«Եթե մեկ միլիոն մանուկներ աղոթեն Վարդարան, աշխարհը կփոխվի». Սուրբ Հայր Պիո
2019թ. հոկտեմբերի 18-ին Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդաց միությունը Տիրամոր Վարդարանով ուխտագնացություն կատարեց դեպի Լոռու մարզում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտչին նվիրված մատուռը, առաջնորդությամբ Բավրայի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քհն. Գալստյանի: Վարդարանի աղոթքով այս ուխտագնացությամբ երիտասարդները միացան աշխարհի տարբեր կաթողիկէ համայնքներում նույն օրը տասնյակ հազարավոր մանուկների միասնական Վարդարանի աղոթքին, որը նախաձեռնել է «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» (Aid to the Church in Need) կաթողիկէ եկեղեցական բարեգործական կազմակերպությունը՝ հանուն խաղաղության և միասնության՝ հետևելով Սուրբ Հայր Պիոյի խոսքերին. «Եթե մեկ միլիոն մանուկներ աղոթեն Վարդարան, աշխարհը կփոխվի»:
Սուրբ Հովհաննես մատուռը, որ գտնվում է ծովի մակարդակից 2197մ. բարձրության վրա, շատ սիրված է հավատացյալների կողմից: Մատռան զորությանը հավատալով և Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ հավատացյալները ընդունել են բժշկություններ ծանր հիվանդություններից, շնորհներ և օրհնություններ: Չնայած զառիվեր ճանապարհը բավական դժվար էր և երեկոյան ժամ էր, բայց երիտասարդները Վարդարան աղոթելով՝ բարձրացան մինչև լեռան գագաթին գտնվող մատուռը՝ իրենց դժվարությունը նվիրելով Աստվածամորը և Սուրբ Հովհաննես Մկրտչին՝ խնդրելով խաղաղություն և մեղքերի քավություն: Մատռան մոտ Վարդարանից հետո միասնաբար երգեցին Լիթանիա Սուրբ Կուսին, ապա բարեխոսական աղոթք ուղղեցին Սուրբ Հովհաննես Մկրտչին՝ իրենց համայնքի և ընտանիքների սրբության, աղոթական ջերմեռանդության և առ Աստված սիրո զորացման դիտավորություններով: