• Շռայլող մշակույթը և սովը զուգահեռ իրականություններ են. Պապի ուղերձը՝ ՄԱԿԻ Պարենի համաշխարհային ծրագրի մասնակիցներին

    Յուրաքանչյուրի պարտքն է պայքարել շռայլության, վատման դեմ


     

    ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Երկրորդ նստաշրջանի կապակցությամբ Ֆրանցիսկոս Պապն ուղերձով դիմեց մասնակիցներին:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է հակասությունը պարենային մնացորդների քանակության և աշխարհում առկա սովի միջև, վատնող մշակույթի ու սննդի նկատմամբ հարգանքի մշակույթի միջև: «Առատության պարադոքսը», որի մասին նաև խոսել է Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը, ենթադրում է մակերեսային, անփույթ ու եսասիրական մեխանիզմներ, որոնք ընկած են ներկայիս «վատնող մշակույթի» հիմքում: Եթե չընդունենք այս դինամիկան և չփորձենք այն զսպել, ապա դժվար կլինի իրականացնել կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստանձնած պարտավորություններն ու հասնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին մինչև 2030թ.:

     

    Պատասխանները պետք է լինեն կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների կոնկրետ գործողությունները: Ընտանիքները, դպրոցներն ու ԶԼՄ-ները պետք է բարձրացնեն բնակչության իրազեկությունն այս խնդրի վերաբերյալ ու ոգեշնչեն ավելի լավ աշխարհ կառուցել՝ հանուն եղբայրության, արդարության ու խաղաղության: Սրբազան Քահանայապետը շեշտում է, որ «ոչ ոք ազատված չէ» բազմաթիվ մարդկանց՝ հատկապես ամենաաղքատների ու խոցելիների, ճնշման մշակույթի դեմ պայքարելուց:

     

    Վատնումը, շռայլությունը վնաս են հասցնում կյանքի որակին և խոչընդոտում են ժողովուրդների առաջընթացին, Սրբազան Քահանայապետն ընդգծում է. որպեսզի ունենանք մի ապագա, որտեղ ոչ ոք չի մնալու ճամփեզրին, մեզ անհրաժեշտ է մի ներկա, որտեղ սնունդը չեն վատնում:

     

    «Ժամանակ չկորցնելով, միավորելով ռեսուրսներն ու գաղափարները՝ մենք կարող ենք զարգացնել այնպիսի կենսակերպ, որը սննդամթերքին կվերադարձնի արժանի նշանակությունը: Այս նոր կենսակերպի իմաստն այն է, որ պետք է պատշաճ ձևով վերաբերվել մայր բնության արժեքավոր պարգևներին, ինչն իր ազդեցությունը կունենա ամբողջ մարդկության վրա»:

     

    Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծում է Կաթողիկէ Եկեղեցու և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության կարևորությունը, ինչպես նաև «միասնության խթանումը» բոլոր մարդկանց միջև. յուրաքանչյուր մարդ ունի առողջ սնվելու իրավունք՝ կայուն պարենային, սննդային համակարգում:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց