• Հարկավոր է գտնել ավետարանացման նոր ուղիներ. Քահանայապետի կիրակնօրյա քարոզը

    Աստված լսում է աղքատների աղաղակը


    «Հիսուսով, Ավետարանով ապրելու համար անհրաժեշտ է դուրս գալ սեփական հետաքրքրության շրջանակներից, լքել մեր ապահով նավահանգիստների հարմարավետ ափերը և խորասուզվել ոչ թե կանգնած ջրերի գաղափարախոսության մեջ, այլ դուրս գալու բաց ծով, որտեղ Սուրբ Հոգին կոչ է անում ցանցեր գցել»,-խորհրդածեց Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, հոկտեմբերի 27-ին:

     

    «Այսօր Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Պատարագով ավարտվեց Եպիսկոպոսական Սինոդոսի Ամազոնի ավազանի հիմնախնդիրների վերաբերյալ Հատուկ համագումարը»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ պարզաբանելով, որ այս Սինոդոսի անցկացման համար ելակետ է հանդիսացել աղքատի աղոթքը, որն «ամպերից վեր է բարձրանում», քանզի Աստված լսում է ընկճվածների աղոթքը: «Աղքատների աղաղակը միախառնվելով աշխարհի աղաղակի հետ Ամազոնիայից մեզ հասավ» և Սինոդոսի այս երեքշաբաթյա աշխատանքներից հետո մենք չենք կարող ձևացնել, որ չենք լսել այն: Աղքատների ձայնը՝ Սինոդոսում և նրա սահմաններից դուրս հնչած հովիվների, երիտասարդության, գիտնականների ձայների հետ միասին, մեզ հորդորում է անտաբեր չմնալ:

     

    Կայացած Սինոդոսը միասնական ուղի դարձավ նրա բոլոր մասնակիցների համար, որը մենք անցանք՝ զորանալով քաջությամբ և մխիթարությամբ, որն Աստծուց էր, շարունակեց Սրբազան Քահանայապետը՝ ընդգծելով Սինոդոսի նիստերում տիրող անկեղծության, բարեհոգության ու ծառայության յուրահատուկ մթնոլորտը: Հենց այս ծառայության ոգով է ներշնչված Պատարագի երկրորդ ընթերցումը Պողոս Առաքյալի՝ Տիմոթէոսին ուղղված նամակից՝ իմանալով իր մոտալուտ հեռանալու մասին (Բ Տիմ. 4, 6), Պողոսն իր վերջին ցանկությունն է հայտնում, որը չէր վերաբերում իրեն, այլ Ավետարանին, որպեսզի այն հռչակվի բոլոր ազգերին:

     

    «Հենց սա պետք է լինի առաջնային և կարևոր: Մեզանից յուրաքանչյուրը, հավանաբար, բազմիցս ինքն իրեն հարցրել է, թե ինչ լավ բան անել սեփական կյանքի համար: Սակայն այսօր ճիշտ ժամանակն է, որ ինքներս մեզ հարցնենք. «Ի՞նչ լավ բան կարող եմ անել Ավետարանի համար»: Սինոդոսի ժամանակ մենք բարձրացրեցինք այդ հարցը՝ ցանկանալով Ավետարանի քարոզության նոր ուղիներ գտնել»:

     

    Այս նոր ուղիներով առաջ ընթանալու համար խնդրե՛նք Սուրբ Կույսի օգնությունը, որին մենք երկրպագում ու սիրում ենք՝ որպես Ամազոնի Թագուհի, այս տիտղոսը Նա ստացել է ինկուլտուրացիայի, այլ ոչ թե նվաճման շնորհիվ:

     

    «Մայրական համեստ քաջությամբ Նա դարձավ փոքրերի բարեխոսը, ընկճվածների պահապանը՝ աստիճանաբար մուտք գործելով տեղի բնակչության մշակույթ: Գոյություն չունի որևէ ստանդարտ, մաքուր մշակույթ, որը մաքրագործում է մյուս մշակույթները, մաքուր է համարվում միայն Ավետարանը, որը ներմուծվում է կոնկրետ ազգի մշակույթ: Մարիամին, Ով Նազարեթի աղքատ տանը հոգ էր տանում Հիսուսի մասին, մենք վստահում ենք ամենաաղքատ երեխաներին և մեր ընդհանուր տունը»,-եզրափակեց Սրբազան Հայրը:

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց