• Ղազանչիի երիտասարդական կենտրոնում բացվեց նոր մարզասրահ

    Երիտասարդների հետ միասին, երիտասարդների լեզվով


    Նոյեմբերի 10-ի երեկոյան Ղազանչիում տեղի ունեցավ Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Նարեկ» երիտասարդական կենտրոնի մարզասրահի բացումը՝ օրհնությամբ գյուղի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քհն. Գալստյանի և ներկայությամբ Աշոցքի համայնքապետ Պրն. Կարեն Մանուկյանի, ինչպես նաև Ղազանչիի երիտասարդների, ովքեր պատրաստվում են մարզվել նորաբաց մարզասրահում: Այն զբաղեցնում է կենտրոնի սրահներից մեկը, որը նորոգվեց 2018-ին՝ Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում, Աշոցքի համայնքապետարանի (գյուղի վարչական ղեկավար՝ Լուսինե Սիմավոնյան) և բելգիահայ կանանց միության աջակցությամբ, մարզասարքերի ձեռքբերման ընթացքում իրենց ներդրումն են ունեցել նաև Ղազանչիի բնակիչները:

     

     

    Մի քանի սարքեր իրենց ձեռքով գյուղատնտեսական տեխնիկայի մասերից պատրաստել են նաև գյուղի երիտասարդները՝ Էդուարդ Գրիգորյանի նախաձեռնությամբ, ով կազմակերպելու է մարզումները տարիքային երկու խմբերի համար՝ շաբաթական երեք պարապմունքներով: Երիտասարդները՝ հոգևոր հովվի հետ միասին փափագում են հետագայում մարզվողների փոքրիկ անդամավճարների և հովանավորների միջոցով ավելացնել մարզագույքը և ձեռք բերել ավելի մասնագիտացված սարքեր:

     

    Աշոցքի համայնքապետ Պրն. Կարեն Մանուկյանը վստահեցրեց, որ միշտ պատրաստ է աջակցել երիտասարդների առողջության և զարգացման ծրագրերին, և ուրախ է, որ այսպիսի մի ծրագիր է նախաձեռնվել Եկեղեցու երիտասարդական կենտրոնում, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և քաջալերեց երիտասարդներին շարունակել նոր եռանդով:

     

     

    Տ. Հովսեփը շնորհակալություն հայտնեց Աշոցքի համայնքապետին և երիտասարդներին և կարևորեց հատկապես երիտասարդների կամավոր աշխատանքը՝ մարզասրահը զարգացնելու համար, նաև հայտնեց իր վստահությունը, որ միասին հնարավոր կլինի իրականացնել մարզասրահը զարգացնելու ծրագրեր, հետագայում կազմակերպել միջգյուղական մրցումներ, որը օրինակ կլինի նաև մյուս գյուղերում նմանատիպ ձեռնարկներ սկսելու համար: Նա կարևորեց նաև մարզվող երիտասարդների հոգևոր զարգացումը և կոչ արեց ֆիզիկակական առողջությանը զուգահեռ երբեք չթուլանալ հոգևորի մեջ, որովհետև Եկեղեցու առաքելությունն է նպաստել մարդու համակողմանի զարգացմանը՝ հոգով և մարմնով, հոգևորապես, ֆիզիկապես և սոցիալապես: Այս մարզասրահը մի փոքրիկ օղակ է՝ այդ առաքելության մեջ, բացատրեց քահանան:

    Համայնքապետը երիտասարդներին խրախուսելու համար սկսեց մարզվել մարզասարքերի վրա, երիտասարդները հետևեցին նրա օրինակին:

     

    Տ. Հովսեփ 

Օրացույց

Օրացույց