• «Մրցավազքի մեջ ընկնելով՝ մենք մոռանում ենք այն, ինչը մնում է հավերժ». Քահանայապետի քարոզը

    «Վազում ենք ամպերի ետևից՝ չնկատելով երկինքը»


     

    Նոյեմբերի 17-ին Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պատարագ մատուցեց աղքատների Համաշխարհային օրվա առթիվ և իր քարոզում հավատացյալներին նախազգուշացրեց երկու գայթակղության մասին. «ամեն ինչ ու միանգամից» և սեփական «ես»-ի գայթակղությունը:

     

    Սուրբ Պատարագի ժամանակ ընթերցված Ավետարանի հատվածում Հիսուս «զարմացնում է իր ժամանակակիցներին ու մեզ բոլորիս»,- ընդգծեց Սրբազան Քահանայապետն իր քարոզում. մինչ մարդիկ գովաբանում են Երուսաղեմի տաճարի վեհությունը,  Տերն ասում է, որ այստեղ քարը քարի վրա չի մնա:

     

    «Ինչու՞ են այս խոսքերը հնչում: Ինչու՞ է Հիսուս կանխորոշում, որ Աստծո ժողովրդի ամուր վստահությունը կսասանվի: Եվ վերջապես, ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ հիմքերը փլուզվեն, այնինչ աշխարհում դրանք ավելի ու ավելի են պակասում»:

     

    Պատասխանը պետք է փնտրել Հիսուսի խոսքերում: Նա ասում է, որ ամեն ինչ չէ, որ կանցնի, այլ՝ գրեթե ամեն ինչ: Աստված բացատրում է, որ կոչնչանան ոչ թե վերջին գործերը, այլ՝ «նախավերջին». տաճարը, բայց ոչ՝ Աստված, թագավորություններն ու մարդկային իրադարձությունները, բայց ոչ՝ մարդն ինքնին: Կանցնի ամեն մի նախավերջին, որը մեզ վերջնական է թվում, սակայն այդպիսին չէ: Խոսքը գնում է այնպիսի հոյակերտ ու փառահեղ գործերի մասին, ինչպիսիք են տաճարները, և այնպիսի սարսափելի բաների մասին, ինչպիսիք են երկրաշարժը, պատերազմներն ու երկնային նշանները: Այս բոլորը մենք համարում են «գլխավոր նորություններ», սակայն Աստված դրանք տեղադրում է ոչ թե առաջին, այլ՝ երկրորդ էջում:

    Առաջին էջում մնում է այն ամենը, ինչը երբեք չի անցնի՝ կենդանի Աստված ու մարդը, մեր մերձավորը, ով ավելի կարևոր է, քան ցանկացած տարեգրություն:

    Որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչն է առավել կարևոր, Հիսուս մեզ նախազգուշացնում է երկու գայթակղության մասին: Առաջինը դա շտապողականությունն է, երբ մենք ցանկանում ենք «ամեն ինչ ու միանգամից»: Աստված խնդրում է չլսել նրանց, ովքեր խոսում են մոտալուտ վախճանի մասին, կարծես թե «ժամանակը մոտ է»՝ սնուցելով մեր վախը՝ այլ մարդկանց ու ապագայի նկատամամբ. վախը կաթվածահար է անում սիրտն ու բանականությունը:

     

    «Որքա՜ն հաճախ ենք մենք տրվում շտապողականության գայթակղությանը և ցանկանում իմանալ «ամեն ինչ ու միանգամից», զգալով հետաքրքրասիրության մարմաջը՝ մենք ընկնում ենք վերջին սուր զգացական կամ սկանդալային նորության գայթակղության մեջ»:

     

    Այս շտապողականությունը, այս «ամեն ինչ ու միանգամից»-ը Աստծուց չէ: Այս մրցավազքի մեջ ընկնելով՝ մենք մոռանում ենք այն, ինչը մնում է հավերժ, վազում ենք ամպերի ետևից՝ չնկատելով երկինքը: Հրապուրվելով վերջին սենսացիայով՝ մենք ժամանակ չենք գտնում Աստծո և եղբոր համար, ովքեր մեզ մոտ են, այլ իրարանցման մեջ նյարդանում ենք նրանց պատճառով, ովքեր հետ են մնում և նրանց լքում ենք՝ տարեցներին, նոր ծնվող երեխաներին, հաշմանդամների, աղքատներին: Որպես հակաթույն՝ Հիսուսն առաջարկում է կայունություն, տոկունություն. «Եղե՛ք տոկուն և կփրկե՛ք ինքներդ ձեզ»:

    «Եկե՛ք մեզանից յուրաքանչյուրի և բոլորի համար խնդրենք՝ որպես Եկեղեցի, որպեսզի կանգուն մնանք բարության մեջ և մեր տեսադաշտից չկորցնենք այն, ինչն իրոք կարևոր է»:

     

    Երկրորդ նախազգուշացումը վերաբերում է Հիսուսի հետևյալ խոսքերին. «Շատերը կգան իմ անունով ու կասեն, թե Ես եմ… չգնա՛ք նրանց հետևից»: Այստեղ Հիսուս ի նկատի ունի ինքնակենտրոնացման գայթակղությունը: «Շատերը կգան իմ անունով»,-նախազգուշացնում է Տերը: Հիսուսին պատկանելու համար միայն «քրիստոնյա» կամ «կաթողիկէ» անունները բավարար չեն: Դրա համար անհրաժեշտ է խոսել Հիսուսի լեզվով՝ սիրո լեզվով, որտեղ «ես»-ը փոխարինվում է «դու»-ով: Հիսուսի լեզվով խոսում է նա, ով թողնում է իր սեփական «ես»-ը: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հաճախ բարություն ենք անում՝ ինքներս մեզ համար, որպեսզի մեզ գովեն, որպեսզի ինչ-որ բան ստանանք դրա դիմաց կամ ընկերանանք որևէ կարևոր մարդու հետ: Նորին Սրբությունը ներկաներին կոչ արեց հարցնել. «Արդյո՞ք ես օգնում եմ ինչ-որ մեկին, ումից ոչ մի շահ չունեմ: Արդյո՞ք ես՝ քրիստոնյաս, ունեմ գոնե մեկ աղքատ ընկեր»:

     

    Աղքատները թանկ են Աստծո համար, քանի որ նրանք «ես»-ի լեզվով չեն խոսում: Նրանք իրենք իրենց չեն կարող օգնել իրենց ուժերով, սակայն միշտ ունեն այլոց օգնության կարիքը:

     

    Վերադառնալով կիրակնօրյա Ավետարանին՝ Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ Տերը թվարկելով այն շատ «նախավերջին» իրողություններ, որոնք կանցնեն, մատնանշում է վերջինը՝ վերջնականը, որը կմնա հավերժ: Դա սերն է, քանի որ Աստված հենց սեր է: Մեր սիրուն սպասող աղքատները հեշտացնում են մեր մուտքը դեպի Երկինք: Այս երկրում արդեն իսկ նրանք մեր գանձն են, Եկեղեցու գանձն են, «երկնքի դռները բացողներն են», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Vatican News, ռուսերեն բաժին, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց