Laudato si’ շրջաբերականի լույսի ներքո
2019թ. նոյեմբերի 4-8-ը Հռոմում տեղի ունեցավ Օզոնային շետը քայքայող նյութերի վերաբերյալ Մոնրեալի 1985թ. միջազգային արձանագրությունը ստորագրած կողմերի 31-րդ հանդիպումը: Այս առթիվ հանդիպման մասնակիցներին ուղերձով դիմել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:
Ֆրանցիսկոս Պապն իր ուղերձում ընդգծել է, որ Մոնրեալի արձանագրությունը, Վիեննայի կոնվենցիայի հետ միասին, որը ստորագրվել է 1985թ, դրական արդյունքներ է տվել: Մեկնաբանելով Laudato si’ շրջաբերական նամակը՝ Սրբազան Քահանայապետն ասում է, որ անցած երեսունհինգ տարիներից կարելի է քաղել երեք կարևոր դասեր: Առաջինն այն է, որ դրական արդյունքների կարելի է հասնել միայն տարբեր ոլորտների միջև արդյունավետ համագործակցության միջոցով. գիտական հանրություն, քաղաքականություն, տնտեսություն և հասարակական կազմակերպություններ: Միջազգային արձանագրությունը ցույց է տալիս, որ մարդկային ազատությունը «ընդունակ է սահմանափակելու տեխնոլոգիան՝ այն ուղղորդելով դեպի այլ տեսակի առաջընթաց– առավել առողջ, առավել մարդասիրական, առավել սոցիալական և համապարփակ» (LS 112), և «կարելի է հուսալ, որ չնայած հետարդյունաբերական ժամանակաշրջանի մարդկությունը պատմության մեջ կհիշատակվի որպես ամենաանպատասխանատուներից մեկը, բայց, այնուամենայնիվ, 21-րդ դարի մարդկությունը կհիշվի նրանով, որ մեծահոգաբար ստանձնեց այդ լուրջ պատասխանատվությունը» (LS 165):
Մենք կանգնած ենք «մշակութային մարտահրավերի» առջև, որը մեզ ստիպում է ընտրություն կատարել հօգուտ կամ ի վնաս համընդհանուր բարօրությանը, գրում է Ֆրանցիսկոս Քահանայապետը. այս մարտահրավերին արձագանքելու համար անհրաժեշտ է «ազնիվ ու արգասաբեր երկխոսություն, որն իրոք ունակ է ընկալելու մեծաթիվ կարիքները և ազատ է որևէ կոնկրետ հետաքրքրությունից՝ համակված միասնության ու ստեղծագործական ոգով»: Երկրորդ դասն այն է, որ այս մշակութային մարտահրավերը պետք չէ ընդունել՝ հիմնվելով միայն տեխնոլոգիայի վրա, որը հավակնում է «լինել խնդիրների միակ լուծումը, սակայն իրականում չի կարողանում հաշվի առնել աշխարհում գոյություն ունեցող մեծաթիվ հարաբերությունների իմաստը և, հետևաբար, հաճախ լուծելով մեկ խնդիր՝ ստեղծում է նորը (LS 20):
Սրբազան Քահանայապետը հաղորդում է, որ Սուրբ Աթոռը մտադիր է միանալ Մոնրեալի արձանագրության լրացմանը, որն ընդունվել է 2016թ. Կիգալիում (Ռուանդա), և հաստատում է բոլոր այն պետությունների բարոյական աջակցությունը, որոնք անտաբեր չեն մեր ընդհանուր տան նկատմամբ: Ֆրանցիսկոս Պապը նշում է, որ Կիգալիի Բարեփոխումը հիմնված է «ամեն ինչ փոխկապակցված է» սկզբունքի վրա և յուրահատուկ կամուրջ է հանդիսանում օզոնի խնդրի և գլոբալ տաքացման երևույթի միջև: Նման տեսությունը համապատասխանում է համապարփակ բնապահպանության (integral ecology) մոտեցմանը, որը և հանդիսանում է երրորդ դասը, որը մարդկությունը կարող է քաղել Մոնրեալի արձանագրության երեսունհինգ տարվա պատմությունից:
«Ես աղոթքով հույս եմ հայտնում,- ամփոփելով գրում է Սրբազան Քահանայապետը, – որ օզոնի պահպանության վերաբերյալ միջազգային արձանագրությունը, ինչպես նաև հանրության մյուս բոլոր գովելի նախաձեռնությունները մեր ընդհանուր տան հանդեպ հոգատարության հետ կապված, հետագայում ևս կհետևեն այս բարդ, պահանջկոտ, բայց միշտ հեռանկարային, խոստումնալից ուղուն»:
Vatican News-ից թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը