաքանչյուրն իր պատասխանատու ներդրումն է ունենում տեղական, ազգային ու համաշխարհային հանրության բոլոր մակարդակներում։

     

    Ինչպես Սբ. Պողոս Զ Քահանայապետն էր ասում. «Կրկնակի ձգտումը դեպի հավասարություն և մասնակցություն ուղղված է ժողովրդավարական հասարակության զարգացմանը: Սա ենթադրում է ուղղորդման կարևորությունը համատեղ կյանքի համար, որտեղ, բացի յուրաքանչյուր անձի իրավունքների մասին տեղեկատվությունից, շեշտվում է նրանց անհրաժեշտ փոխկապակցվածությունը. այլ անձանց նկատմամբ պարտականությունների ճանաչումը: Պարտականությունների իմաստը և գործադրումը պայմանավորված են ինքնատիրապետմամբ, ճիշտ այնպես, ինչպես պատասխանատվության և սահմանափակումների ճանաչումը, որոնք պարտադիր են առանձին անհատների կամ խմբերի ազատությունն իրականացնելիս»: [7]

     

    Ընդհակառակը, հասարակության անդամների միջև պառակտումը, սոցիալական անհավասարության աճը և մարդկության ամբողջական զարգացման համապատասխան եղանակներից հրաժարվելը վտանգում են ընդհանուր բարեկեցությանն ուղղված ձգտումներն ու նպատակները: Սակայն ճշմարտության և խոսքի զորության վրա հիմնված համբերատար աշխատանքը կարող է մարդկանց մեջ արթնացնել կարեկցանքի և փոխըմբռնման ունակությունը:

     

    Մեր քրիստոնեական փորձառության մեջ մենք միշտ պահում ենք Քրիստոսի հիշատակը, Ով զոհաբերեց Իր կյանքը մեզ հաշտեցնելու համար (Հռմ. 5, 6-11): Եկեղեցին ամբողջությամբ ներգրավված է արդար որոշումներ գտնելու գործընթացում՝ ծառայելով համընդհանուր բարեկեցությանը և հուսալով խաղաղություն՝ քրիստոնեական արժեքների փոխանցմամբ, բարոյական ուսուցմամբ, սոցիալական ու դաստիարակչական աշխատանքների միջոցով:

     

    3.Խաղաղությունը ճանապարհ է դեպի հաշտություն՝ եղբայրական միության մեջ

     

    Աստվածաշունչը, հատկապես մարգարեների խոսքերի միջոցով, դիմում է մարդկանց խղճին և բոլոր ժողովուրդներին կոչ է անում մարդկության հետ Աստծո դաշինքին: Խոսքն այստեղ մյուսների նկատմամբ գերիշխանություն հաստատելու ցանկությունից հրաժարվելու մասին է. պետք է սովորել միմյանց նայել որպես մարդ, որպես Աստծո զավակներ, որպես եղբայրներ: Դիմացինին պետք չէ մեկուսացնել այն բանի համար, որ նա, գուցե, ասել է կամ արել. նա պետք է ընկալվի այն խոստման լույսի ներքո, որը նա կրում է իր մեջ: Միայն հարգանքի ճանապարհն ընտրելո՛վ մենք կկարողանանք կտրել վրեժխնդրության պարույրը և ընթանալ հույսի ճանապարհով:

     

    Մենք առաջնորդվում ենք Ավետարանի մի հատվածով, որտեղ ներկայացվում է Պետրոսի և Հիսուսի հետևյալ երկխոսությունը. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ: Հիսուս նրան ասաց. Քեզ չեմ ասում, թե՝ մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթը» (Մտթ. 18 21-22): Այս հաշտեցման ճանապարհը կոչ է անում մեր սրտերում գտնել ներողամտության ուժ և միմյանց եղբայրներ ու քույրեր ճանաչելու պատրաստակամություն: Ներողամտությամբ ապրելու ունակությունը ամրապնդում է մեր կարողությունը` լինելու խաղաղարարներ:

     

    Այն ամենը, ինչը ճիշտ է սոցիալական միջավայրում խաղաղության նկատառումներով, ճիշտ է նաև քաղաքական և տնտեսական ասպարեզներում, քանզի խաղաղության հարցը ներթափանցում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները. իսկական խաղաղություն երբեք չի լինի, եթե չկարողանանք ստեղծել առավել արդար տնտեսական համակարգ: Ինչպես տասը տարի առաջ գրում էր Բենեդիկտոս ԺԶ Քահանայապետն իր «Caritas in veritate»՝ «Ճշմարիտ սեր» շրջաբերականում. «Զարգացման հետամնացությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ միայն կատարելագործել փոխանակման վրա հիմնված գործառնությունները (գործարքները), ոչ միայն ներդնել պետական օգնության միջոցներ, այլև՝ առաջին հերթին, նպաստել, որ համաշխարհային համատեքստում ամրապնդվեն տնտեսական գործունեության այնպիսի ձևեր, որոնցում կա անշահախդրություն և միասնություն» (39):

     

    4.Խաղաղությունը՝ բնապահպանական դարձի ճանապարհ

     

    «Եթե մեր սկզբունքների թյուրըմբռնումը երբեմն արդարացրել է բնության չարաշահումը, կամ մարդու բռնատիրական գերիշխանությունը արարչագործության նկատմամբ կամ  պատերազմները, անարդարությունն ու բռնությունը, ապա, որպես հավատացյալներ, կարող ենք խոստովանել, որ այս պարագայում մենք անհավատարիմ ենք գտնվել իմաստության գանձարանի նկատմամբ, որը պարտավոր էինք պահպանել»։ [8]

     

    Առերեսվելով մարդկանց նկատմամբ մեր թշնամանքին, ընդհանուր տան նկատմամբ անհարգալից վերաբերմունքին և բնական ռեսուրսների չարաշահմանը, որոնք դիտարկվում են որպես միջոցներ՝ բացառապես ակնթարթային շահույթի ստացման համար՝ առանց որևէ հարգանքի տեղի համայնքների նկատմամբ, մենք պետք է ընդունենք, որ հարկավոր է կատարել բնապահպանական դարձ՝ հանուն համընդհանուր բարեկեցության և բնության։

     

    Վերջերս Ամազոնիայի հիմնախնդիրների վերաբերյալ կայացած սինոդը մեզ հորդորում է նորացված կոչով խաղաղ հարաբերություններ հաստատել համայնքների և երկրի միջև, իրականության և հիշողության միջև, փորձառության և հույսերի միջև։

    Հաշտեցման այս ճանապարհը նաև նշանակում է ունկնդրել աշխարհը և խորհրդածել աշխարհի մասին, որն Աստված մեզ է նվիրել, որպեսզի մենք այն դարձնենք մեր ընդհանուր տունը։ Ըստ էության, բնական ռեսուրսները, կյանքի բազմազանությունը և Երկիրն ինքնին վստահվեց մեզ, որպեսզի այն «մշակենք ու պահպանենք» (Ծննդ. 2,15) նաև գալիք սերունդների համար՝ յուրաքանչյուրի պատասխանատու և ակտիվ մասնակցությամբ։ Մենք կարիքն ունենք նաև համոզմունքների ու հայացքների փոփոխության, որը մեզ կընձեռնի մարդկանց հետ հանդիպման ու արարչության պարգևն ընդունելու մեծ հնարավորություններ, արարչության, որն արտացոլում է Արարչի վեհությունն ու խոհեմությունը։

     

    Մասնավորապես, այստեղից են սկիզբ առնում խորը դրդապատճառները և նոր կենսաձև ընդհանուր տան մեջ, համատեղ գոյակցությունը՝ մեր բոլոր թերություններով հանդերձ, մեզ պարգևված և բոլորիս համար ընդհանուր կյանքի փառաբանությունը և հարգանքը, հոգածությունը հասարակության պայմանների և մոդելների մասին, որոնք նպաստում են կյանքի ծաղկմանն ու հարատևությանը ապագայում, համընդհանուր բարիքի զարգացումը՝ ամբողջ մարդկային ընտանիքի համար:

     

    Բնապահպանական դարձը, որին մենք կոչ ենք անում, ձևավորում է նոր աշխարհայացք՝ հաշվի առնելով Արարչի մեծահոգությունը, Ով մեզ պարգևեց Երկիրը, և կոչ է անում ուրախալից զսպվածության, երբ միասին օգտագործում ենք Երկիրը: Այս կոչը պետք է ընկալվի համապարփակ ձևով՝ որպես վերակառուցում հարաբերությունների՝ մեր եղբայրների և քույրերի, այլ կենդանի էակների, հարուստ կենսաբազմազանության և Արարչի հետ, Ով սկզբնաղբյուրն է յուրաքանչյուր կյանքի: Քրիստոնյաների համար դա նշանակում է «թույլ տալ, որ Հիսուսի հետ իրենց հանդիպման բոլոր արդյունքները դրսևորվեն շրջակա աշխարհի հետ փոխհարաբերություններում»: [9]

     

    5.Մարդու հոգին Նրանից կստանա այն, ինչին հուսացել է [10]

     

    Հաշտեցման ճանապարհը պահանջում է համբերություն և վստահություն: Անհնար է հասնել խաղաղության՝ առանց որևէ բանի հուսալու:

     

    Նախևառաջ պետք է հավատալ խաղաղության հնարավորությանը, հավատալ, որ դիմացինը ևս ունի խաղաղության նույն պահանջն, ինչպես դուք: Այսպես մենք կարող ենք ոգեշնչվել Աստծո սիրով, որ ուղղված է յուրաքանչյուրիս, սեր, որ ազատագրող է, անսահմանափակ է, քինախնդիր չէ, անխոնջ է:

     

    Հաճախ հակամարտությունների պատճառ է վախը: Դրա համար անհրաժեշտ է դուրս գալ մարդկային վախերի սահմաններից՝ ինքներս մեզ ճանաչելով կարիքավորներ՝ Աստծո առջև, Ով մեզ սիրում է և սպասում է, ինչպես անառակ որդու հայրը (Ղկ. 15,11-24): Եղբայրների և քույրերի հետ հանդիպման մշակույթը հակասում է սպառնալիքի մշակույթին. այն յուրաքանչյուր հանդիպում դարձնում է նոր հնարավորություն և Աստծո մեծահոգի սիրո պարգև: Այն ընդարձակում է մեր նեղ մտահորիզոնը, որպեսզի մենք միշտ ձգտենք ապրել համընդհանուր եղբայրության մեջ՝ որպես մեր Երկնային Հոր զավակներ:

     

    Հիսուսի աշակերտների համար այդ ճանապարհը ամրապնդվում է Խոստովանության կամ Հաշտության Խորհրդով, որը շնորհված է Աստծուց՝ մկրտվածների մեղքերի ներման համար: Եկեղեցու այս խորհուրդը, որը նորացնում է մարդկանց և համայնքները, մեզ կոչ է անում մեր հայացքն ուղղել դեպի Հիսուսը, Ով հաշտեցրեց «ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար (Կող. 1, 20). հորդորում է հրաժարվել ամեն տեսակ բռնությունից՝ մտքով, խոսքերով և գործերով, ինչպես մերձավորի, այնպես էլ ցանկացած կենդանի էակի նկատմամբ:

     

    Հայր Աստծո շնորհը տրվում է որպես անվերապահ սեր: Հիսուսով Աստծուց ներում ստանալով՝ մենք կարող ենք ճանապարհ ընկնել՝ այդ սերը մեր ժամանակի բոլոր մարդկանց նվիրելու համար: Ամեն օր Սուրբ Հոգին մեզ հուշում է քայլերն ու բառերը, որպեսզի մենք դառնանք արդարության և խաղաղության աշխատավորներ:

     

    Թո՛ղ օրհնի մեզ խաղաղության Աստվածը և թող օգնության հասնի:

    Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը՝ Մայրը Խաղաղության Իշխանի և բոլոր ժողովուրդների, քայլ առ քայլ մեզ ուղեկցի ու պահի հաշտության ճանապարհին:

    Թո՛ղ այս աշխարհ եկած յուրաքանչյուր մարդ իմանա խաղաղության գոյության մասին և կարողանա լիակատար կերպով զարգացնել սիրո ու կյանքի խոստումը, որն կրում է իր սեփական անձի մեջ:

     

    Տրվել է Վատիկանում, 8 դեկտեմբերի, 2019թ.։

     

    Ֆրանցիսկոս

     

    [1] Բենեդիկտոս ԺԶ, շրջաբերականա նամակ՝ «Spe salvi» (30 նոյեմբերի, 2007 թ.), 1.

     

    [2] Ֆրանցիսկոս Քահանայապետ, խոսք՝ միջուկային զենքի մասին, Նագասակի, Խաղաղության այգի, 24 նոյեմբերի 2019 թ.

     

    [3] Ֆրանցիսկոս Քահանայապետ, քարոզ Լամպեդուզայում, 8 հուլիսի 2013 թ.

     

    [4] Ֆրանցիսկոս Քահանայապետ, քարոզ՝ խաղաղության մասին, Հիրոսիմա, Խաղաղության հուշահամալիր, 24 նոյեմբերի 2019 թ.

     

    [5] Վատիկանի Բ Ժողով, հովվական սահմանադրություն՝ Gaudium et spes, 78.

     

    [6] Տե՛ս՝ Բենեդիկտոս ԺԶ, Խոսք՝ իտալացի աշխատավորական քրիստոնեական միավորումների ղեկավարներին, 27 հունվարի 2006 թ.

     

    [7] Առաքելական ուղերձ՝ Octogesima adveniens (14 մայիսի, 1971 թ.), 24.

     

    [8] Ֆրանցիսկոս Քահանայապետ, շրջաբերական նամակ Laudato si’ (24 մայիսի 2015 г.), 200.

     

    [9] Նույն տեղում, 217.

     

    [10] Տե՛ս՝ Հովհաննես Խաչի, Հոգու մութ գիշերը, II, 21, 8.

     

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց