• «Սնունդը դեն նետելով՝ մենք վատնում ենք աղքատների հացը». Քահանայապետի ուղերձը՝ FAO-ին

    Միայն մեկ ճանապարհ կա. հոգ տանել մարդու մասին, հատկապես, նրանց մասին, ովքեր զրկված են սննդից


    Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հատուկ ուղերձ հղեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO):

     

    «Զարհուրելի, անարդար ու տարօրինակ է, որ մեր օրերում սնունդ կա բոլորի համար, սակայն այն ոչ բոլորին է հասանելի, որ աշխարհի որոշ շրջաններում մեծ քանակությամբ սնունդ են սպառում, վատնում ու թափում, կամ էլ այլ նպատակի համար են օգտագործում»,- գրում է Ֆրանցիսկոս Պապը: Պարենի համաշխարհային օրը կոչված է սաստկացնելու «սովից տառապող մեր եղբայրներից շատերի աղաղակը»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ «սնունդը դադարում է մարդու գոյատևման կարևորագույն պայման լինելուց ու դառնում է մարդու մահվան պատճառ»: Աշխարհում 820 մլն մարդ տառապում է քաղցից, դրան զուգահեռ 700 մլն մարդ էլ ունի ավելորդ քաշի խնդիր, որի պատճառը սնվելու վատ սովորություններն են: Այս երևույթն առավել սրված է ցածր եկամուտ ունեցող երկրներում, քանի որ նրանք կրկնօրինակում են զարգացած տարածաշրջանների սննդամթերքի արտադրության մոդելները: Այս «անհավասարության» պատճառով առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը, սիրտ-անոթային հիվանդություններն ու այլ դեգեներատիվ հիվանդություններ, ավելանում է անորեքսիայից և բուլիմիայից մահացողների թիվը:

    «Մենք պետք է փոխենք մեր կենսակերպը, որի համար կարևոր ելակետ է հանդիսանում հենց սնունդը: Մենք ապրում ենք արարչագործության պտուղների շնորհիվ, և դրանք չպետք է ընկլավեն միայն որպես օգտագործման ու տիրապետման առարկաներ»: Անհրաժեշտ է նպաստել նոր կենսակերպի զարգացմանը՝ ձգտելով զսպվածության ու համերաշխության, այս առաքինություններն ուղեկցում են մարդկությանն իր ողջ   պատմության ընթացքում: Պետք է վերադառնալ պարզությանը, սթափությանը, անտարբեր չլինել ուրիշների կարիքների նկատմամբ, որպեսզի ավելի ամրապնդենք համընդհանուր բարգավաճմանը նպաստող «մեր եղբայրական կապերը՝ խուսափելով անհատապաշտությունից ու եսակենտրոնությունից, որոնք առաջացնում են միայն սով և սոցիալական անհավասարություն»: Նման կենսակերպը թույլ կտա զարգացնել առողջ փոխհարաբերություններ նախ ինքներս մեզ հետ, ապա նաև՝ եղբայրների և շրջակա միջավայրի հետ:

     

    Սրբազան Քահանայապետը կարևորում է FAO-ի հանձնառությունը` պաշտպանելու գյուղական ընտանիքներն և ընտանեկան ֆերմերային  տնտեսությունները, քանի որ «հենց ընտանիքում և միայն մայրական ու կանացի նրբազգացության շնորհիվ ենք մենք սովորում օգտվել աշխարհի բարիքներից՝ առանց դրանց չարաշահման, ինչպես նաև գտնում կյանքի բարելավմանը նպաստող լավագույն միջոցներ՝ հարգելով անհատական ու համընդհանուր բարիքը»:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ «սովի ու թերսնման դեմ պայքարը չի դադարի այնքան ժամանակ, քանդի դեռ գերիշխում են շուկայական հարաբերությունները և ցանկացած գնով շահույթ ստանալու տրամաբանությունը, որոնք սննդամթերքը վերածում են առևտրի հասարակ ապրանքի և ֆինանսական շահարկումների առարկայի՝ խեղաթյուրելով սննդամթերքի մշակութային, սոցիալական և խորհրդանշական արժեքը»: Միայն մեկ ճանապարհ կա. հոգ տանել մարդու մասին, հատկապես, նրանց մասին, ովքեր զրկված են սննդից: «Երբ մարդը զբաղեցնի իրեն արժանի տեղը, մարդասիրական օգնության ձեռնարկներն ու զարգացման ծրագրերը առավել մեծ ազդեցություն կունենան ու կտան ցանկալի արդյունքներ: Չպետք է մոռանալ, որ այն ինչը մենք կուտակում ու վատնում ենք, դա աղքատներին պատկանող հացն է»,-շեշտում է Քահանայապետն իր ուղերձի վերջում:

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց