Երանելի՛ Քիարա Լուչե, բարեխոսի՛ր մեր երիտասարդների համար
Մեծ Սեպասարում և Բավրայում այս տարի երիտասարդների հետ միասին ներկայացրեցինք Սուրբ Ծննդյան թեմայով բեմադրություններ, բայց ոչ թե դասական ավետարանական պատմությամբ՝ այլ նոր սցենարներով, որ գրեցինք երիտասարդների հետ միասին:
Մեծ Սեպասարում բեմադրությունը կոչվում էր «Քիարա Լուչեի Սուրբ Ծննդյան նվերը»: Երիտասարդները ներկայացրեցին մի պատմություն՝ Կաթողիկէ Եկեղեցու Երանելի Քիարա Բադանո Լուչեի և մի հիվանդ աղջկա՝ Լուիզայի մասին: Քիարա Լուչեն ապրել է 1971-1990թթ., եղել սրբեկանեցաղ մի երիտասարդ՝ իրական ոգեշնչում՝ իր տարեկիցների համար: Քիարան մահացավ ոսկրի քաղկցեղ հիվանդությունից՝ տասնինը տարեկանում:
Նույնիսկ իր ծանր հիվանդության օրերին Քիարան կարողանում էր հոգեպես սատար կանգնել և մխիթարել հիվանդանոցի մյուս հիվանդներին, որոնցից մեկն էլ Լուիզան է՝ սցենարում հորինված մի կերպար, որը, սակայն, հիմնված է իրական դրվագի վրա: Բեմադրության վերջում Քիարայի աղոթքներով Լուիզան առողջանում է և սա լինում է նրա Սուրբ Ծննդյան նվերը: Անցյալ տարի երիտասարդների համար պատրաստել էի մի փոքրիկ գրքույկ՝ Քիարա Լուչեի մասին, և քանի որ երիտասարդները քաջատեղյակ էին, որոշեցի Երանելի Քիարային դարձնել այս սցենարի գլխավոր կերպարը, իսկ պատանիները սիրով ընդունեցին և խաղացին դերերը: Մեզ համար կարևորը երիտասարդների դերասանական տաղանդը չէ, այլ՝ կերպարների էությունը հասկանալու և հնարավորինս վերարտադրելու պատրաստակամությունը: Բեմադրությունը ներկայացրեցինք Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագից անմիջապես հետո, համայնքային կենտրոնում: Սցենարին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Քիարա Լուչեի Սուրբ Ծննդյան նվերը:
Իսկ Բավրայի երիտասարդական միությունը բեմադրեց մի սցենար, որը կոչեցինք «Սուրբ Ծննդյան հրաշք՝ Սաթենիկի համար»: Պատմվում է այն մասին, որ Սաթենիկ անունով մի աղջիկ ապրում է սոցիալական բարդ պայմաններում, ծնողները անդընդհատ վիճում են այդ պատճառով, իսկ Սաթենիկն աղոթում է Սուրբ Կույսին և օգնություն խնդրում, ապա գտնում է Հիսուս Մանկան մի կոտրված արձանիկ և որոշում Հիսուս Մանկան մսուրը պատրաստել հյուսասենյակում, մի սովորություն, որ մոռացվել էր իրենց տանը: Սաթենիկն աղոթում է և խնդրում, որ իրենց ընտանիքում խաղաղություն տիրի: Ի վերջո, Հիսուս Մանուկը կատարում է Սաթենիկի համար մի գեղեցիկ հրաշք:
Սցենարին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Սուրբ Ծննդյան հրաշք՝ Սաթենիկի համար:
Բեմադրությունից հետո երիտասարդները միասին նվագեցին կիթառով և երգեցին:
Բավրայի երիտասարդական միությունը պատրաստվում է նաև բարեգործական մի արշավ կատարել գյուղում՝ անապահով ընտանիքների համար սնունդ ձեռք բերելու նպատակով:
Տ. Հովսեփ Գալստյան
Մեծ Սեպասարի և Բավրայի հոգևոր հովիվ