• Ռաֆայել Արքեպս. Մինասյանն ընդունեց Ռումինիայի Արքայազնին

    Միասնական աշխատանքի հեռանկարով


    2019թ. հոկտեմբերի 30-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանն ընդունեց Ռումինիայի Արքայազն Ռադուին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կորնել Լոնեսկուի և Ռումինիայում ՀՀ դեսպան դկտ. Սերգեյ Մինասյանի: Ռաֆայել Սրբազանի հետ միասին Ռումինիայի պատվիրակությանը Երևանի հայ կաթողիկէ առաջնորդարանում ընդունեցին Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը, Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը և Արմեն Սրկ. Դոմբուրյանը:

     

    Ռումինիայի Արքայազնի այցելության նպատակն էր ամրապնդել համագործակցությունը Ռումինիայի կառավարության և Հայ Կաթողիկէ Եկեղեցու միջև՝ Ռումինիայում հայ կաթողիկէների հովվական խնամքի արդյունավետ կազմակերպման համար: Արքայազն Ռադուն խոսեց Ռումինիայում հայ կաթողիկէ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ միասնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Արքայազնը Ռաֆայել Սրբազանին հրավիրեց մասնակցելու Ռումինիայում կազմակերպվելիք միջոցառումներին, որոնք վերաբերում են հայ կաթողիկէ պատմական ժառանգությանը: Ռաֆայել Սրբազանը պատմեց Հայաստանում Հայկական Կարիտասի կողմից իրականացվող սոցիալական քառասունից ավելի ծրագրերի մասին՝ նաև համագործակցությամբ Ռումինիայի Կարիտասի հետ:

     

    Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Արքայազն Ռադուին նվիրեց մի աշխատություն՝ հայոց ցեղասպանության մասին, նաև Ֆրանցիսկոս Քահանայապետի՝ Հայաստան այցելության հուշամեդալը, իսկ երկու դեսպաններին նվիրեց Վարդարաններ: Արքայազն էլ իր հերթին Սրբազանին նվիրեց պաշտոնական մի տարեգիրք և արքայական մի սուրճի գավաթ:

    Ռումինիայի 18-րդ դարից սկսած եղել են հայ կաթողիկէ համայնքներ և եկեղեցիներ: Հայտնի է, հատկապես, Gherla կամ Armenopolis քաղաքը, որը 18-րդ դարում կառուցել են Կիլիկիայից Տրանսիլվանիա տեղափոխված հայերը: Արմենոպոլիսը եղել է Ռումինիայի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդական նստավայրը: Առաջին եպիսկոպոսը եղել է Oxendius Vărzărescu-ն (Օշենտիոս Վրզարյան), որ պաշտոնավարեց 1690-1715թթ. և մեծ առաքելություն կատարեց տեղի հայ կաթողիկէ համայնքի կայացման գործում: Նրանից հետո հայ կաթողիկէների առաջնորդությունը և հովվությունը փոխանցվեց լատինածես եպիսկոպոսներին և քահանաներին: 2013թ. տվյալներով Ռումինիայում կային չորս հայ կաթողիկէ համայնքներ՝ Գերլա, Gheorgheni, Dumbrăveni և Frumoasa քաղաքներում և Տրանսիլվանիայում՝ ընդհանուր թվով 666 բնակիչներով, որոնց սպասարկում էին չորս լատինածես քահանաներ:

     

     

Օրացույց

Օրացույց