«Աստված մանուկ դարձավ՝ մեզ ասելու համար, թե որքա՜ն մոտ է Նա յուրաքանչյուր մարդու, անկախ նրանից թե ինչ իրավիճակում է գտնվում մարդը». Ֆրանցիսկոս
2019թ. դեկտեմբերի 1-ին հրապարակվեց Ֆրանցիսկոս Պապի «Հրաշալի նշան» (“Admirabile signum”) առաքելական ուղերձը՝ նվիրված Սուրբ Ծննդյան մսուրին:
Փաստաթղթի տեքստում կարդում ենք, որ Սուրբ Ծննդյան իրադարձության պատկերը հավասարազոր է «Աստծո Որդու Մարմնավորման խորհրդի հռչակմանը՝ ուրախությամբ ու պարզությամբ»: Պարզաբանելով իր ուղերձի նպատակը՝ Ֆրանցիսկոս Քահանայապետը գրում է, որ ցանկանում է զորացնել ընտանիքներում Սուրբ Ծննդյան մսուրի ստեղծման ավանդույթը: Հիշեցնելով «praesepium» բառի ստուգաբանությունը, որը նշանակում է մսուր՝ կերակրատաշտակ կենդանիների համար, Սրբազան Քահանայապետը մեջբերում է Սբ. Օգոստինոսի խոսքերը. «Հիսուս, Ում դրեցին մսուրի մեջ, դարձավ մեր սնունդը, կերակուրը»:
1223թ. Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցին ստեղծելով Սուրբ Ծննդյան տեսարանը՝ «ավետարանացման մեծ գործ արեց». «Նրա կոչը ներթափանցեց քրիստոնյաների սրտերը և մինչև այսօր էլ հանդիսանում է պարզ սրտով մեր հավատքի գեղեցկությունը արտահայտելու յուրահատուկ միջոց»:
Սուրբ Ծննդյան մսուրի «հրաշալի նշանի» իմաստն այն է, որ մեզ բացահայտում է Աստծո քնքշությունը, Ով իջավ մինչև մեր փոքրությունը: Աստված մեզ հրավիրում է հետևել Իրեն՝ հնազանդության ճանապարհով, տեսնել և ծառայելով Իրեն մեր ամենակարիքավոր եղբայրների ու քույրերի մեջ:
Ֆրանցիսկոս Պապը թվարկում է Սուրբ Ծննդյան տեսարանի տարբեր նշաններ: Դա աստղազարդ երկինքն է՝ գիշերվա խավարի ու լռության մեջ. «Եվ այսպիսի պահերին Աստված մեզ մենակ չի թողնում, Նա մեզ հետ է»: Աստված «լուսավորում է այնտեղ, որտեղ մութ է, և փայլատակում է նրանց, ովքեր անցնում են տառապանքի խավարի միջով»: Բնապատկերները, որոնք ընդգրկում են նաև տների ու հին ապարանքների ավերակները «անկում ապրած մարդկության տեսանելի նշանն է», որը Հիսուս եկել է բուժելու և վերականգնելու: Լեռները, առուները, ոչխարները, ամբողջ արարչագործությունը մասնակցում են Փրկչի գալստյան տոնակատարությանը: Հրեշտակներն ու Բեթղեհեմի աստղը՝ «մեր ճանապարհ ընկնելու, դեպի քարանձավ գնալու և Աստծո առջև խոնարհվելու կոչման» նշաններն են: Հովիվները վկայում են, որ «միայն ամենախոնարհներն ու աղքատներն են ունակ ընդունելու Մարդեղության խորհուրդը»: Աղքատների արձանիկները հիշեցնում են, որ «աղքատները հանդիսանում են այս խորհրդի ընտրյալները և, հաճախ, հենց նրանց է հաջողվում ավելի լավ բացահայտել Աստծո ներկայությունը մեր մեջ»՝ ի տարբերություն աշխարհի հզորների, որոնք այնքա՜ն անտեղյակ ու անգետ են Ավետարանից, որ խորհրդանշում են հեռվում տեղակայված Հերովդեսի ապարանքը:
Բայց նաև մսուրի մեջ դնում են այնպիսի արձանիկներ, որոնք կարծես թե ոչ մի առնչություն չունեն ավետարանական պատմվածքի հետ: Դա նշանակում է, որ «Հիսուս Քրիստոսով վերափոխված այս նոր աշխարհում տեղ կա համայն մարդկության և բոլոր արարածների համար»: Տարբեր մասնագիտությունների ու սոցիալական խմբերի ներկայացուցիչների արձանիկները ներկայացնում են «ամենօրյա սրբությունը, ուրախությունն՝ այն պատճառով, որ սովորական գործերը դառնում են առանձնահատուկ, երբ Հիսուս մեզ հետ կիսում է Իր Աստվածային կյանքը»:
Մսուրի կենտրոնում գտնվում են Սուրբ Աստվածածինն ու Սուրբ Հովսեփը: Մարիամը վկայում է Աստծո կամքին ենթարկվելու հնազանդությունը, իսկ Հովսեփը անտրտունջ պաշտպանում է իր ընտանիքը: Եվ, իհակե, Փոքրիկ Հիսուսի արձանիկը, Ով վեր է Աստծո մասին մարդկային բոլոր պատկերացումներից. «Նա փխրունության մեջ թաքնված է ամեն ինչ արարող ու վերափոխող ուժը, զորությունը»:
Վերջապես, վերջին նշանը՝ մոգերը: Նրանց արձանիկները տեղադրում են մսուրի մեջ՝ Աստվածահայտնության տոնի ժամանակ. Նրանք մեզ հիշեցնում են, որ «Հիսուսի մոտ կարելի է գալ նաև շատ հեռվից»:
«Աստված մանուկ դարձավ,-իր ուղերձում գրում է Ֆրանցիսկոս Պապը,-մեզ ասելու համար, թե որքա՜ն մոտ է Նա յուրաքանչյուր մարդու, անկախ նրանից թե ինչ իրավիճակում է գտնվում մարդը»:
Vatican News, ռուսերեն բաժին, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը