«Կարիտասը մեզ շնորհում է մի բարոյական կողմնացույց՝ գտնելու մեր ճանապարհը». Ռաֆայել Արքեպս. Մինասյան
2019թ. նոյեմբերի 4-ին Թբիլիսիի կաթողիկէ համայնքը տոնեց Վրաստանի Կարիտասի հիմնադրման 25-ամյա հոբելյանը: Տոնական միջոցառումներին մասնակցում էր նաև Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ, Վրաստանի Կարիտասի Կառավարման խորհրդի անդամ և նախկին Ընդհանուր Նախագահ (2016-2018թթ.) Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ ուղեկցությամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի, Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի և Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնյանի: Թբիլիսիի Աստվածամոր Վերափոխման Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Վրաստանի լատինածես կաթողիկէների առաջնորդ Եպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոյի, առընթերակայությամբ Վրաստանում և Հայաստանում Պապական Նվիրակ Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի և Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի: Սուրբ Պատարագին, հայ կաթողիկէ հոգևորականներից բացի ներկա էին Վրաստանում ծառայող լատինածես հոգևորականներ, ինչպես նաև Հայկական Կարիտասի Գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը և Ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:
Պապական Նվիրակ Բեթենկուրը Սուրբ Պատարագի ընթացքում հայրական խոսքով դիմելով ներկաներին՝ ասաց.
«Եղբայրասիրությունը Եկեղեցու ուսմունքի սիրտն է: Դրանո՛վ է Եկեղեցին ապրող մի ուժ: Եկեղեցին կենդանի է այն սիրով, որ վառում է Քրիստոսի Հոգին: Ինչպես ավելի վաղ՝ այս տարի մեզ հիշեցրեց Ֆրանցիսկոս Քահանայապետը, այդ սերը մարդկանց պարզապես չի առաջարկում նյութական աջակցություն, այլ հոգ է տանում հոգիների մասին, մի բան, որ նույնիսկ ավելի կարևոր է, քան նյութական աջակցությունը: Մենք չենք կարող մտածել, որ մարդկությունը կարող է «ապրել միայն հացով»… Քրիստոնեական եղբայրասիրությունը անեսասեր առատաձեռնություն է՝ հիմնված Հիսուս Քրիստոսի մեջ: Այստեղից են իրենց անունները վերցնում Միջազգային Կարիտասը և Վրաստանի Կարիտասը»:
Նույն օրը Expo Georgia սրահում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառումը: Բացման խոսքով հանդես եկավ նախ Վրաստանի Կարիտասի Գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը, ապա հրավիրեց խոսել Արքեպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոյին, ով հիմնադրել է Վրաստանի Կարիտասը: Սրբազան Բազոտտոն պատմեց Կարիտասի գործունեության զանազան տեսակների մասին, որ մատուցվում է Վրաստանում:
Ապա խոսք առավ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը.
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիրոջը՝ Կարիտասի համար, որ մի անգին պարգև է, բարիք գործելու մի կարևոր գործիք՝ բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների համար: Այսօր Վրաստանի Կարիտասի 25-րդ հոբելյանն է, որ անհոգ կերպով աշխատել է և առատաձեռնորեն տվել ամենակարիքավոր, արհամարված մարդկանց՝ ապահովելու համար լավագույն մի կյանք նրանց համար՝ առանց որևէ խտրականության կամ կանխակալության: Վրաստանի Կարիտասը ծառայում է բոլորին՝ սիրով և առավելագույն հոգատարությամբ:
Ի՞նչ է Կարիտասը:
Կարիտասը, ինչպես բոլորս գիտեքն, օգնում է առաջ տանել մարդկային համակողմանի զարգացումը, որպեսզի ամենազրկված համայնքներում ապրող մարդիկ կարողանան բարգավաճել և ապրել խաղաղ և արժանապատիվ կյանքով:
«Կարիտասը» ընտանիքի անուն է, որը ծնվել է Կաթողիկէ Եկեղեցում և տարածվել ամբողջ աշխարհում՝ սիրով օգնելու համար կարիքավոր հասարակություններին, տարածվել է աշխարհում՝ մեկ տիտղոսով՝ «Աստծո սերը»: Այն ձևավորվել է եկեղեցական առաջնորդների իմաստությամբ և կաթողիկէների ամենօրյա փորձառությամբ, ամենուրեք: Այն մեզ շնորհում է մի բարոյական կողմնացույց՝ գտնելու մեր ճանապարհը: Կարիտասում մեր առաքելությունը հիմնված է կաթողիկէ սոցիալական ուսմունքի հիմնական սկզբունքների վրա: Վրաստանի Կարիտասը աշխարհի բազում Կարիտասի եղբայրներից մեկն է, որ կրում է ընտանեկան նույն անունը և ծառայում է, խնամում է, կիսում և լուծում է տարբեր սոցիալական խնդիրներ՝ առավելագույն սիրով:
Կարիտասը միևնույն ժամանակ միակ զավակն է Կաթողիկէ՝ Տիեզերական Եկեղեցու, կամ պարզապես Աստծո Տիեզերական Եկեղեցու բարեգործության գործիքը:
Կարո՞ղ եք պատկերացնել. այս միակ զավակը՝ յուրահատուկ նկարագրով, գալիս է աշխարհ՝ Մատթեոս ավետարանչի հետ միասին ասելու. «Եկե՛ք ինձ մոտ՝ բոլոր հոգանծներդ և բեռնավորվաներդ, և ես ձեզ կհանգստացնեմ», Մտթ. 11, 28:
Կարիտասն, ընդհանրապես, և Վրաստանի Կարիտասը, մասնավորապես, նման է բազմազավակ Մոր՝ մի Մայր, որ ամեն ինչ զոհաբերում է, որպեսզի բերի առողջություն, ապահովություն և երջանկություն՝ իր զավակներին, մի Մայր, որ չի քնում, որովհետև մտածում է և ծրագրում՝ փնտրելով ճանապարհներ՝ իր զավակների ապագան ավելի լավը դարձնելու համար: Վրաստանի Կարիտասն այդ սիրասուն Մայրիկն է, որ սիրում է իր բոլոր զավակներին հավասարապես և արդարամտությամբ, հոգ տանելով նրանցից ամենախոցելիների հանդեպ, քաաջալերելով նրանց՝ հաղթահարելու ամենաբարդ խոչընդոտները և օգնելով նրանց հասնելու իրենց նպատակներին՝ հպարտությամբ և արժանապատվությամբ»:
Ռաֆայել Սրբազանն իր խոսքի ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր բարերար կազմակերպություններին, ովքեր հովանավորում են Վրաստանի Կարիտասի ծրագրերը:
Ռաֆայել Սրբազանից հետո խոսք առավ Վրաստանի Կարիտասի առաջին տնօրեն Witold Szulczynski-ն, ով պատմեց, թե ինչպիսի բարդություններ են հաղթահարել 1990-ականներին և կարողացել են պահել ու զարգացնել կազմակերպությունը: Իր փորձառության և սկզբնական օրերի դժվարությունների մասին պատմեցին նաև Վրաստանի Կարիտասի չորս աշխատակիցներ:
Պապական նվիրակն իր շնորհավորական խոսքում ասաց հետևյալը.
«Այսօր, երբ հավաքվել ենք տոնելու Վրաստանի Կարիտասի 25-ամյակը, պետք է հիշենք ծառայության 25-ամյա ժառանգությունը: Կարիտասն այստեղ հիմնադրվեց Վրաստանի անկախացումից անմիջապես հետո և միշտ մատուցել է իր ծառայությունները, որոնք առավել հարստացել են հոգևոր միաբանությունների ներկայության շնորհիվ: Վրաստանի Կարիտասը մի տուն է, մի աշխատավայր, հանդիպման վայր՝ երիտասարդների և երեխաների համար, որոնք հաճախ հայտնվում են սոցիալական դժվարին պայմաններում: Կարիտասը իմաստ է հաղորդում նրանց կյանքին, նրանց տալիս է նոր հմտություններ և հնարավորություններ»:
Հոբելյանական միջոցառման ժամանակ խոսեց նաև Կարիտաս Եվրոպայի Գլխավոր քարտուղար Մարիա Նայմենը (Maria Nymen), ով խոսեց այն մասին, որ Վրաստանի Կարիտասը եվրոպական Կարիտասի անդամ է և ծառայում է նույն համատեքստում, որն է՝ մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Այդ արժեքներն ընկած են նաև Եվրախորհրդի գործունեության հիմքում, որ այսօր մեծ ջանքեր է գործադրում Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այդ արժեքների պահպանության գործում Նայմենը կարևորեց, հատկապես, Ֆրանցիսկոս Քահանայապետի Laudato si շրջաբերական նամակը, որն առաջարկում է լուծումներ՝ հաղթահարելու սոցիալական անարդարությունը՝ միասին հոգ տանելով մեր ընդհանուր տան մասին:
Հանդիսության վերջում, խոսքերից հետո, տեղի ունեցան վրացական պարային ելույթներ, ապա, որպես միասնության խորհրդանիշ, կտրեցին մի գեղեցիկ թխվածք:
Տեղեկությունները տրամադրեց՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը
Տ. Հովսեփ քհն. Գալստյան