• Ֆրանցիսկոս Քահանայապետն այցելեց Նագասակիի ճապոնացի նահատակների սրբավայր

    «Ես այստեղ եկել եմ որպես ուխտավոր, որպեսզի աղոթեմ, որպեսզի հաստատեմ և ինքս հաստատվեմ հավատի մեջ՝ այս եղբայրների կողմից»


    2019թ. նոյեմբերի 24-ին, Ֆրանցիսկոս Պապը Ճապոնիայում այցելեց Նագասակի քաղաքում գտնվող Նիսիջակա բլուրը, որտեղ 1597թ. փետրվարի 5-ին սյոգուն Տոյոտոմի Խիդէյոսի հրամանով խաչվեցին Սբ. Պողոս Միկին և նրա 25 համախոհները: Նրանց նահատակությամբ Ճապոնիայում սկիզբ դրվեց հակաքրիստոնեական հալածանքների երկարատև ժամանաշրջանին: Ներկայումս նահատակների մահապատժի վայրում կանգնեցված է հուշարձան, որը հռչակված է որպես Ճապոնիայի ազգային սրբավայր: Պողոս Միկին և նրա 25 ընկերները սրբադասվել են Պիոս Թ Պապի կողմից 1862թ-ին:

     

    «Ես այստեղ եկել եմ որպես ուխտավոր, որպեսզի աղոթեմ, որպեսզի հաստատեմ և ինքս հաստատվեմ հավատի մեջ՝ այս եղբայրների կողմից, ովքեր մեզ ցույց են տալիս ուղին իրենց վկայությամբ ու անձնազոհությամբ»,- ասաց Ֆրանցիսկոս Պապն՝ ընդգծելով, որ ճապոնացի նահատակների սրբավայրը «խոսում է կյանքի հաղթանակի մասին»: Պատահական չէր, որ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը, ով այստեղ եղել է 1981թ., այս վայրում տեսավ ոչ միայն Գողգոթան, այլ նաև՝ Երանության լեռը. «Ամենից առաջ այս հուշարձանը ավետում է Զատիկը, քանզի այն հայտարարում է, որ վերջին խոսքը՝ չնայած բոլոր դեմ փաստարկներին, մահվանը չէ, այլ կյանքինն է: Մենք կոչված են ոչ թե մահվան, այլ լիակատար Կյանքի համար»: Այս վայրում, որը պահպանում է մահվան ու նահատակության խավարի հիշողությունը, ավետվում է հարության լույսը: Նահատակների վկայությունը մեզ օգնում է «լինել աշակերտներ-միսիոներներ, ովքեր կարող են աշխատել հանուն մի մշակույթի, որն ունակ է պահպանել և պաշտպանել յուրաքանչյուր կյանք՝ բոլոր մարդկանց, հատկապես, ամենակարիքավորներին ամենօրյա լուռ ծառայության «նահատակության» միջոցով»:

     

    Այստեղ,-այնուհետև ասաց Ֆրանցիսկոս Պապը,- մենք «միավորվում ենք քրիստոնյաների հետ, ովքեր այսօր աշխարհի տարբեր ծայրերում տառապում ու նահատակվում են իրենց հավատքի պատճառով: 21-րդ դարի նահատակներն իրենց վկայությամբ մեզ խրախուսում են քաջությամբ ընթանալ Երանության պատվիրանների ուղով»,- ասաց Ֆրանցիսկոս Քահանայապետը և աղոթեց Սուրբ Աստվածածնին՝ նահատակների Թագուհուն, որպեսզի ճապոնացի նահատակների զոհաբերության պտուղները շարունակեն վերակենդանացնել քրիստոնեական առաքելությունը:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց