• Հայ Կաթողիկէ Եկեղեցին նոր քայլեր է ձեռնարկում՝ զարգացնելու եկեղեցական հաղորդամիջոցները

    «Երիտասարդները Եկեղեցին հաղորդում են աշխարհին»


      Հայ կաթողիկէ հաղորդամիջոցների յանձնախմբի նախագահ՝ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի նախագահութեամբ, 2019 թուականի նոյեմբերի 7-8 Երեւանում տեղի ունեցաւ ընդհանուր ժողով, որի խորագիրն էր. «Երիտասարդները Եկեղեցին հաղորդում են աշխարհին»:

     

    Ժողովի նպատակն էր վերաշխուժացնել Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հաղորդամիջոցների գործունէութիւնը եւ վերարժեւորել դրանց դերը՝ եկեղեցական եւ համայնքային կեանքում՝ յստակեցնել միասնական ռազմավարութիւն, նպատակներ եւ տեսլական, ինչպէս նաեւ աշխատանքային գործնական սկզբունքներ: Ժողովականները խօսեցին ընկերային հաղորդամիջոցների գործունէութեան ներկայիս իրականութեան մասին, մատնանշեցին խնդիրները եւ մարտահրաւէրները, առաջարկեցին դրանց արձագանքելու առաւել արդիւնաւետ միջոցները, նաեւ վերլուծեցին հաղորդակցութեան ժամանակակից հնարաւորութիւնների օգտագործման կարելիութիւնները: Իւրաքանչիւրը հանդէս եկաւ ուրոյն առաջարկութիւններով: Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը յատկապէս ընդգծեց նուիրեալ եւ անշահախնդիր աշխատանքի ու աշխատողների անհրաժեշտութիւնը: Բոլորին հրաւիրեց ջանք գործադրելու համայնքներում բարձրացնելու երիտասարդների հետաքրքրութիւնը՝ եկեղեցական եւ համայնքային հաղորդամիջոցների գործունէութեան նկատմամբ:

     

    Ժողովականներին ներկայացուեց երիտասարդներին ուղարկուած հաղորդամիջոցների մասին հարցարանի ուսումնասիրութեան արդիւնքները: Առաջարկուեց աւելի լայն շրջանակների համար հարցարանն ուղարկել հայ կաթողիկէ համայնքներին՝ աւելի ամբողջական տեսութիւն ունենալու համար: Այսպիսով, հնարաւոր կը լինի առաւել ընդգրկուն եւ յստակ պատկերացում կազմել հայ կաթողիկէ երիտասարդների՝ եկեղեցական եւ համայնքային հաղորդակցութեան միջոցների գործունէութեամբ հետաքրքրուածութեան եւ տեղեկատուութեան հաղորդակցման գործընթացում ներգրաւուածութեան նկատմամբ: Առաջարկվեց կամաւորական աշխատանքի հնարաւորութեան վերաբերեալ մօտ ապագայում կազմակերպել պատրաստութեան տեղային եւ ընդհանուր դասընթացներ: Կազմաւորման համար առաջարկուեց նաեւ մի քանի հոգի ուղարկել Ռատիօ Վատիկան՝ Vatican News-ի աշխատանքային ոճին մօտէն ծանօթանալու համար: Խօսուեց նաեւ այն մասին, որ Հայ Կաթողիկէ Հաղորդամիջոցներն ընկերանան երիտասարդներին ԵՀՕ (Երիտասարդական Համաշխարհային Օրեր) Լիզպոն 2022 եւ ՀԵՕ (Համայնքային Երիտասարդական Օրեր) հանդիպումներին եւ, հնարաւորութեան դէպքում, յատուկ յավելուած ստեղծել, որը մատչելի կը լինի աշխարհի բոլոր հայ կաթողիկէ երիտասարդներին: Առաջարկուեց նաեւ մշակել միասնական ռազմավարութիւն:

     

    Ձեւաւորուեց նոր աշխատանքային խումբ, որի անդամներն են. Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճեան, Հ. Սեպուհ Վրդ. Կարապետեան, Տէր Յովսէփ Քհնյ. Գալստեան, Ռոպէր Աթթարեան եւ Հրանուշ Սարգսեան:

     

    Որոշուեց յունուարի վերջին տասնօրեակում Երեւանում գումարել յաջորդ նիստը, մինչ այդ՝ աշխատանքային խումբի անդամները պիտի պատրաստեն յատուկ առաջարկների ցանկ եւ այն ուղարկէն բոլոր հայ կաթողիկէ համայնքներին:

     

    Հայ կաթողիկէ հաղորդամիջոցների յանձնախումբ

    8 նոյեմբերի, 2019թ.

     

     

Օրացույց

Օրացույց