Մեկուսացած, օտարացած ու ընկճված «ես»-ին պետք է հակադրել փոխկապակցված, հաղորդակցվող ու տոնական «մենք»-ը:
Հիմք ընդունելով Ճապոնիայի արդի տնտեսական զարգացվածությունը՝ Ֆրանցիսկոս Քահանայապետը նշեց, որ բազմաթիվ մարդիկ ընկճված են սոցիալական պահանջների պատճառով և դրա համար անգամ իրենց կյանքով են վճարում:
2019թ. նոյեմբերի 25-ին Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց «Տոկիո-Տուն» ստադիոնում: Առաջին ընթերցումը Ծննդոց Գրքից էր, իսկ ավետարանական ընթերցումը՝ Մատթեոսի Ավետարանից՝ Լեռան քարոզը: Այս հատվածը,-ասաց Ֆրանցիսկոս Պապն իր քարոզում,- «ցույց է տալիս այն ճանապարհի գեղեցկությունը, որով մենք պետք է քայլենք»: Համաձայն Աստվածաշնչի՝ լեռը դա այն վայրն է, որտեղ Աստված բացահայտում է Ինքն Իրեն: Մենք մեր ուժերով չենք կարող բարձրանալ այդ լեռան գագաթը: Կկարողանանք, եթե միայն ուշադիր լսենք Ուսուցչին: Հիսուսի մեջ մենք գտնում ենք «համայն մարդկության բարձունքը, և Նա մեզ ցույց է տալիս դեպի կատարելություն տանող ճանապարհը, որը գերազանցում է բոլոր հայտնի հաշվարկները»: Հիսուսի մեջ մենք ձեռք ենք բերում նոր կյանք և Աստծո սիրելի զավակների ազատությունը:
«Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ այս ճանապարհին վերջնական ազատությունը կարող է խաթարվել, երբ մենք դառնում ենք մրցակցության ու վախի արատավոր շրջանակի գերիները կամ էլ, երբ մեր ամբողջ ուշադրությունն ու ողջ էներգիան կենտրոնացնում ենք արդյունավետության և սպառողականության տանջալից ու ցնորական որոնումների վրա՝ որպես մեր որոշումների վավերացման միակ չափանիշ»:
Այդ չափանիշը, պարզաբանեց Ֆրանցիսկոս Քահանայապետը, մեզ դարձնում է անզգա ու անխոցելի՝ այն ամենի նկատմամբ, ինչն իրականում կարևոր է: Հիմք ընդունելով արդի ճապոնական իրականությունը, որի մասին նրան պատմել էին երիտասարդները՝ նրանց հետ հանդիպման ժամանակ, Սրբազան Քահանայապետը հիշատակեց բազմաթիվ մարդկանց սոցիալական մեկուսացումը. նրանք մնում են ճամփեզրին ու չեն հասկանում իրենց սեփական կյանքի իմաստը: Ֆրանցիսկոս Պապը կարծում է, որ դրա պատճառը հանդիսանում է շահույթ ու արդյունավետություն գտնելու չափազանց մեծ մրցակցությունը: Այն ընկճում է շատերին, ճնշելով պահանջների ու տագնապի շատ ծանր բեռով՝ զրկելով հանգստից ու հավասարակշռությունից:
«Որպես բուժիչ բալասան հնչում են Հիսուսի խոսքերը, Ով հորդորում է չանհանգստանալ և հուսալ: Երեք անգամ և համառորեն Նա կրկնում է. «Մի՛ անհանգստացեք ձեր կյանքի ու վաղվա համար»: Սա չի նշանակում, որ պետք է անուշադիր լինենք մեր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին կամ էլ անփութություն ցուցաբերենք մեր գործերի ու առօրյա պարտականությունների նկատմամբ: Ընդհակառակը, սա մեր մտահորիզոնն ընդլայլելու և մեր հայացքը դեպի Նա ուղղելու կոչ է. «Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»»:
Աստված չի ասում, որ մարդու հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդն ու հագուստը, կարևոր չեն: Նա հորդորում է վերանայել առաջնահերթությունները, որպեսզի ամեն գնով, երբեմն նաև՝ կյանքի գնով, հաջողության հասնելու մրցավազքի ժամանակ ծուղակը չընկնենք: Մեկուսացած, օտարացած ու ընկճված «ես»-ին պետք է հակադրել փոխկապակցված, հաղորդակցվող ու տոնական «մենք»-ը: Դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մենք ընդունում ենք, որ մեր կյանքը պարգև է, իսկ ազատությունը՝ շնորհ:
Մեկնաբանելով առաջին ընթերցումը՝ գեղեցկությամբ ու կյանքով լի աշխարհի արարման մասին՝ Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ մենք՝ որպես քրիստոնեական համայնք, կոչված ենք պաշտպանել յուրաքանչյուրի կյանքը. «Մի՞թե ինչ-որ մեկը արժանի չէ սիրո՝ միայն այն պատճառով, որ նա տկար է ու հաշմանդամ: Մի՞թե մարդն արժանի չէ սիրո՝ միայն այն պատճառով, որ նա օտարերկրացի է, կամ սխալ է թույլ տվել, կամ հիվանդ է, կամ էլ գտնվում է բանտում»: Հիսուս գրկեց բոլորին՝ բորոտին, կույրին ու անդամալույծին, փարիսեցուն, մեղավորին ու ավազակին: Նա ներեց նրանց, ովքեր իրեն մահվան դատապարտեցին Խաչի վրա:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան