• «Զգու՛յշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար». դեկտեմբերի 4-ի ընդհանուր ուկնդրությունը

     «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եկե՛ք Աստծուն խնդրենք, որ զորացնի մեր հավատքն ու սերը Եկեղեցու նկատմամբ»


    2019թ. դեկտեմբերի 4-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ Սրբազան Քահանայապետը շարունակեց Գործք Առաքելոց գրքի մեկնությունը:

     

    Ավետարանի ճանապարհորդությունն ամբողջ աշխարհով անցնում էր Եփեսոսով. Պողոս  առաքյալի շնորհիվ մոտ 12 մարդ ընդունում են մկրտությունը՝ հանուն Հիսուս Քրիստոսի և նրանց վրա իջնում է Սուրբ Հոգին, Որով նրանք վերածնվում են: Այնուհետև Պողոս առաքյալի միջոցով կատարվում են բազմաթիվ հրաշքներ. հիվանդները բուժվում են, դիվահարներն ազատվում են դևերից: Այս ամենը տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ աշակերտը նման է Ուսուցչին և բացահայտում է Նրա ներկայությունը՝ եղբայրներին և քույրերին փոխանցելով այն նոր կյանքը, որը հենց ինքն էր ստացել:

     

    Եփեսոս ներխուժած Աստծո Զորությունը դիմակազերծում է բոլոր նրանց, ովքեր Հիսուսի անունն օգտագործում են դիվահանություն կատարելու համար՝ չունենալով դրա համար հոգևոր իրավունք, և սա ցույց է տալիս մոգության թուլությունը: Նրանք, ովքեր ընտրում են Քրիստոսին և որոշում են հետևել Նրան, թողնում են մոգությունը, որը Եփեսոսում իսկական հեղափոխության պատճառ է դառնում, բնակավայր, որը հայտնի էր իր կախարդական արվեստով: Ղուկասն ընդգծում է Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի անհամատեղելիությունը մոգության հետ:

     

    «Եթե հավատում ես Քրիստոսին, ապա չպետք է դիմես կախարդներին. հավատալ՝ նշանակում է ինքդ քեզ վստահությամբ հանձնել Աստծո ձեռքերին, որ այնքա՜ն հուսալի են այն պատճառով, որ Աստված իր մասին տեղեկացնում է ոչ թե օկկուլտային գործողությունների միջոցով, այլ՝ հայտնությամբ և անշահախնդիր սիրով»:

     

    Ֆրանցիսկոս Պապը շեշտեց, որ որոշ սնահավատ քրիստոնյաներ դիմում են գուշակներին ու խաղաքարտերի միջոցով գուշակությանը. դա անհամատեղելի է քրիստոնեության հետ: Եփեսոսում Ավետարանի տարածումը նաև վնաս է հասցնում արծաթագործ առևտրականներին, ովքեր արձանիկներ էին պատրաստում Արտեմիսի տաճարի համար՝ կրոնական պաշտամունքը վերածելով բիզնեսի: Արծաթագործները ընդվզում են Պողոս առաքյալի դեմ՝ քրիստոնյաներին մեղադրելով արծաթագործների գործին, Արտեմիսի տաճարին և պաշտամունքին վնասելու մեջ:

     

    Սրբազան Քահանայապետը բոլորին հրավիրեց ուշադրություն դարձնել Պողոս առաքյալի Միլետոնում ասված խոսքերին՝ նրա հոգևոր կտակին: Առաքյալը ուսուցանում և խրատներ է տալիս նրանց, ովքեր պետք է ղեկավարեն Եփեսոսի համայնքը նրա հեռանալուց հետո: Դա Գործք Առաքելոց գրքի ամենագեղեցիկ էջերից մեկն է: Պողոս առաքյալն ասում է. «Զգու՛յշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար», Գործք 20, 28: Սա է հովվի աշխատանքը. լինել հոտի պաշտպանը և հետևել ինքդ քեզ՝ կատարելով խղճի քննություն:

     

    «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,-ասաց Ֆրանցիսկոս Պապն իր խոսքի ավարտին,- եկե՛ք Աստծուն խնդրենք, որ զորացնի մեր հավատքն ու սերը Եկեղեցու նկատմամբ, որը Նա պահպանում է, որպեսզի մենք բոլորս կիսենք հոտի հանդեպ խնամատարության պատասխանատվությունը՝ հովիվներին աջակցելով աղոթքով, որպեսզի նրանք ցուցաբերեն Աստվածային հովվի տոկունությունն ու քնքշությունը»:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց