• Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանի Սուրբ Ծննդյան բարեմաղթանքը

    Արդեն քանի դար Հիսուս Մանուկը կանչում է Իր մսուրի մոտ՝ սիրո, հույսի և խաղաղության համար


    Սիրելի՛ հավատովոր ժողովուրդ,

     

    Քայլ առ քայլ, մտովի և զգայական կերպով մոտենում ենք Բեթղեհեմյան քարայրին, ուր մի քանի օրից Մանուկ Հիսուսը Իր փրկչական հայացքն է հառելու համայն աշխարհի վրա: Պատկերացնելով, թե այդ պահին այնտեղ լինեինք, ինչպիսի՞ ապրում, բերկրանք և երջանկություն պիտի զգայինք:

     

    Հովիվները թողեցին իրենց հարստությունը, իրենց հոտը, մոգերը թողեցին իրենց երկիրը, հրեշտակներն իջան երկիր և հնչեց իրենց ավետաբեր ձայնը՝ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությու՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14): Այս բառերը դեռ մինչև հիմա էլ լսվում է ամենուր և ամեն տեղ, բայց շատերս ականջալուր չենք լինում հրեշտակային այս հիասքանչ խոսքերին, և դեռևս աշխարհում տիրում է ատելությունը և բռնությունը: Արդեն քանի դար Հիսուս Մանուկը կանչում է Իր մսուրի մոտ՝ սիրո, հույսի և խաղաղության համար. «Ես եկա աշխարհ, որպեսզի կյանք ունենաք և ավելիով ունենաք» (Հովհ. 10։10): Փաստորեն Հիսուսը հրավիրում է մեզ ավելի լավ կյանք ունենալու այստեղ երկրիս վրա և այնուհետև երկնքում՝ Իր Հոր օթևանների մեջ:

     

    Խոնարհությունը, որ ցուցաբերեց Աստծո Որդին համայն մարդկության առջև՝ հրավերք էր մեզ ապրելու խոնարհության, սիրո և հանդուրժողականության մթնոլորտի մեջ:

     

    Սիրելի՛ բարեկամներ, եկե՛ք ոչ միայն փոխենք մեր կյանքի ընթացքը, այլև առաջնորդվենք Հիսուսի հետևյալ պատգամով՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով» (Հովհ. 14:6): Հիսուսի այս կանչին եկե՛ք մոտենանք ամենայն վստահությամբ, սիրով և հավատքով: Թո՛ղ Մանուկ Հիսուսի օրհնությունը մտնի յուրաքանչյուր տուն և ընտանիք՝ բերելով ուրախություն և երջանկություն:

     

    Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,

    ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

    Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ

    Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյան

Օրացույց

Օրացույց