• Անարատ Հղության տոնը՝ Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում

    «Ասե՛ք ինձ, ո՞վ է քաջը, նա՞, որ մնում է տանը, վախի մեջ և դռները փակած, թե՞ նա է, ով դռները բացում է՝ հակառակ իր մոտիկների կամքին և ինքն իրեն նվիրում է ծառայությանը»


    Դեկտեմբերի 8-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ տաճարում կիրակնօրյա Սուրբ Պատարագը նվիրված էր Անարատ Հղության տոնին: Սուրբ Պատարագը մատուցեց Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հայ Կաթողիկէ Ճեմարանի Տեսուչ Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Անարատ Հղության Հայ քույրերը՝ միաբանության Ընդհանուր Մեծավորուհի Ք. Արուսյակ Սաճոնյանի գլխավորությամբ, Մայր Թերեզայի Գթության միաբան քույրերը, մեծ թվով հավատացյալներ Գյումրիից և պատանիներ հարակից հայ կաթողիկէ համայնքներից, ում հետ մշտապես աշխատել են Անարատ Հղության հայ միաբան քույրերը: Սուրբ Պատարագի երգեցողությունը կատարում էր «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ:

    Անարատ Հղության տոնը նաև հայ քույրերի միաբանության տոնն է, որ նվիրված է Անարատ Հղությանը և կրում է Նրա անունը: Ամեն տարի տոնը քույրերի համար առիթ է՝ նորոգելու իրենց նվիրյալ ծառայության ուխտը, որ ընդունել են Աստծո առաջ: Այս տարի կատարվեց նաև ք. Մարիամ Հարությունյանի մշտնջենավոր ուխտադրության արարողությունը: Մշտնջենավոր ուխտը վերջնական ուխտն է, որ քույրերն ընդունում  են՝ ժամանակավոր՝ մեկամյա ուխտադրություններով նախապատրաստական շրջանն անցնելուց հետո: Հ. Մաշտոցը, ով ներկայացնում էր Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին, ք. Մարիամից ընդունեց մշտնջենավոր ուխտադրության խոսքերը և, որպես ուխտի նշան, նրան նվիրեց մի մատանի: Ք. Մարիամն ուխտեց մշտնջենավոր կերպով նվիրվել և ծառայել Աստծուն՝ աղքատության, հնազանդության և ողջախոհության կենսակերպերով, միաբան քույրերի հետ միասին՝ հանուն Հայ Կաթողիկէ Եկեղեցու պայծառության և հայ ազգի բարօրության: Հ. Մաշտոցը նոր ուխտադրյալ քրոջ մասին ասաց հետևյալը.

     

    «Պատիվ է ներկայացնել մի աղջկա, որը վեց տարի շարունակ վերանորոգում էր իր ուխտերը, հասնելու համար մշտնջենավոր ուխտին: Ասե՛ք ինձ, ո՞վ է քաջը, նա՞, որ մնում է տանը, վախի մեջ և դռները փակած, թե՞ նա է, ով դռները բացում է՝ հակառակ իր մոտիկների կամքին և ինքն իրեն նվիրում է ծառայությանը: Այո՛, դժվար է այդ որոշումը, որ մենք կայացրինք մեր կյանքում  և նրանք ովքեր ապրում են այդպես, զգում են այդ կոչման կարևորությունը: Եվ այսօր քույր Մարիամը մշտնջենավոր ուխտը պետք է կատարի՝ ամբողջ կյանքի համար, ինքն իրեն պիտի նվիրի ձեզ, ինչպես և մյուս քույրերը, ովքեր նվիրեցին իրենց կյանքը, որպեսզի ծառայեն կարիքավորներին և հիվանդներին»:

