• Գյումրիի «Սրբոց Մարտիրոսաց» առաջնորդանիստ տաճար

    1991թ., երբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը ձևավորեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկների թեմը՝ Գերշն. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի առաջնորդությամբ, հայ կաթողիկե հոգևորականները վերսկսեցին իրենց առաքելությունը Հայաստանում, Գյումրիում հաստատվեց թեմի առաջնորդարանը՝ Աթարբեկյան 82 հասցեում, համայնքը տասնամյակների հարկադիր անզգայացումից հետո սկսեց հոգևոր զարթոնք ապրել, աղոթատուն ունենալու խնդիրը օրըստօրե ավելի հրատապ էր դառնում:   Խոնարհված […]


    1991թ., երբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը ձևավորեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկների թեմը՝ Գերշն. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի առաջնորդությամբ, հայ կաթողիկե հոգևորականները վերսկսեցին իրենց առաքելությունը Հայաստանում, Գյումրիում հաստատվեց թեմի առաջնորդարանը՝ Աթարբեկյան 82 հասցեում, համայնքը տասնամյակների հարկադիր անզգայացումից հետո սկսեց հոգևոր զարթոնք ապրել, աղոթատուն ունենալու խնդիրը օրըստօրե ավելի հրատապ էր դառնում:

     

    Խոնարհված աղոթատունը վերանորոգելու համար հարկ կլիներ նախ լուծել այնտեղ ապաստանած ընտանիքներին բնակարաններով ապահովելու բարդ խնդիրը, իսկ դա հսկայական ծախսեր էր պահանջում, որոնք գումարվելու էին վերանորոգման մեծ ծախսերին: Հետևաբար, որոշվեց կառուցել նոր աղոթատուն: Նոր տաճարի կառուցման աշխատանքները հնարավոր եղավ մեծ դժվարություններով սկսել միայն 2010թ., թեմի առաջնորդական տեղապահ Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի և Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի ջանքերով, ով կարողացավ ի վերջո ստանալ ՀՀ Մշակույթի նախարարության թույլտվությունը՝ քանդելու այժմյան նորակառույց տաճարի տարածքում գտնվող պատմամշակութային արժեք համարվող հին շինությունը և տեղում կառուցելու տաճարը:

     

    Երբ ձեռնարկվեցին տաճարի հիմքերի փորման աշխատանքները, բարդություններ առաջ եկան գրունտային ջրերի արտահոսքի պատճառով, ինչը ստիպեց շինարարներին կարճ ժամանակով դադարեցնել աշխատանքը, մինչև որ ճիշտ լուծում տրվեց խնդրին: Շինարարությունը լայն թափ շարունակվեց:

     

    Ճարտարապետը Հակոբ Ջիվանյանն է՝ փորձառու մի մասնագետ, ով որոշեց ճարտարապետական առանձնահատուկ մի կառույց պարգևել Եկեղեցուն՝ 8 խաչվող կամարներով, առանց ներքին սյուների, մոտ 30 մետր բարձրությամբ, Զվարթնոցի տաճարին հատուկ ճարտարապետական տարրերով, որոնց վերջնական գեղեցկությունը հավատացյալները կկարողանան ըստ արժանվույն գնահատել արդեն 2015թ. գարնանը, երբ աղոթատան շինարարական ու ներքին հարդարման աշխատանքները լրիվությամբ կավարտվեն:

     

    Աղոթատունն ի սկզբանե անվանակոչվել է Սբ. Խաչ, բայց ի տես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, վերանվանվել է Սրբոց Մարտիրոսաց՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի 1,5 մլն զոհերի և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ հալածվել են իրենց հավատքի համար ու իրենց ջերմեռանդությունը փոխանցել ներկայիս սերունդներին: Հավատացյալները հպարտ են՝ տեսնելով վերածնված համայնք, խոնարհված հին տաճարի հիշատակն իր մեջ սրբությամբ ամփոփող, շքեղությամբ վեր խոյացող մի երիտասարդ աղոթատուն՝ պատրաստ դիմակայելու նոր փորձությունների ու իր խաչվող ամուր կամարների ներքո երաշխավորելու հայ ժողովրդի հավատքի ամրությունն ու վերելքը:

     

    Ինչպես լրագրողների հետ իր խոսքում խաչերի օծման առիթով նշեց Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, այս աղոթատունը բաց է բոլորի առջև՝ առանց խտրականություն դնելու կաթողիկեների, առաքելականների կամ այլոց միջև, այն ևս մեկ նոր հոգևոր տուն է, Աստուծոյ հետ հաղորդվելու սրբավայր:

     

    Իսկ ժողովրդապետ Հայր Պետրոս վրդ. Եսայանը ուրախ է, որ այսուհետ հավատացյալները, որոնք նախկինում խուսափում էին աղոթքի գալ ժողովրդապետության շենքի նկուղային հարկի աղոթասրահում, այժմ ավելի հոծ բազմությամբ կհաճախեն եկեղեցի:

     

    Նոր աղոթատունը, նրա խոսքերով, վերածնվող հավատքի խորհրդանշական փյունիկն է, որն իր թևերի տակ կհավաքի իր ձագուկներին ու կճախրի առ Աստված: Սրբոց Մարտիրոսաց աղոթատան օծումն ու բացումը կլինի 2015թ. մարտ կամ ապրիլ ամիսներին, հավանական է՝ Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի ներկայությամբ և օրհնությամբ, հանդիսավոր տոնակատարությամբ, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Իսկ անդրանիկ Սբ. Պատարագը նախատեսվում է տաճարում մատուցել 2015թ.:

Օրացույց

Օրացույց