«Բոլոր քրիստոնյաները պատկանում են միևնույն հոգևոր տարածքին»
«Կանոնական իրավունքը – դա ոչ միայն օգնություն է էկումենիկ երկխոսության համար, այլև դրա հիմնական հարթությունն է». Ֆրանցիսկոս Քահանայապետի այս խոսքերը մեջբերեց Կոստանդնուպոլսի Պատրիարք Բարդուղիմեոսը՝ նոյեմբերի 30-ի Սուրբ Պատարագից հետո՝ Սուրբ Անդրեասի տոնի առթիվ, որը Տիեզերական Ուղափառ Պատրիարքության տոնն է՝ դիմելով Հռոմի Առաքելական Աթոռի ներկայացուցիչներին, ովքեր մասնակցում էին տոնակատարություններին:
Հիմք ընդունելով Սուրբ Պատարագի ընթացքում հնչեցված հատվածը՝ Հովհաննեսի Ավետարանից, որը վերաբերում էր Պետրոս և Անդրեաս եղբայրների կոչմանը՝ Պատրիարք Բարդուղիմեոսը նշեց, որ «երկու արյունակից եղբայրների միջև ամուր, սերտ կապը մեր երկու քույր Եկեղեցիների հոգևոր հարաբերությունների նախատիպն է, ինչպես նաև կոչ է աշխարհում միասնական քրիստոնեական վկայության և Ավետարանի հռչակման՝ «մինչև աշխարհի ծայրը»»:
Պատրիարքը մեջբերեց Գեորգի Ֆլորովսկու խոսքերը՝ պնդելով, որ «բոլոր քրիստոնյաները պատկանում են միևնույն հոգևոր տարածքին»: Արևելքն ու Արևմուտքը չի կարելի դիտարկել որպես անկախ միավորներ, քանի որ նրանք ունեն ընդհանուր անցյալ, ընդհանուր ավանդույթներ՝ բայց «աստիճանաբար դեֆորմացված ու պառակտված»: Ընդհանուր ժառանգության հիշողությունը և մեր բաժանման ողբերգության գիտակցումը հանդիսանում է մի ազդակ, որպեսզի հետագայում ևս ջանքեր՝ գործադրվեն կորցրած միասնականությունը վերականգնելու համար:
Այնուհետև պատրիարքը անդրադարձավ «իրավական էկումենիզմ» հասկացողությանը՝ ընդգծելով եկեղեցական կանոնների և երկու Եկեղեցիների այլ նորմատիվ փաստաթղթերի դերին՝ համերաշխության հասնելու գործընթացում: Իրավական էկումենիզմը անբաժանելի է աստվածաբանական երկխոսությունից, որը մինչև այսօր համարվում է մեր Եկեղեցիների միջև երկխոսության հիմնական կողմը:
Իրավական էկումենիզմից բացի՝ էկումենիկ երկխոսությանը կարելի է հասնել նաև էկումենիկ սրբերի միջոցով, ավելացրեց Պատրիարք Բարդուղիմեոսը՝ կրկին շնորհակալություն հայտնելով Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Պետրոս Առաքյալի մասունքները Կոստանդնուպոլսի եկեղեցուն ընծայելու համար: «Մեր եղբայր Ֆրանցիսկոս Պապի այդ ընծան դարձավ նոր հանգրվան՝ մերձեցման ճանապարհին»:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղսասարյանը