«Ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք: Մի՛ ունեցէք ոչ ոսկի, ոչ արծաթ եւ ոչ էլ պղինձ դրամ՝ ձեր գոտիների մէջ, ոչ պարկ՝ ճանապարհի համար, ոչ երկու զգեստ, ոչ կոշիկներ եւ ոչ էլ ցուպ, որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին», Մտթ. 10, 8-10
Դեկտեմբերի 5-ը «Կամավորների միջազգային» օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից՝ 1985թ.: Առավել ստույգ, այն կոչվում է «Կամավորների միջազգային օր՝ տնտեսական և սոցիալական զարգացման համար» և նպատակ ունի աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպություններին, որտեղ աշխատում են կամավորներ, և անհատ կամավորներին, հնարավորություն ընձեռել՝ առավել խթանելու կամավորությունը տեղական և միջազգային մակարդակներում, կառավարություններին հրավիրել ճանաչելու կամավորության կարևորությունը՝ երկրների զարգացման համար: Այլ խոսքով, սա մի օր է, որը կոչված է ուշադրության կենտրոնում պահելու կամավորներին և կամավորության գաղափարի կարևորությունն ընդհանրապես:
«Հայկական Կարիտասը», լինելով քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվող կազմակերպություն, մշտապես իր ծրագրերում հնարավորություն է ստեղծում՝ կամավորների լայն ընդգրկման, նաև համայնքներում կամավորության խթանման համար: Հետևաբար, Կամավորների միջազգային տոնն ամեն տարի նշելը Հայկական Կարիտասի համար կարևոր է: Այս տարի տոնը նշելու համար, Գյումրիում հավաքվել էին Հայաստանի տարբեր մարզերում Կարիտասի կողմից իրականացվող ծրագրերում այս կամ այն ձևով աշխատող և ներդրում ունեցած 60 երիտասարդ կամավորականներ:
Այս անգամ մասնակիցների թվում էին նաև Բավրա համայնքի Հայ կաթողիկէ երիտասարդական միության 10 անդամներ, ովքեր ևս իրենց ծառայությունն են բերել կազմակերպության համայնքային ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, սննդօգնության բաշխման մեջ, «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում մշակելով և իրականացնելով համակարգչային հիմնական ծրագրերի դասընթացը:
Միջոցառումը նախաձեռնել էր Հայկական Կարիտասի կամավորականների կորպուսի համակարգող Լիլիթ Մայլամյանը: Մասնակցում էին կազմակերպության տնօրեն Գագիկ Տարասյանը, Շահերի պաշտպան Քրիստինե Մխիթարյանը, Հոգևոր խորհրդատու Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Հասարակական կապերի մասնագետ Արմենուհի Մխոյանը, Էմիլի Արեգակ սոցիալական կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը:
Նախ երիտասարդներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց Գագիկ Տարասյանը՝ կարևորելով կամավորների լուրջ ներդրումը կազմակերպության ծրագրերի իրականացման գործում, ինչն իրականություն է արդեն 25 տարի և շատ գնահատելի է բոլորի կողմից: Առանց կամավորների աշխատանքի, շատ ծրագրեր հնարավոր չէր լինի իրականություն դարձնել:
Լիլիթ Մայլամյանը մի քանի կամավորականների խրախուսական նվերներ հանձնեց և անկացրեց գիտելիքների մրցույթ:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը համառոտ խոսեց «Կամավորության քրիստոնեական ընկալումը թեմայով»՝ նախ շեշտելով, որ կարևոր է ավելի հաճախ ստեղծել այսպիսի միասնական հանդիպումների հնարավորություններ և ասաց, որ մտադիր է առաջիկայում առաջարկել դասընթացի ձևաչափով մի հանդիպում՝ Կարիտասի բոլոր կամավորականների համար՝ ընդգրկելով նաև համայնքների երիտասարդներին: Նա շեշտեց, որ կամավորությունը խթանելու կարևոր ճանապարհներից մեկը միասնականություն է և փորձառության, ձգտումների կիսումը, փոխադարձ հարստացումը:
«Կամավորության քրիստոնեական իմաստը ճիշտ հասկանալու և այն ճիշտ գործադրելու համար մենք պետք է հասկանանք դրա արմատը: Իսկ արմատը պետք է փնտրել նախ առաջ Ավետարանում, որովհետև Քրիստոսն ինքը եղավ առաջին կամավորը, որ ոչ միայն իր ժամանակը, իր կարողությունները, այլև իր կյանքը տվեց ամբողջ մարդկության համար՝ դրանով իսկ յուրաքանչյուր մարդ արարածի համար դառնալով կամավոր նվիրումի ամենաաառանցքային, բարձրագույն և անկրկնելի օրինակը: Անկրկնելի՝ այն իմաստով, որ յանձին Հիսուս Քրիստոսի, Աստված Ի՛նքը զոհաբերվեց մեզ համար, Աստված իր կյանքը կամովին դրեց զոհասեղանին՝ մարդու համար, և գառան պես մորթվեց, որպեսզի մարդուն ազատագրի մեղքի կապանքներից, բոլոր սահմանափակումներից և տա կամավոր նվիրումի գերագույն այնպիսի մի օրինակ, ինչպիսին չէր կարող տալ ոչ մի մարդկային արարած: Քրիստոսի օրինակի լույսի ներքո «կամավորություն» հասկացությունը քրիստոնյայի համար նույնական է դառնում «կատարյալ նվիրում», «ինքնազոհաբերություն» և «սեր» հասկացություններին, որոնք Քրիստոսի Անձի, կերպարի մեջ նույն իմաստն ունեն և արտահայտվում են նույն կերպ: Այս իմաստով քրիստոնյաներիս համար լինել կամավոր՝ նշանակում է նախևառաջ նմանվել Քրիստոսին, ունենալ անձական երկխոսության, մտերմության փորձառություն՝ Հիսուս Քրիստոսի հետ: Առանց այսպիսի փորձառության, «կամավորության» մեր ընկալումը կլինի հիմքից կտրված և, ըստ էության, աննպատակ».բացատրեց Տ. Հովսեփը:
Քահանան երիտասարդներին հարց ուղղեց՝ մտածելու սեփակամ կամավորական աշխատանքի պատճառի և նպատակի մասին, լսեց մի քանի պատասխաններ և խոսքն ամփոփեց Մայր Թերեզայի խոսքերով.
«Տո’ւր աշխարհին քո ունեցած ամենալավը, և մարդիկ կփշրեն քո ատամները, բայց տո’ւր աշխարհին քո ունեցած ամենալավը ամեն դեպքում»:
Միջոցառման երկրորդ հատվածը տոնական, ժամանցային տրամադրությամբ լեցուն էր՝ համերգային ծրագրով և միասնական ճաշով, թխվածքաբլիթով: