• Քահանայապետը շարունակում է «Գործք առաքելոցի» մեկնությունը

    Եկեղեցին միշտ պտղաբեր է՝ առաքելական ոգու շնորհիվ


    «Աստված հավատի դուռը բացեց հեթանոսների առաջ» (Գրծք. 14, 26): Հոկտեմբերի 23-ի ընդհանուր ուկնդրությունը նվիրված էր Պողոս և Բառնաբաս առաքյալների առաքելությանն ու Երուսաղեմի տաճարին:

     

    Բառնաբասի միջնորդությամբ Երուսաղեմի Եկեղեցին ընդունեց Աստծո հետ հանդիպումից հետո  դարձի եկած Պողոս առաքյալին, ով սկսեց քարոզել Քրիստոսին: Որոշ մարդկանց թշնամանքի պատճառով Պողոսը ստիպված էր տեղափոխվել իր հայրենի Տարսոս քաղաքը, որտեղ Պողոսին միացավ  Բառնաբասը՝  նրան ներգրավելով Աստծո Խոսքի երկար ճանապարհորդության մեջ: Գործք Առաքելոց գիրքը ամենուրեք ավետվող Աստծո Խոսքի ճանապարհորդության գիրքն է: Պողոսն ու Բառնաբասը նախ ժամանում են Անտիոք ու Սիրիա, որտեղ ավետարանում են հրեաներին: Անտիոքը դառնում է միսիոներական կենտրոն և հենց այստեղ են հավատացյալներին առաջին անգամ անվանում քրիստոնյաներ:

     

    Գործք Առաքելոց գիրքը ցույց է տալիս Եկեղեցու իրական բնույթը, որը հանդիսանում է ոչ թե ամրոց, այլ վրան, որն ունակ է ընդարձակել իր տարածքն ու առանց բացառության ներս թողնել բոլորին, նրա դռները միշտ բաց են: Սակայն ու՞մ համար դրանք բաց թողնել: Գործք Առաքելոցում մենք տեսնում ենք, որ այդ դռները բաց են հեթանոսների համար: Առաքյալները քարոզում էին հրեաներին, սակայն Եկեղեցու դուռը թակեցին նաև հեթանոսները, որն անսպասելի էր շատերի համար և հանդիսացավ բուռն վեճերի պատճառ: Որոշ հրեաներ հայտարարում էին, որ հեթանոսների փրկության համար անհրաժեշտ է թլփատում անել՝ մինչ նրանց մկրտելը: Այս վեճերի պատճառով Պողոսն ու Բառնաբասը խորհրդակցեցին Երուսաղեմի առաքյալների ու երեցների հետ, և տեղի ունեցավ այն, որը Եկեղեցու պատմության մեջ ստացել է Երուսաղեմի ժողով անվանումը, որի ժամանակ Սուրբ Պողոսը հիմնվում է Գաղատացիներին ուղղված նամակի վրա (2, 1-10):

    Ժողովի ընթացքում քննարկվում  են աստվածաբանական, հոգևոր և կարգապահական հարցեր, կապը Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի և Մովսեսի օրենքի պահպանության միջև:

     

    Երուսաղեմի ժողովը պարզաբանում է, թե ինչպիսի մոտեցում է պետք ցուցաբերել Եկեղուցում առաջացած տարաձայնություններն հաղթահարելու համար և, թե  ինչպես փնտրել «իսկական սերը» (Եփս. 4,15):  Այս իրադարձությունը հիշեցնում է, որ հակամարտությունների կարգավորման եկեղեցական մեթոդը հանդիսանում է երկխոսությունը, որի ժամանակ կողմերը ուշադիր ու համբերատար լսում են միմյանց ու որոշումներ կայացնում Սուրբ Հոգու լույսի ներքո: Հենց Սուրբ Հոգին է օգնում հաղթահարել լարվածությունն ու տարաձայնությունները:

     

    Սրբազան Քահանայապետը եզրափակեց՝ ասելով.

     

    «Խնդրե՜նք Աստծուն, որ ամրապնդի բոլոր քրիստոնյաների, հատկապես եպիսկոպոսների ու երեցների միասնական և պատասխանատու լինելու ցանկությունը: Թող Նա օգնի մեզ երկխոսել, լսել, հանդիպել հավատավոր և անհավատ եղբայրների հետ, որպեսզի աշխարհին ցույց տա՛նք Եկեղեցու պտղաբերությունը, որը բոլոր ժամանակներում կոչված է լինելու «ուրախացող մայր» մեծաթիվ երեխաների համար» (Սղմ. 113, 9):

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց