• Հ. Ներսես Վրդ. Գալստյանի խոսքը՝ Մեծավանի հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկի առթիվ

    «Մենք հավատքի տեր մարդիկ ենք»


    2019թ. նոյեմբերի 15-ին մեկնարկեց Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում մեկնարկեցին գյուղի հիմնադրման և տարածաշրջանում հայ կաթողիկէ բնակչության հաստատման 200-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Հանդիսավոր արարողությունը սկսվեց Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի օրհնությամբ:  Ներկա էին միջոցառման նախաձեռնող Մեծավանի գյուղապետ Սերյոժա Վարդանյանը, նաև Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը և այլ պաշտոնատար անձինք, հյուրեր, համայնքի հոծ բնակչություն:

     

    Հոգշն. Հ. Ներսես Վրդ. Գալսյանն իր խոսքում ասաց հետևյալը.

     

    «Շահնազար գյուղի հիմնադրման ժամանակ չկային գյուղապետեր, պաշտոնյաներ, այլ կային միայն այն հոգևորականները, որոնք ամեն օր ոչ միայն կռվում էին թշնամիների դեմ, այլ նաև բոլոր քաղաքական, ռազմավարական գործերի մեջ հաղթանակներ էին տանում:

    Ինչպես լսեցիք, ընդամենը մի քանի ընտանիք, որոնք Մխիթար վարդապետի հետ միասին, կրկնակի անգամ գաղթեցին, այստեղ հաստատվեցին կայսեր հրահանգով: Եթե ընդունենք, որ 1828թ. այստեղ հաստատվեցին 40-60 ընտանիքներ, արդեն 1861թ. կովկասյան օրացույցը հատուկ ձևով մատնանշում է, որ այստեղ 1500-ից  ավելի բնակչություն և Կաթողիկէ եկեղեցու հավատացյալներ կան: Սա խոսում է այն մասին, որ կյանքն առաջ է ընթացել անկախ բոլոր դժվարություններից: Եվ այսօր հատուկ ձևով խոնարհվելու պարտավորություն ունենք այդ հոգևորաց դասի շիրիմներին և հիշատակելու, հպարտանալու, որ այս գյուղը նաև այսպիսի հոգևորականներ է տվել: Ժամանակի մեծագույն հոգևորականներից մեկը Յազիչյան վարդապետը, ով տարեգիր մտցրեց, պատմական ակնարկներ գրեց, Մեծավանի ու Ալաշկերտի համայնքների մասին տեղեկագրական փաստեր փոխանցեց մեզ: Մինչ այսօր բազմաթիվ գրքեր գրվեցին, բազմաթիվ մեկնություններ եղան, բայց այդ ամենի համար հիմք հանդիսացան Յազիչյան վարդապետի փոխանցած պատմական տեղեկությունները: Այսօր ի հայտ են եկել նոր պատմական փաստեր, որոնք նաև Տ. Հովսեփ Չոբանյանը ունի գրած, ամերիկայից վերջերս ստացա, և բազմաթիվ պատմական փաստեր կան, որոնց մասին խոսում են Թբիլիսիում գտնվող արխիվները: Այդ գաղթած վաթսուն ընտանիքները գտնվում էին հոգևորականների մեծ սիրո ու խնամքի ներքո: Չեն եղել համայնքի ղեկավարներ, սակայն համայնքը ներկայացրել են եկեղեցականները, նրանք այքա՜ն սեր, հույս, հավատ, անձնվիրություն են ունեցել, որ այդ վաթսուն ընտանիքներից ընդամենը քառասուն տարվա ընթացքում 1500 և ավելի բնակչություն ունեցող համայնք է ձևավորվել: Այս տարիների ընթացքում Մեծավանը Հայաստանի ամենամեծ համայնքներից մեկն էր: Այսօր միգուցե շատ են տարածվել աշխարհով մեկ, ժամանակին ասվում էր, որ 12.000 բնակչություն է ունեցել, այսօր մի քիչ ավելի պակաս է, և գիտենք, որ Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Նովոկուզնեցկում, ամենուրեք կան մեծավանցիներ: Դրա համար այսօրվա տոնը իրենց տոնն էլ է:

    Որպես հոգևոր հովիվ համարձակություն ունեմ ասելու, որ եկեք այս 200-ամյակը ընդունենք որպես մեկնարկ տոնելու Մեծավանի տոնը, որովհետև մի օրում չենք կարող ամեն ինչ ասել, նկարագրել այն հերոսական ուղին, այն պատմությունը, որը անցել է մեծավանցին: Դրա համար շատ առիթներ ունենք նշելու: Բազմաթիվ մեծավանցիներ ունենք, որ մեծ փափագ ունեին այստեղ գտնվելու և շատ առաջարկներ եղան, որ այս տոնը շարունակական լինի:

     

    Մենք հավատքի տեր մարդիկ ենք և ինչպես Մխիթար վարդապետը գրում է, և փաստում է Յազիչյան վարդապետը, որ օրեցօր թուրքի, պարսիկների, դժվարությունների դեմ կռիվ տալով, երբ հասել են մայր հայրենիք, ամեն օր Տիրոջը փառք են տվել, որ այսօր էլ չունեցանք զոհեր, կորուստներ: Այդ հավատով էլ հասել են այստեղ ծայրահեղ աղքատության մեջ, ծայրահեղ դժվարությունների մեջ, հաղթահարել են ու մի փոքր գյուղից դարձել են Մեծավան: Այդ «մեծ» բառը ոչ միայն վերաբերում է չափերին և թվին, այլ նաև մեծ հավատքին: Դրա համար ես աղոթում եմ բոլորիդ համար և աղոթում եմ, որ մեծավանցին չմոռանա իր պապերի հավատքը և հասկանա, որ ոչ մի բանի մեջ իր ինքնության պակաս չի ունեցել՝ ո՛չ հավատքի, ո՛չ հայրենասիրության, ո՛չ բարեպաշտության, ո՛չ հայրենիք կառուցելու մեջ, այլ միշտ իր ինքնությամբ քայլել է հասարակության և տարածաշրջանի մեջ:

     

    Մենք առիթ ունենք հատուկ կերպով նշելու մեր ինքնությունը, մեր կաթողիկէ՛ հավատքը՝ առանց ամաչելու, այլ՝ մեծ հպարտությամբ, որ այս Մեծավանը, այդ մեծաթիվ մարդկանց կողքին տվել է մեծանուն հոգևորականներ: Փա՛ռք ու պատիվ մեր մեծավանցիներին: Թող Աստված օրհնի՛ մեր Մեծավան համայնքը: Աստված շենացնի մեր մեծավանցիների տները»:

     

Օրացույց

Օրացույց