«Ես հասկանում եմ, որ առօրյա կյանքում դժվար է Եկեղեցու սոցիալական ուսմունքն ու հավատքի պահանջները համատեղել այն պարտականությունների ու առաջարկների հետ, որոնք թելադրում են շուկայական օրենքներն ու գլոբալացումը, բայց…»
Դեկտեմբերի 2-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ Ֆրանցիսկոս Պապն ընդունեց ֆրանսիացի երիտասարդ ձեռներեցների մի խումբ, ովքեր մասնակցում են «Ճանապարհորդություն ընդհանուր բարգավաճման համար» հանդիպմանը, որի նպատակն է խորհրդածել ձեռներեցների քրիստոնեական կոչման մասին:
«Ես հասկանում եմ, որ առօրյա կյանքում դժվար է Եկեղեցու սոցիալական ուսմունքն ու հավատքի պահանջները համատեղել այն պարտականությունների ու առաջարկների հետ, որոնք թելադրում են շուկայական օրենքներն ու գլոբալացումը,-ասաց Սրբազան Քահանայապետը:-Սակայն ես կարծում եմ, որ այն փաստը, որ դուք ցանկանում եք կյանքի կոչել Աստվածաշնչի արժեքները՝ առաջնորդվելով ձեր ձեռնարկատիրութամբ, ինչպես նաև այն մեծաթիվ կապերով, որոնք դուք պահպանում եք ձեր գործունեության շրջանակներում, իսկական, անփոխարինելի քրիստոնեական վկայության հնարավորություն է»:
Սոցիալական մեծ պատասխանատվությամբ քրիստոնյա լինելը կոչում է՝ կապված որոշակի դժվարությունների հետ. դժվար է հրաժարվել Աստծուն և Նրա կամքին հակասող աշխարհիկ իրականությունից, որի պատճառով տեղի են ունենում մեծաթիվ ներքին ընդհարումներ: Մի կողմից ձեռնարկատերը պետք է հոգ տանի իր ձեռնարկության և աշխատակիցների մասին, նվաճի շուկան, ընդլայնի արտադրությունն ու նվազեցնի ժամկետները, կիրառի գովազդային հնարքներ, նպաստի սպառողականության աճին, սակայն, մյուս կողմից էլ, ձեռնարկատերը բախվում է սոցիալական արդարության լուրջ պահանջների հետ և պարտավոր է երաշխավորել արժանապատիվ կյանք՝ բոլորի համար, աշխատանքային բարեկեցիկ պայմաններ, բարձր աշխատավարձ, ստեղծել նոր և կայուն աշխատատեղեր, պաշտպանել շրջակա միջավայրը: Ինչպե՞ս հաղթահարել այս ներքին ընդհարումներն ու չկորցնել հույսը: Ֆրանցիսկոս Պապը բոլորի ուշադրությունը հրավիրում է Վատիկանի երկրորդ ժողովի (1965) «Ուրախություն և հույս» սահմանադրության վրա, որտեղ աշխարհականների համար կա հետևյալ կոչը.
«Ճիշտ դաստիարակված աշխարհականների խղճի պարտականությունն այն է, որ Աստվածային օրենքը մակագրվի աշխարհիկ կյանքում: Աշխարհականները քահանաներից ակնկալում են լույս և հոգևոր ուժ: Սակայն նրանք չպետք է մտածեն, որ իրենց հովիվները միշտ այդպես բանիմաց են, որ ցանկացած հարցի՝ անգամ շատ կարևոր, կարող են միանգամից տալ ճշգրիտ պատասխան, և որ դա է նրանց առաքելությունը: Աշխարհականները, լուսավորված քրիստոնեական իմաստությամբ և հավատարմորեն պահպանելով եկեղեցու վարդապետության ուսմունքները, իրե՛նք պետք է պատասխանատվություն ստանձնեն», (GS, 43):
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը