«Դուք կենդանի Եկեղեցի եք, որը պահպանվել է՝ Աստծո անունը արտասանելով և խորհելով այն մասին, թե ինչպես է Աստված առաջնորդել ձեզ՝ հալածանքների ժամանակ»
Նոյեմբերի 23-ին սկսվեց Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետի առաքելական այցի երկրորդ փուլը դեպի Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ՝ Ճապոնիա: «Պաշտպանել յուրաքանչյուրի կյանքը» նշանաբանով այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ը:
Տոկիոյի միջազգային Խանէդա օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն առաքելական նվիրակության նստավայրում հանդիպեց տեղի եպիսկոպոսների հետ: Ֆրանցիսկոս Պապը ջերմորեն ողջունեց Ճապոնիայի Կաթողիկէ Եկեղեցու հոգևորականությանն ու աշխարհականներին, ինչպես նաև Ծագող Արևի Երկրի ողջ բնակչությանը: Ուղևորությունը դեպի Ճապոնիա եղել է դեռևս քահանա և ապա՝ եպիսկոպոս Խորխե Բերգոլիոյի (ներկայիս՝ Ֆանցիսկոս Քահանայապետը) վաղեմի երազանքը և հիմա նա մեծ երախտագիտությամբ է ընդունում այս միսիոներական հնարավորությունը:
Նույն օրը հանդիպելով Ճապոնիայի Կաթողիկէ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ Սրբազան Քահանայապետը հիշեցրեց Ճապոնիայի կաթողիկէ համայնքի հերոսական պատմության դրվագները, համայք, որը հավատքն ընդունեց՝ անձնուրաց միսիոներների շնորհիվ ու կարողացավ պահպանել այն՝ չնայած բազմաթիվ դժվարություններին ու հալածանքներին:
«Ձեր համայնքի ԴՆԹ-ն դրոշմված է այդ վկայությամբ, որը հակաթույն է հուսահատության դեմ և ցույց է տալիս այն ուղին, որով դուք պետք է քայլեք: Դուք կենդանի Եկեղեցի եք, որը պահպանվել է՝ Աստծո անունը արտասանելով և խորհելով այն մասին, թե ինչպես է Աստված առաջնորդել ձեզ՝ հալածանքների ժամանակ»:
Այս տարիների ընթացքում տեղի համայնքը ձևավորել է եկեղեցու կերպարը, որը բարձր է գնահատվում ճապոնական հասարակության կողմից՝ ընդհանուր բարօրության մեջ հարուստ ներդրում ունենալու շնորհիվ: Ֆրանցիսկոս Քահանայապետը հիշեցրեց իր այցի նշանաբանի մասին. «Պաշտպանել յուրաքանչյուր կյանք», այս կոչը կարող է դառնալ նաև եպիսկոպոսական ծառայության խորհրդանիշ: Կյանքի պաշտպանությունը և Ավետարանի հռչակումը փոխկապակցված են. «Եվ մեկը, և մյուսը նշանակում է ուշադիր լինել այն ամենի նկատմամբ, ինչը կարող է խոչընդոտել մարդկանց միասնական զարգացմանը, ում այսօր, այս հողերում վստահված է Հիսուս Քրիստոսի Ավետարանի լույսը»:
Ճապոնիայի Եկեղեցին մեծաքանակ չէ, սակայն այդ հանգամանքը չպետք է թուլացնի ավետարանացման ձեր ջանքերը. «Ձեր հյուրընկալությունն ու հոգատարությունը՝ օտարերկրյա բազմաթիվ աշխատողների հանդեպ, ովքեր կազմում են Ճապոնիայի կաթողիկէների կեսից ավելին, ոչ միայն հանդիսանում է Ավետարանի վկայությունը ճապոնացի ժողովրդի մեջ, այլ նաև՝ Եկեղեցու համընդհանուրության»: Մեր միասնությունը Քրիստոսի հետ ավելի զորավոր է, քան ցանկացած այլ կապ, որը ունակ է ներթափանցել արդի բոլոր իրողությունների մեջ:
Սրբազան Քահանայապետը տեղի Եկեղեցուն կոչ արեց վճռականությամբ արտահայտվել խաղաղության ու արդարության հրատապ հարցերի մասին՝ միշտ հանդես գալով որպես յուրաքանչյուր կյանքի պաշտպան: Այս հարցն առավել ակտուալ է՝ ի նկատի ունենալով ճապոնական հասարակության արդիական խնդիրները՝ միայնություն, հուսահատություն, մեկուսացում, ինքնասպանությունների թվի աճ, ահաբեկություն, ինչպես նաև ինքնակամ մեկուսացում հասարակական կյանքից, որը հատկապես վերաբերում է երիտասարդությանը: Եկեղեցին կոչված է ձևավորելու անձնուրաց և մերձավորի հանդեպ սիրո սիրո մշակույթ, որը կարող է յուրաքանչյուր մարդու տալ երջանիկ ու լիարժեք կյանքի հնարավորություն: Կաթողիկէ երիտասարդությունը պետք է լինի հույսի փարոս՝ հասակակիցների համար ու քրիստոնեական սիրո կենդանի վկա:
Իր ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը եպիսկոպոսներին կոչ արեց շարունակել առաքելությունը և ջանալ ներգրավել ընտանիքներին՝ միշտ հիշելով այն մասին, որ «ցանկացած առաքելություն սկսվում է այնտեղ, որտեղ կան մարդիկ՝ իրենց սովորություններով ու զբաղմունքներով հանդերձ: Հենց այդտեղ մենք պետք է նվաճենք քաղաքների, ձեռնարկությունների ու համալսարանների սրտերը, որպեսզի ուղեկցենք մեզ վստահված հավատացյալներին՝ կարեկցանքի ու գթասրտության Ավետարանով»:
Vatican News, ռուսական բաժին, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան