• «Երիտասարդները՝ հույսի առաջամարտիկներ». սեմինար՝ Բավրայի երիտասարդների համար

    «Միշտ կարող ես անել ավելի՛ն»


    2019թ. նոյեմբերի 10-ին, Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միության և Սիզավետ համայնքների երեսուն երիտասարդներ և պատանիներ մասնակցեցին Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին, որի առիթը Հռոմի Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Արքեպիսկոպոս Փոլ Գալագերի պաշտոնական այցելությունն էր Հայաստան և հայ կաթողիկէ համայնքին:

     

    Սուրբ Պատարագից հետո երիտասարդները մեկնեցին Գյումրիի Լոֆթ կենտրոն, որտեղ նրանց համար սեմինար կազմակերպեց Բավրայի և Սիզավետի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քհն. Գալստյանը՝ «Երիտասարդները՝ հույսի առաջամարտիկներ» խորագրով մի թեմայի շուրջ, որի նպատակն էր օգնել երիտասարդներին ավելի լավ հասկանալ և գնահատել սեփական կարողությունները, աստվածատուր տաղանդները, շնորհները և ճիշտ օգտագործել դրանք: Սեմինարավար քահանան այդ թեման ներկայացրել է նաև 2017թ. Համայնքային երիտասարդաց օրերի ընթացքում: Թեման սկսվեց Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի խոսքերով. «Դու՛ք եք աշխարհի հույսը, դու՛ք եք Եկեղեցու հույսը, դու՛ք եք իմ հույսը» (22 հոկտեմբեր, 1978թ.): Տ. Հովսեփը բացատրեց, թե ինչու է Եկեղեցին, հատկապես, 1980-ականներից սկսած կարևորում երիտասարդների գործուն մասնակցությունը եկեղացական կյանքում և, հատկապես, Ավետարանացման առաքելության մեջ: Երիտասարդները մասնակցեցին մի վարժանքի՝ մտածելու համար իրենց կարողությունների մասին, թե ինչպես են դրանք օգտագործում, ինչպիսի խոչընդոտների են հանդիպում և ինչպես կարող են դրանք հաղթահարել: Ծավալվեց հետաքրքիր քննարկում՝ կարևոր փաստերի շեշտադրությամբ: Սեմինարի երկրորդ մասում քահանան խոսեց այն մասին, որ հարկավոր է մեծ խանդավառությամբ և հաստատակամությամբ զարգացնել սեփական տաղանդները և միշտ ձգտել կատարելության՝ սահմանելով շատ բարձր, գրեթե անհասանելի սանդղակ: Հարկավոր է ամեն մի մասնագիտության մեջ աշխատել լավագույն արդյունքներով՝ միշտ հաղթահարելով ինքդ քեզ: Բայց այս ճանապարհին շատ կարևոր է զարգացնել Աստո հետ կենդանի երկխոսությունը, աղոթական կյանքը և սրբության ձգտումը, միշտ ապավինել Աստծո օգնությանը և չլինել երբեք մեծամիտ և ինքնապաստան: Տ. Հովսեփը երիտասարդներին բացատրեց Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի խոսքերից մեկը՝ առնված «Հատելով հույսի շեմը» գրքից (Vittorio Messori, “Crossing the Threshold of Hope”).

    «Երիտասարդների կենսուրախությունը արտացոլումն է Տիրոջ այն ուրախության, որ Տերն ուներ մարդու արարչագործության ժամանակ»:

     

     

    Բայց ի՞նչ հասկանալ այս տողերի ներքո, հարցրեց քահանան և արեց հետևյալ առաջարկությունները.

     

    1.ստեղծագործելու անսահման կարողության վստահ գիտակցություն,

    2.վայելում ես սեփական ստեղծագործության պտուղները՝ այն գիտակցությամբ, որ գործակցում ես Արարչի հետ, Նրա տված շնորհներով, նմանվում ես Նրան, Ով քեզ տվել է ստեղծագործելու շնորհը,

    3.միշտ կարող ես անել ավելի՛ն.

    4.կարող ես ստեղծել ավելի՛ գեղեցիկը, ավելի՛ օգտակարը, պարել ավելի գեղեցիկ, գրել ավելի լավ, երգել ավելի լավ, լինել ավելի բարձր  որակավորում ունեցող մասնագետ՝ բժիշկ, ուսուցիչ, ստեղծել ավելի լավ IT ծրագրեր, և վերջապես, ավելի լավ քարոզել Աստծո Խոսքը, ապրել ավելի սրբակենցաղ կյանքով և այլն:

    5.լի ես հույսո՛վ, որ ամեն բան հաջողվելու է քեզ, կարո՛ղ ես ամեն բան և կանե՛ս ամեն բան, որովհետև հավատում ես Աստծուն,

    6.վստահ ես, որ ամեն ինչ լավ և ճիշտ ես անում, երբ ստեղծում ես բարիք և խիղճդ քեզ չի տանջում: Ճիշտ, ինչպես Արարիչն Աստված ամեն մի արարչագործությունից հետո տեսավ, որ «ամեն ինչ լավ է»:

     

     

    Երիտասարդները կատարեցին ևս մեկ վարժանք՝ այս անգամ քննարկելու համար, թե ինչպիսի անհատական հարաբերություն ունեն Աստծո հետ և ինչպես են ապրում իրենց հավատքը միասին՝ որպես երիտասարդական միություն, ինչ են անում և ինչ ծրագրեր ունեն՝ մոտ ապագայում իրականացնելու համար:

     

    Տ. Հովսեփը հատկապես շեշտեց սեփական ազատությունը, կյանքը պատասխանատու ձևով ապրելու անհրաժեշտության մասին, ազատություն, որը մարդու համար իր Արարչի հետ նմանության հիմնական հատկանիշներից մեկն է և որը, սխալ ընկալվելու դեպքում, տանում է ազատության իրական կորստյան:

     

    Վերջում սեմինարավարը երիտասարդներին հրավիրեց լրջորեն ընդունել մի ժամանակակից մարտահրավեր՝

    ստեղծել հոգևոր, հասարակական բարեփոխիչ միություններ, շարժումներ, կազմակերպություններ, որոնք կաշխուժացնեն եկեղեցում աշխարհականների աշխատանքը, առաքելությունը՝ ի նպաստ ավետարանացման:

     

    Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց


Recent Comments