    Հայ քույրերը՝ որպես իրենց ծառայության կատարյալ օրինակ, մշտապես ունեն Անարատ Հղացյալին՝ Սուրբ Կույս Մարիամին, շեշտեց Վարդապետը: Նա խոսեց նաև տոնի մեծ խորհրդի մասին՝ հավատացյալների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Սուրբ Կույսը պարզ, հասարակ մի աղջիկ էր, ում, սակայն, Աստված ընտրեց՝ դառնալու Իր Որդու Մայրը և յուրաքանչյուր հավատացյալի Մայրը: Հ. Մաշտոցը պատմեց նաև Լուրդում Բեռնադետ անունով աղջկան Աստվածամոր երևման մասին, երբ Սուրբ Կույսն հայտնեց իր անունը՝ Անարատ Հղություն:

     

    «1852-ին Եկեղեցին, Սուրբ Հոգուց  ներշնչված, հռչակեց Անարատ Հղության վարդապետությունը: Հասկացանք, որ Տիրամայրը աշխարհ գալով, Աստծուց ընտրված, զերծ է մնացել սկզբնական մեղքից, Ադամի և Եվայի սխալից, որովհետև այլապես չպետք է կարողանար ինը ամիս իր կրծքի տակ պահել  Փրկչին: Եվ դրա համար մինչև օրս շարականներ, տաղեր, մեղեդիներ ենք նվիրում Տիրամորը: Մեզանից յուրաքանչյուրս հրավիրված ենք մեր սրտերը, հոգիները, մտքերը ձերբազատել մեղքի գերիշխանությունից, ձերբազատել սատանայի փորձություններից, և դա կլինի միայն մեր հավատքով և մեր կամքով». ասաց Հ. Մաշտոցը:

     

    Հ. Մաշտոցը շնորհավորեց հայ քույրերին և բոլոր ներկաներին՝ տոնի և ուխտերի նորոգության, մշտնջնավոր ուխտադրության առթիվ, նաև շնորհակալություն հայտնեց Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանին՝ Մայր Տաճարում Սուրբ Պատարագ մատուցելու այս առիթը ընձեռելու համար:

     

    Սուրբ Պատարագից հետո Տիրամայր Հայաստանի կենտրոնում տեղի ունեցավ միասնական ճաշ, ապա համերգային ելույթ ունեցավ Տիրամայր Հայաստանի երգչախումբը:

     

    Ք. Մարիամ Հարությունյանի կենսագրականը

     

    Քույր Մարիամ (Թերմինե Հարությունյան) ծնվել է 1984թ. հուլիսի 25-ին, Աշոցքում:

    Մինչև յոթերորդ դասարան հաճախել է Աշոցքի Մ. Նալբանդյանի անվան դպրոց:

     

    1998 թ. որպես մայրապետցու տեղափոխվել է Տիրամայր Հայաստանի Կուսաստան:  Ուսումը շարունակել է Գյումրու Ֆոտոն վարժարանում  և այն ավարտել է 2001թվականին:

     

    2002-2006.թթ. սովորել է «Անանիա Շիրակացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետի Օտար լեզուների (անգլերեն) բաժնում:

     

    2008թ. մեկնել է Հռոմ` Անարատ Հղության Հայ Քույրերիս Մայրավանք՝ շարունակելու կրոնավորական ուսումը:

     

    Երկու տարի նորընծայության շրջանը ավարտելուց հետո վերադարձել է Գյումրի` Տիրամայր Հայաստանի Կուսաստան:

     

    2013թվականին Մեծավորների հավանությամբ և իր ազատ կամքով, որպես Միաբանության անդամ, կատարել է իր առաջին ուխտադրությունը:

     

    2015-2018թ.թ. ստանձնել է Տիրամայր Հայաստանի կենտրոնի երեխաների պատասխանատվությունը:

    2018 թ. մեծավորների որոշմամբ մեկնել է Հռոմ՝ մասնակցելու UISG, ANGELICUM համալսարանում “Formation for Formators” վեցամյա վերապատրաստման ծրագրին:

     

    2019թ. դեկտեմբերի 8-ին ընդունել է Մշտնջենավոր ուխտադրությունը, որի հետո անմիջապես նշանակվել է  Գյումրիի Փոքր Ընծայարանի պատասխանատու:

     

    Նիկոլ Մարգարյան, կամավորական

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց