• «Հայկական Կարիտասի» գործունեության հոգևոր հիմքի առավել խոր ընկալման և հստակ մարմնավորման ճանապարհին

    «Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել», Հվհ., 15, 5


    «Կարիտասը»՝ որպես միջազգային բարեգործական կազմերպություն, Աստծո սիրո արտահայտությունն է՝ օգնության կարիք ունեցող մարդկանց հանդեպ, «Աստծո ներկայության նշանը՝ մարդկանց մեջ», ինչպես ասում էր Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը: «Հայկական Կարիտասի» Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը վերջերս ասաց. «Կարիտասը Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցու զավակն է, կամ պարզապես՝ Աստծու Սուրբ Եկեղեցու բարեգործության գործիքը: Կարո՞ղ եք պատկերացնել. այդ  զավակը՝ յուրահատուկ նկարագրով, գալիս է աշխարհ՝ Հիսուսի հետ միասին ասելու. «Եկե՛ք ինձ մոտ՝ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ», Մտթ. 11, 28: Այս ճշմարտությունը մեծագույն մի պատասխանատվություն է դնում մեր ուսերին, որը ստիպում է մեզ քննել, թե արդյո՞ք մեր աշխատանքը, մեր ծրագրերը լիովին ամուր հիմնված են Տիրոջ Ավետարանի սկզբունքների վրա, Նրա Սուրբ Եկեղեցու ուսմունքի վրա:

     

    Ի նկատի առնելով այն փաստը, որ «Հայկական Կարիտասը» Եկեղեցու բարեգործական կամ սոցիալական առաքելությունն իրականացնող, հիմքում հոգևոր նկարագիր ունեցող մի հաստատություն է, ղեկավարությունը շատ կարևոր է համարում կազմակերպության աշխատանքում հաստատուն տեղ հատկացնել Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի ուսումնասիրությանը, հոգևոր խորհրդածությանը և աղոթական կյանքին, ինչն անհրաժեշտ է Կարիտասի առաքելությունը լավագույն ձևով իրականացնելու և Եկեղեցու առաքելության լայն հունի մեջ իր նախասահմանված գործառույթը կատարելու համար:

     

     

    Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի առանցքային սկզբունքներից մեկը և Եկեղեցու՝ մարդուն ուղղված առաքելության,  հիմնական նպատակը մարդու և մարդկության փրկությունն է՝ համակողմանի զարգացման (integral human development) ճանապարհով:

     

    Տրամաբանական է, որ անհնար է նպաստել կարիքի մեջ ապրող մարդու ամբողջական զարգացմանը, եթե նախ հարատև ջանք չխնայենք ինքներս մեր ամբողջական, ներդաշնակ զարգացման համար՝ թե մասնագիտական և, թե հոգևոր ներքին նկարագրով: Նախ հարկ է մտածել և նոր ուղիներ գտնել՝ աշխատող սուբյեկտի ներդաշնակությունը զարգացնելու համար, որպեսզի հնարավոր լինի հասնել նաև մեր աշխատանքի հասցեական անձանց ներդաշնակությանը:

     

    Այս ճշմարտությունը գործնականում արտահայտելու նպատակով Հայկական Կարիտասի՝ Հայաստանի բոլոր կենտրոններում («Հայկական Կարիտասի» կենտրոնական գրասենյակում, դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների «Փոքրիկ իշխան» կենտրոններում, տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում, «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային հոգածության կենտրոնում, Առողջության առաջնային պահպանության կենտրոնում, «Սաբինե» փոքր խմբով տանը, Միգրացիայի և ինտեգրման ծրագրերով զբաղվող գրասենյակում) անձնակազմերի համար կազմակերպվում են աշխատաժողովներ կամ հոգևոր խորհրդածության հանդիպումներ՝ կազմակերպության ինքնության, արժեքների, աշխատանքի վերաիմաստավորման, Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնական սկզբունքների և առանձին թեմաների շուրջ, որոնք, ինչպես ընդունված է Կարիտասում ընդհանրապես, պետք է լինեն քրիստոնեական բարեգործության կամ սոցիալական աշխատանքի գաղափարական հենքը:

     

    Այս աշխատանքը Հայկական Կարիտասի անձնակազմի հետ հայ կաթողիկէ հոգևորականները և կազմակերպության տնօրինությունը տարել են մշտապես՝ տարբեր ձևաչափերով:

     

    Զուգահեռ, կանոնավոր աշխատանք է տարվում նաև Հայկական Կարիտասի շահառուների հետ: Կազմակերպության հոգևոր խորհրդատուն (այժմ՝ ես Տ. Հովսեփ Քհն. Գալստյանս) անցկացնում է հոգևոր զրույցներ՝ շահառուներին հետաքրքող տարբեր թեմաներով, դասընթացներ, միասնական աղոթքներ, տոնական միջոցառումներ, բեմադրություններ՝ անձանակազմի և կամավորականների օգնությամբ:

     

    2019թ. սեպտեմբերից հոգևոր խորհրդատվության աշխատանքը դարձել է առավել ինտենսիվ՝ 1 ժամ տևողությամբ ամսական 20-25 հանդիպումներով: Հանդիպումների մեծ մասն առայժմ Գյումրիի կենտրոննում է՝ ժամանակի սղության և իմ զբաղվածության պատճառով, բայց նախատեսում եմ հետագայում ինտենսիվ դարձնել նաև այլ կենտրոններում:

     

    Այս աշխատանքում իրենց լուրջ ներդրումն ունեն նաև այլ մարզերում աշխատող հոգևորականները: Օրինակ՝ Տաշիրի «Փոքրիկ իշխան» կենտրոնում անձնակազմի, երեխաների և ծնողների հետ հոգևոր զրույցների, աղոթքի միջոցով շարունակական աշխատանք է տանում տեղի հոգևոր հովիվ Հ. Ներսես Վրդ. Գալստյանը: Իսկ Գավառի Փոքրիկ իշխան կենտրոնի շահառու երեխաների հետ հոգևոր զրույցներ են անցկացնում տեղի հայ առաքելական հոգևորականները:

     

    Միասնական աշխատանքի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:

     

    Համագործակցությունը և միասնական աշխատանքը, անխտրական վերաբերմունքը, բաց լինելը մարդ անհատի առջև՝ ընդունելով նրան այնպիսին, ինչպիսին որ կա, քրիստոնեական սիրո գործադրության կարևորագույն ճանապարհներից մեկն է և համահունչ Ընդհանրական Եկեղեցու առաքելական ոգուն՝ ամենուր սփռելու Ավետարանի լույսը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    «Հայկական Կարիտասի» Հոգևոր խորհրդատու

Օրացույց

Օրացույց


Recent Comments