Երանելի Հայր Ալֆրեդո, բարեխոսի՛ր բոլոր նրանց համար, ովքեր հանձն են առել Տիրոջ Ավետարանի քարոզությունը՝ ամենադժվարին իրավիճակներում
2019թ. հոկտեմբերի 19-ին՝ Առաքելության համաշխարհային օրվա նախօրեին, իտալական Կրեմա քաղաքի մայր տաճարում մատուցված հանդիսավոր Սուրբ Պատարագի ժամանակ, սրբերի կանոնականացման Կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Ջովանի Անջելո Բեչչուն Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի անունից երանելիների շարքը դասեց քահանա Ալֆրեդո Կրեմոնեզիին, ով սպանվել էր 1953թ. Մյանմարում (նախկին Բիրմա)՝ քրիստոնեական հավատքի հանդեպ ատելության պատճառով:
Ալֆրեդո Կրեմոնեզին ծնվել է 1902թ. մայիսի 16-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Լոմբարդիայի շրջանի Կրեմոնա գավառի Ռիպալտա-Կվերինա բնակավայրում: Փոքր հասակում նա հիվանդացել է լիմֆոմայով, բոլորին թվում էր, թե նրա օրերը հաշված են, սակայն շնորհիվ իր աղոթքների, որոնցով հայցում էր Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի բարեխոսությունը, ով հանդիսանում է առաքելությունների երկնային հովանավոր սրբուհին, նա անսպասելիորեն լիակատար բուժվել է: Այս հրաշալի ապաքինումը տղայի մոտ ոչ քրիստոնյաների շրջանում Ավետարանի միսիոներ, առաքյալ դառնալու բուռն ցանկություն է առաջացրել: Այդ ժամանակվանից ի վեր նա իր ողջ կյանքի ընթացքում խոր ակնածանք է դրսևորել Լիզյոյի Սրբուհի Թերեզայի նկատմամբ: 1924թ. հոկտեմբերի 12-ին նա ձեռնադրվել է քահանա և շուրջ մեկ տարի դասավանդել Ջենովայի ծայրամասում գտնվող Փոքր ճեմարանում: Այնուհետև նա առաքելության է մեկնել ասիական Բիրմա երկիրը, որն այդ ժամանակ Անգլիայի գաղութն էր և որտեղ նրան վիճակված էր ծառայելու քսանութ տարի: Մեկնելուց առաջ նա ծնողներին հրաժեշտ տվեց հետևյալ արտահայտությամբ, որն այդ ժամանակ շատ էին կիրառում միսիոներները նման իրավիճակներում. «Կտեսնվե՛նք դրախտում»:
Եվրոպայում սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմը արագորեն հասավ նաև Բիրմա՝ սերմանելով բռնություն ու ծայրահեղ աղքատության մեջ գցելով առանց այդ էլ աղքատ տեղի բնակչությանը: Իր օրագրում հայր Ալֆրեդոն գրել է, որ տարիներ շարունակ իրեն ու իր համայնքին չի բավարարել հաց, շաքարավազ, որ երկրում չեն եղել ճանապարհներ՝ հեռավոր գյուղեր հասնելու համար, և, բացի այդ, արգելված է եղել քարոզել Աստծո Խոսքը: «Հավերժական շարժիչ» – այդպես էին անվանում իտալացի միսիոներին իր ծառայությունից չհրաժարվելու և անխոնջ աշխատելու համար, անգամ այն ժամանակ, երբ նա ուժասպառ է եղել մալարիայից կամ էլ նրան նայել են որպես թշնամու, երբ Իտալիան դարձավ նացիստական Գերմանիայի դաշնակիցը: Նրան տեղափոխեցին երկրի հյուսիսում գտնվող Մոշո քաղաքը, որտեղ նա տառապում էր ցրտից ու սովից՝ տեղի բնակիչների հետ միասին կրելով բոլոր զրկանքները, որոնց քարոզում էր Ավետարանը և որոնք դարձել էին նրա համար հոգեհարազատ:
1948թ-ին պատերազմն ավարտվեց և Բիրման դարձավ անկախ պետություն, սակայն դա միայն նոր փորձությունների սկիզբն էր: Տարբեր էթնիկ խմբավորումների միջև սկսվեցին զինված բախումներ, որոնց ժամանակ Դոնոկ քաղաքը, որտեղ գտնվում էր հայր Ալֆրեդոյի միսիոներական կենտրոնը, գրավվեց հակակառավարական ապստամբների կողմից, այնպես, որ միսիոներ քահանան ստիպված էր թաքնվել անտառում: Նա քաղաք վերադարձավ միայն երկու տարի անց: 1953թ. փետրվարի 7-ին կառավարական բանակի զինվորները մտան քաղաքում՝ ապստամբներ գտնելու համար: Սկզբում հայր Կրեմոնեզիին հաջողվեց նրանց հանգստացնել, սակայն քաղաքը լքելուց հետո նրանք պարտություն կրեցին, որից հետո՝ զայրույթից ու վրեժխնդրության ցանկությունից կուրացած, ետ վերադարձան քաղաք: Առաջինը, ում վրա նրանք իրենց զայրույթը թափեցին, հայր Ալֆրեդոն էր, քանի որ նա քրիստոնյա էր և օտարական: Երկարատև ծաղրանքից ու բռնություններից հետո, նրանք սպանեցին քահանային, ավերեցին եկեղեցին ու այրեցին միսիոներական կենտրոնի մնացած շինությունները: Ականատեսները պատմում էին հայր Կրեմոնեզիի մարդասպանների չլսված դաժանության մասին: Նրանք կրակեցին հայր Ալֆրեդոյի երեսին, երբ նա աղոթում էր: Միայն հաջորդ օրը, երբ ամեն ինչ հանդարտվեց, որոշ հավատացյալներ կարողացան վերցնել իրենց հովվի դին, որպեսզի թաղեին: Հավատացյալները պահպանեցին նրա արյունոտ վերնաշապիկի ու մորուքի որոշ մասնիկներ, որոնք հետագայում պետք է դառնային սուրբ մասունքներ: Քանի որ հավատացյալները գիտակցում էին, որ իրենց սիրելի հայր Ալֆրեդո Կրեմոնեզին, ով տարիներ շարունակ նրանց հետ կիսել էր իրենց ուրախությունը, վիշտն ու տառապանքը, իրենց ձգտումներն ու հույսերը, Քրիստոսի ու Եկեղեցու իսկական նահատակ է:
Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը