• «Բարձրացի՛ր լեռը, որպեսզի կարողանաս տեսնել եղբայրներիդ». Քահանայապետի խոսքը՝ միսիոներներին

    «Յուրաքանչյուր մարդ մի թանկարժեք գանձ է և կյանքի իմաստը կայանում է նրանում, որ այդ գանձը նվիրես ուրիշներին»


    Հոկտեմբերի 20-ի առավոտյան՝ առաքելության 93-րդ համաշխարհային օրը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը տոնական Սուրբ Պատարագ մատուցեց Սուրբ Պետրոսի տաճարում և իր քարոզում ընդգծեց, որ քրիստոնյան պետք է սրտաբաց լինի բոլորի համար, քանի որ առաքելությունը Աստծո մեծագույն պարգևն է, որը նախատեսված է ուրիշների համար:

     

    Մեկնաբանելով կիրակնօրյա Սուրբ Պատարագի ընթերցումը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Աստվածաշնչում Աստծո փրկարար արարքները հաճախ կապված են լեռան հետ. լեռը միշտ էլ եղել է «Աստծո և մարդու մեծագույն հանդիպումների վայրը», և քրիստոնայի առաքելությունը հենց այստեղից է սկսվում.

     

    «Վերևից բոլորին կարելի է տեսնել, որպես մեկ ամբողջություն, այստեղ մենք բացահայտում ենք, որ հենց այս ամբողջականությունն է ներդաշնակություն հաղորդում գեղեցկությանը: Լեռը մեզ հիշեցնում է, որ եղբայրներին ու քույրերին չի կարելի ընտրել, նրանց պետք է գրկել հայացքով և հատկապես քո կյանքով: Լեռը խորհրդանշում է Աստծո և մարդու միասնական գրկախառնությունը՝ աղոթքի մեջ: Լեռը մեզ դեպի վեր՝ դեպի երկինք է բարձրացնում աշխարհի անցողիկ նյութական իրերից, լեռը կոչ է անում կրկին վերագտնել գլխավորն ու անփոխարինելին. Աստծուն և մեր եղբայրներին»:

     

    Բարձրանալը այնքան էլ հեշտ չէ, սակայն դա՛ է գագաթին հասնելու միակ ուղին, որտեղ ճամփորդին մի հիանալի համայնապատկեր է սպասում: Սակայն հանուն դրա պետք է շատ բան թողնել ներքևում և հենց սա՛ է «առաքելության խորհուրդը»,- շեշտեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Ճամփա ընկնելով՝ պետք է ինչ-որ բան թողնել, ավետարանելով՝ պետք է ինչ-որ բանից հրաժարվել: Ավետարանի հավաստի քարոզումը միայն գեղեցիկ խոսքերի շարան չէ, դա նաև քարոզչի պատշաճ կյանքի օրինակն է, շատ նյութական իրերից հրաժարվելու ունակությունն է, որոնք գայթակղում են սիրտը, այն դարձնելով անտարբեր ու ինքնամփոփ»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ իսկական առաքյալը խուսափում է այն ամենից՝ ինչն անօգուտ է ու ավելորդ և, որը կարող է գայթակղել մարդու սիրտը, նա «միշտ ժամանակ է գտնում Աստծո ու մարդկանց համար»: Առաքելության նպատակն է «բարձրանալ լեռը, աղոթել, իջնել ու դառնալ պարգև բոլորի համար»: Աստված անդադար կրկնում է՝ «բոլո՛րը», քանի որ «ոչ ոք չի վտարվել Իր սրտից, Իր փրկությունից: Խոսվում է բոլորի մասին, քանի որ մեր սիրտը պետք է վեր լինի մարդկային անհամաձայնություններից, որի պատճառը եսասիրությունն է, և, որը Աստծուն հաճելի չէ: Յուրաքանչյուր մարդ մի թանկարժեք գանձ է և կյանքի իմաստը կայանում է նրանում, որ այդ գանձը նվիրես ուրիշներին»:

     

    Բարձրանալն ու իջնելը քիրստոնեական կյանքի բաղկացուցիչ մասն է, որը «միշտ գտնվում է շարժման մեջ՝ ընթանալով դեպի ուրիշները»:

     

    «Հիսուսի Վկան երբեք չի կարծում, թե ինքը վաստակել է ուրիշների կողմից ճանաչված լինելը, այլ իր պարտքն է համարում սիրել նրանց, ովքեր դեռ չեն ճանաչում ու սիրում Աստծուն, նա հանդիպման դուրս կգա ցանկացած մարդու հետ, այլ ոչ թե միայն իր խմբակիցների հետ»:

     

    Եկեղեցին արդյունավետ քարոզում է Բարի Լուրը, երբ ապրում է որպես Քրիստոսի աշակերտուհի՝ ամեն օր հետևելով իր Ուսուցչին ու կիսվելով այդ ամենից ստացած ուրախությամբ.

     

    «Չնվաճելով, չհարկադրելով, ստիպելով նորադարձներ (proselite)  չանելով, այլ վկայելով ու ինքն իրեն հավասարեցնելով աշակերտների հետ, հաճույքով կիսվելով ստացած սիրով: Այսպիսին է առաքելությունը՝ մաքուր լեռնային օդ տալ նրանց, ովքեր ապրում են աղտոտված աշխարհում, խաղաղություն բերել աշխարհին, որը մեզ խնդությամբ է լցնում ամեն անգամ, երբ աղոթելիս լեռան վրա հանդիպում ենք Հիսուսին, կյանքով ու խոսքերով ցույց տալ, որ Աստված սիրում է յուրաքանչյուր մարդու ու երբեք ոչ ոքից չի հոգնում»:

     

    Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց, որ անհանգստանում է նրանց համար, ովքեր դեռ չեն ճանաչում Երկնային Հորը, որոնց համար Հիսուս Քրիստոս տվեց Իր կյանքն ու շնորհեց Սուրբ Հոգին: Այս անհանգստությունը քրիստոնյաներին խրախուսում է սիրալիր լինել բոլորի նկատմամբ, քանի որ առաքելությունը «պարզապես ուսերին դրված բեռ չէ, այլ շնորհ է, որով պետք է կիսվել»:

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց