Այս ողբերգական հիշողությունը պետք է սթափեցնի մեր ժամանակակիցների գիտակցությունը, հատկապես նրանց, ովքեր «այսօր առանձնահատուկ դեր են խաղում ժողովուրդների ճակատագրերում»
2019թ. նոյեմբերի 24-ին Սրբազան Քահանայապետը Նագասակիից ժամանեց Հերոսիմա, որտեղ Խաղաղության հուշահամալիրում հատուկ ուղերձով դիմեց Խաղաղության հանդիպման մասնակիցներին:
Միջոցառմանը մասնակցեց մոտ 1.300 մարդ, այդ թվում մեծաթիվ քրիստոնյա ուխտավորներ ու կրոնական առաջնորդներ: Զոհերի հիշատակի համար ծաղիկներ դրվեցին, մոմեր վառվեցին, ղողանջեցին զանգերը: Հենց այդտեղ, որտեղ 1945թ. օգոստոսի 6-ին տեղի էր ունեցել ատոմային ռմբակոծություն, հնչեցին աղետը վերապրած երկու անձանց վկայությունները. ատոմային ռումբի պայթյունը 80.000 մարդու կյանք էր խլել: Ցավի ու տառապանքի խոսքեր լսելուց հետո Սրբազան Քահանայապետը հարգանքի տուրք մատուցեց այն բազմաթիվ մարդկանց, ովքեր մի ակնթարթում դարձան կործանման ու մահվան ալիքի զոհը. «Լռության այս անդունդից այսօր ևս լսվում է բարձրաձայն աղաղակը՝ նրանց, ովքեր այլևս չկան»: Դրա համար շատ կարևոր է «հիշել, միասին քայլել, պաշտպանել», ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը, «սերնդեսերունդ պահպանել կատարվածի կենդանի հիշատակը, որպես առավել արդար ու եղբայրական աշխարհ ստեղծելու մարտահրավեր»: Այս ողբերգական հիշողությունը պետք է սթափեցնի մեր ժամանակակիցների գիտակցությունը, հատկապես նրանց, ովքեր «այսօր առանձնահատուկ դեր են խաղում ժողովուրդների ճակատագրերում»: Աշխարհում աճում է մարդկանց կյանքերին սպառնացող լարվածությունը, անհավասարությունն ու անարդարությունը, փաստ է նաև մեր ընդհանուր տան մասին հոգ տանելու լուրջ անկարողությունը, շատ երկրներում մշտապես կամ պարբերաբար կրակոցներ են հնչում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Ես անտարակույս հայտարարում եմ, որ ատոմային էներգիայի կիրառումը ռազմական նպատակներով, առավել քան երբևէ, համարվում է հանցագործություն, և ոչ միայն մարդու ու նրա արժանապատվության նկատմամբ, այլ նաև՝ մեր ընդհանուր տան մեջ ցանկացած հնարավոր ապագայի նկատմամբ: Ատոմային էներգիայի կիրառումը ռազմական նպատակներով, ինչպես նաև ատոմային զենք ունենալն անբարոյականություն է, ինչի մասին ես արդեն խոսել եմ երկու տարի առաջ: Դրա համար մեզ կդատապարտեն: Մենք ինչպե՞ս կարող ենք խոսել խաղաղության մասին, եթե անընդհատ ահաբեկում ենք միջուկային պատերազմով՝ որպես հակամարտությունների լուծման օրինական միջոց: Թող այս ցավի անդունդը մեզ հիշեցնի այն սահմանների մասին, որոնք երբեք պետք չէ անցնել: Իսկական աշխարհը պետք է լինի աշխարհ առանց զենքի»:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան