• Արժ. Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանի քարոզը՝ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանի և նրա հոր նահատակության մասին

    Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Աթոռանիստ Եկեղեցու ժողովրդապետ՝ Արժ. Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանի կիրակնօրյա Սուրբ Պատարագի քարոզը՝ Գամիշլիի ժողովրդապետ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանի և նրա հոր նահատակության մասին


    2019 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը՝ 10:30-ին, Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Աթոռանիստ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկչության զոհ դարձած Գամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Արժ. Տեր Հովսեփ Քհն. Պետոյանի և նրա հոր՝ Հաննա Պետոյանի հոգիների հանգստության դիտավորությամբ, ապա՝ կատարվեց Հոգեհանգստյան Պաշտոն: Պատարագը մատուցվեց ձեռամբ Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Աթոռանիստ Եկեղեցու ժողովրդապետ՝ Արժ. Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանի: Կիրակնօրյա քարոզն ամբողջությամբ նվիրված էր նահատակներին.

     

    «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ. Ամէն»։

    «Սիրելինե՛ր, ինչպես գիտեք, 2019թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ մի ոճրագործություն, որի հետևանքով նահատակվեցին Սիրիայի Գամիշլի քաղաքի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ Քհն. Պետոյանը և նրա հայր՝ Հաննա Պետոյանը։

    Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ Տեր Հովսեփը դեռևս ձեռնադրված քահանա չէր և սիրիական պատերազմի սկսվելուց հետո եկել էր Հայաստան՝ պատրաստվելու քահանայության, նրա մեջ մենք տեսնում էինք պարզ, հասարակ ու շիտակ մի անձնավորության։ Տեր Հովսեփը քահանա ձեռնադրվեց Հայաստանում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցում՝ ձեռամբ Արհի. Տեր Ռաֆայել Արքեպս. Մինասյանի։ Ձեռնադրվելուց հետո Տեր Հովսեփ Քհն. Պետոյանն առանց վարանելու և առանց վախենալու, սրտի մեջ ունենալով Հիսուս Քրիստոսին, մեկնեց ծառայելու իր հարազատ քաղաքը։

     

    Եղբայրասպան պատերազմի բոլոր օրերին նա մնաց իր ժողովրդի մեջ, մնաց որպես անձնուրաց ծառա Քրիստոսի, ունենալով այն մտածումը, թե՝ «անպիտան ծառա եմ և պիտի ծառայեմ»։ Տեր Հովսեփը կարողացավ կատարել ահնարինը՝ պահելով ժողովրդի մեջ հավատքը, հույսը և սերը։

     

    Այդ չարաբաստիկ օրն էլ՝ 2019թ. նոյեմբերի 11-ին, Տեր Հովսեփն իր կամքով, իր պարտականությունից, իր ծառայությունից ելնելով՝ մեկնում էր Դեր Զոր՝ դաժան պատերազմի հետևանքով ավերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե Եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսելու և տեղի կարիքավոր ընտանիքներին օգնելու:

     

    Տեր Հովսեփն իսկապես թիրախավորված էր  և, նրա սպանությունը պայմանավորված էր հայ քրիստոնյա լինելով և Քրիստոսի ճշմարտությանը հետևելով՝ այն է, թե․«Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մտթ. 16, 24)»:

     

    Տեր Հովսեփը չսպանվեց լոկ որպես անձնավորություն, այլ՝ ուղղակիորեն սպանվեց, քանի որ քրիստոնյա էր և հոգևոր հովիվն էր՝ իրեն հանձնված ժողովրդի։

     

    Տեր Հովսեփի մահը մեզ համար մեծ ցավ է, որն արդեն մի քանի օր է, ինչ ապրում ենք։ Իմ նվաստ կարծիքով, այս օրերին ամբողջ աշխարհում շրջանառվում է մեկ անուն՝ Տեր Հովսեփ Քհն. Պետոյան։  Այն ինչ տեղի ունեցավ Տեր Հովսեփի հետ, մի լուռ պատգամ է՝ ուղարկված Աստծո կողմից համայն քրիստոնյա աշխարհին․ «Եղե՛ք միաշունչ, միախորհուրդ և միաբան՝ հավատալով Ամենակալ Աստծո արդարությանը, որը եղել է և պիտի լինի»։

     

    Այս երկար ու ձիգ պատերազմի տարիներին շատ շատերը սպանվեցին, հազարավոր կամ միլիոնավոր մարդկային կյանքեր ոչնչացան, բայց այն ինչ տեղի ունեցավ Տեր Հովսեփի մարտիրոսվելուց հետո, այսպիսի համաշխարհային աղմուկ, տեղի չէր ունեցել։

     

    Մտածում եմ՝ արդյո՞ք Ամենակալ Աստված Տեր Հովսեփին նախախնամությամբ պատրաստել էր՝ մեզ միավորելու, արժևորելու և մեր պատկանելության ինքնագիտակցությունը մինչև առաջին դար տանելու համար։

     

    Եվ, այստեղ ուզում եմ ասել, թե ինչպե՞ս կարող է մեկը, ով նվիրյալ կերպով իր ծառայությունն էր կատարում՝ առանց որևիցե ցուցամոլության, հանգիստ ապրում էր իր առօրյա կյանքով, միանգամից ամբողջ աշխարհով հայտնի դարձավ՝ որպես նահատակ, որպես մարտիրոս Եկեղեցու։

     

    Քիչ առաջ ընթերցեցի Ավետարանի այն հատվածը, որտեղ Քրիստոսի աշակերտները գալիս և հայտնում են, թե որոշ հեթանոսներ եկել ու ցանկանում են տեսնել Նրան. «Եւ Յի­սուս նրանց պա­տաս­խա­նեց ու ասաց. «Հա­սաւ ժա­մը, որ փա­ռա­ւո­րուի Մարդու Որ­դին» (Հվհ. 12:23): Եվ սա այն ժամն էր, երբ օրեր անց Քրիստոսը պիտի մատնվեր, խաչվեր, մահանար ու Հարություն առներ։

     

    Եվ Քրիստոս բերում է հետևյալ օրինակը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա. և ուր ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան. եթե մեկը ինձ ծառայի, նրան կպատվի իմ Հայրը» (Հվհ․ 12:24-26):

     

    Այդպես էլ մեր Տեր Հովսեփն էր, ով վիրավորում ստանալուց հետո, ինչպես վկայում են ներկա գտնվողները, ապրեց մի քանի ժամ։ Անգամ այդ պահերին, նրա միակ հույսը Աստված էր: Զարմանալի է այն խաղաղությունը, այն երջանիկ ժպիտը, որն ուներ Տեր Հովսեփն իր մահվան մահճում: Վստահ եմ, որ նա արդեն գտնվում է Աստծո Արքայության մեջ։

     

    Ես և դուք, որ Եկեղեցու մեկ մասնիկն ենք, պիտի հասնենք այն բանին, որ Եկեղեցին ճանաչի և ընդունի Արժ. Տեր Հովսեփ Քհն. Պետոյանին՝ որպես մարտիրոս, որպես 21-րդ դարի նահատակ, ով իր կյանքը զոհեց ու մարտիրոսվեց վասն Եկեղեցու առաքելության:

     

    Տեր Հովսեփի տղան՝ Հովիկը, ով ամբողջ ամառ մեր Աղաջանյան ճամբարում անձնվիրաբար աշխատեց՝ ևս պատրաստվում է քահանայության։ Նա էլ իր հոր նման սիրում է երեխաների հետ աշխատել և դա է պատճառը, որ մտել է Սալեզյան Միաբանություն, որպեսզի վարդապետ դառնալով շարունակի ծառայել՝ ինչպես հայրն էր ծառայում։

     

    Ի՞նչ է մեզ մնում անել…

     

    Մեզ մնում է միայն մխիթարվել Աստծով և հույս ունենալ, որ Տեր Հովսեփի օրինակը յուրաքանչյուրիս համար պիտի խրախուսելի լինի, որ երբեք չվախենանք մեր անձը Աստծուն և Եկեղեցուն տալ: Չպետք է մոռանանք, որ մենք պարտականություն ունենք և այդ պարտականությունը Մայր Եկեղեցուն ծառայելն է։

     

    Չմոռանա՛նք, որ մենք ևս առաքյալներ ենք այս կյանքի մեջ՝ խոսելու, տարածելու Քրիստոսի սերը և Քրիստոսի կամքը։

    Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, մենք նաև որոշել ենք, որ յուրաքանչյուր տարի, մեր Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցու մեջ նոյեմբերի 11-ը լինելու է հիշատակության օր Տեր Հովսեփ Պետոյանի համար։

     

    Այսօրվա Սուրբ  և Անմահ Պատարագը մատուցում ենք Արժ. Տեր Հովսեփ Քհն. Պետոյանի հոգու հանգստության համար, այն լուսավորության համար, որին նա պիտի արժանի լինի մեր Տիրոջ առջև՝ որպես քահանա և առանց երկյուղածության պիտի ասի. «Ահա՛, ես թողեցի ամեն ինչ և եկա քո հետևից, և ես արդեն հոգով միացած եմ քեզ՝ սպասելու այն ժամին, երբ նաև մարմնապես պիտի միանամ քո Երկնքի արքայության մեջ բոլոր սրբերի, մարտիրոսների ու նահատակների հետ միասին։ Ամեն»։

     

    Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյան

    Ժողովրդապետ Գյումրիի Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցու

    17 նոյեմբերի, 2019թ.

Օրացույց

Օրացույց